Ֆրանսիայի գրեթե 18 մլն հեռուստադիտողներ ուղիղ եթերում հետեւել են Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի միջեւ մայիսի 2—ի երեկոյան անցկացված նախընտրական հեռուստաբանավեճին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», մայիսի 3—ին հաղորդել է Mediametrie մասնագիտացված հետազոտական ընկերությունը։ Հեռուստաբանավեճի հեռարձակումը կազմակերպել էին TF—1—ը եւ France 2—ը, այն վերահաղորդվել էր BFM—TV, iTele, LCI, LCP եւ TV5—Monde—ի կողմից։ Յոթ ալիքների միագումար հեռուստալսարանը կազմել է 17,79 մլն մարդ։ Պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների միջեւ հեռուստաբանավեճի ընթացքին կարող էին հետեւել հինգ ազգային ռադիոկայանների ունկնդիրներ։ Սարկոզին, որը ներկայացնում է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, պաշտպանում էր իր տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իր ղեկավարությամբ Ֆրանսիայում 2009 թվականից ի վեր տնտեսական անկում չի եղել։ Օլանդը՝ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածուն, պնդում էր, որ Ֆրանսիան լուրջ ճգնաժամ է ապրում եւ դժվարությամբ է պահպանում տնտեսական աճի նույնիսկ դանդաղ տեմպը։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Օլանդը յոթ տոկոսային կետով առաջ է գործող նախագահից։ Սարկոզիի համար սա թերեւս վերջին հնարավորությունն էր ապրիլին կայացած ընտրությունների առաջին փուլում Օլանդի տարած հաղթանակից հետո խլելու նախաձեռնությունը առաջիկա կիրակի օրը կայանալիք քվեարկությունից առաջ։ Մինչդեռ թեկնածուներից ոչ մեկը բացահայտ առավելության չի հասել ընդդիմախոսի նկատմամբ, ինչն ավելի շուտ կարող է ձեռնտու լինել Օլանդին։ Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է օգնել կարիքավորներին այն դեպքում, երբ Սարկոզին մտահոգված է հասարակության արտոնյալ խավի շահերի պաշտպանությամբ։ Սոցիալիստների թեկնածուն Սարկոզիին մեղադրել է այն բանում, որ նա հանձն չի առել Ֆրանսիայի տնտեսական դժվարությունների համար պատասխանատվությունը՝ դրանք արդարացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամով։
|