Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր մայիսի 6—ին տեղի ունեցած ընտրություններում 5—րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական մանդատները։ 5—րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է վեց խմբակցություն՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» եւ ՀՅԴ։ Մինչ այս, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի համար թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու համար ժամկետ էր տրվել, որն ավարտվել էր մայիսի 25—ին։ Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել 67 թեկնածուներ, «Բարգավաճ Հայաստանից» ինքնաբացարկ հայտնողների թիվը 28—ն էր, «Հայ ազգային կոնգրեսից» ինքնաբացարկ հայտնել են երկուսը՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը եւ Արամ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնել են 3—ը՝ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղից ինքնաբացարկ հայտնել է միայն մեկը՝ Լարիսա Ալավերդյանը, իսկ դաշնակցությունից՝ Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանը։ Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31—ին, սակայն չի բացառվում, որ ինքնաբացարկները շարունակվեն։
|