Հայկական հագուստը միջազգային սպառողին կներկայանա մեկ ապրանքանիշի ներքո
Հայաստանի տեքստիլ եւ հագուստի արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից ընդունված 11 արտահանման ուղղվածություն ունեցող ռազմավարական ոլորտներից է։ Հիշենք, որ դեռեւս ԽՍՀՄ տարիներին այդ ոլորտը երկրում ամենազարգացածներից էր, եւ արտադրությունը մեծ պահանջարկ ուներ ու ապահովում էր նաեւ մեծաքանակ զբաղվածություն։ Սակայն, նկատենք, որ այսօր արտադրական մի շարք ձեռնարկություններ գործում են իրենց արտադրական հնարավորություններից ավելի ցածր պայմաններում, մինչդեռ ոլորտի ներուժը մի քանի անգամ ավելի մեծ է։ Խնդիրն այն է, որ այսօր որոշ հագուստ արտադրող ընկերություններ ունեն խնդիրներ թե՛ արտահանման շուկաների, թե՛ մրցունակ արտադրանքի թողարկման, թե՛ շուկայավարման, թե՛ մասնագիտացված կադրերի առումով։
Այս ընկերությունները հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկություններ են, որոնց արտադրանքը թեեւ չի զիջում նմանատիպ ներկրվող արտադրանքներին, սակայն մրցունակ չէ որոշ գործոնների բացակայության պատճառով։ Անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ ոլորտի վերականգնման, արտադրողականության եւ մրցունակության բարձրացման համար։ Ուստի ՀՀ կառավարությունը ոլորտի արտահանման խթանման ուղղությամբ ռազմավարություն է մշակել, որը պիտի նպաստի ե՛ւ աշխատատեղերի ստեղծմանը, ե՛ւ արտադրանքի ընդլայնմանը։
Ոլորտի առավելությունների շահավետ օգտագործման, ինչպես նաեւ Մաքսային միության անդամ երկրների հետ արդյունաբերական հարաբերությունների վերականգնման նպատակով ՄԱԿ—ի հայաստանյան ներկայացուցչության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է ծրագիր, որն ուղղված է ինչպես մրցունակ արտադրանքի թողարկմանը, այնպես էլ արտահանման շուկաների ընդլայնմանը։ ՄԱԿ—ի արդյունաբերության զարգացման «Արտահանման ներուժ ունեցող ոլորտների մոդեռնիզացում եւ մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագիրը երկամյա է եւ մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսից, ձեւավորվել է համապատասխան խորհուրդ՝ բաղկացած ե՛ւ ՄԱԿ—ի, ե՛ւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից։
UNIDO—ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջեւ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է հունիս—հուլիս ամիսներին, ինչի արդյունքում ՄԱԿ—ին հատկացվել է դրամաշնորհ՝ մեկնարկելու այս պիլոտային ծրագիրը։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է աջակցել տեղական ձեռնարկությունների՝ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների զարգացման ռազմավարության իրականացմանը՝ մասնավորապես հագուստի եւ տեքստիլ արդյունաբերության զարգացմանը, արտադրողականության եւ մրցունակության բարձրացմանը։
Ըստ ՄԱԿ—ի արդյունաբերության զարգացման «Արտահանման ներուժ ունեցող ոլորտների մոդեռնիզացում եւ մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանի, ծրագրի վերջնական նպատակն է ապահովել տեքստիլ հագուստի արտադրության արտահանման աճը։ Ինչպես մանրամասնեց ծրագրի ղեկավարը, այն նախատեսում է ձեռնարկությունների տեխնիկական հնարավորությունների բարելավում, դիզայնի եւ մոդելավորման նորարարական մոտեցումների կիրառում, միջազգային գործարար կապերի ստեղծում եւ համագործակցության ընթացքում աջակցության տրամադրում։ Ծրագրի առանձնահատկությունը նաեւ այն է, որ շեշտադրվելու են ոչ ավանդական իրացման շուկաների հայտնաբերումը, ինչպես նաեւ պահանջարկի բարելավումը՝ հաշվի առնելով արտադրանքի նկատմամբ քանակական եւ որակական պահանջները։ Կիրականացվի նաեւ գիտելիքների եւ փորձի փոխանցում, որը ՄԱԿ—ը կուտակել է տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում նմանատիպ ծրագրեր իրականացնելով։
Ի՞նչ մեխանիզմով է իրականացվելու հայկական կարի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մոդեռնիզացումը։ Ըստ ծրագրի ղեկավար Ա. Գրիգորյանի՝ որպեսզի ընկերությունները հզորանան եւ կարողանան մրցունակ արտադրանք թողարկել՝ պետք է միավորվեն մեկ ընդհանուր բրենդի ներքո։ Նշենք, որ աշուն—ձմեռ հավաքածուով մեկ ապրանքանիշի ներքո արդեն արտադրանք է թողարկվել, որը ցուցադրվել է այս տարի՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ։ «Համատեղ ջանքերով ստեղծված հագուստը բավական մեծ ուշադրություն գրավեց այցելուների շրջանում, ինչը վստահություն ներշնչեց այն առումով, որ ստեղծված նոր հավաքածուն սիրվեց եւ ընդունվեց սպառողների կողմից։ Առաջին քայլը արտադրանքի դիվերսիֆիկացումն էր։ Մեզ շատ ուրախացրեց տեղական շուկայի արձագանքը, ինչը խրախուսեց մեր հետագա գործունեությունը։ Բացի արտահանում իրականացնելուց, մեկ ապրանքանիշի ներքո ստեղծված արտադրանքը նպատակադրված ենք նաեւ տեղական շուկայում կենտրոնացված վաճառել»,–ասաց Արաքսյա Գրիգորյանը։
Ծրագրի հենց սկզբում ներառվել է հայկական հագուստի արտադրությամբ զբաղվող 8 ձեռնարկություն, որոնք ընտրվել են որոշ արտադրական չափանիշների համաձայն, մասնավորապես ապահովված են եղել կայուն ֆինանսով, համապատասխան աշխատակիցներով, մոդելավորող կոնստրուկտորներով, արտահանման ներուժով եւ աշխատասիրությամբ, ինչն ըստ զրուցակցիս՝ ամենակարեւոր նախադրյալներից է։
«Ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է հիմնականում պատվերների հիման վրա եւ կատարում է որոշակի մեխանիկական աշխատանք՝ վաճառելով իրենց աշխատուժը։ Սակայն ստացված եկամուտներով ընկերությունները չեն կարողանում երկարաժամկետ հատվածում մշակել ընկերության զարգացման ռազմավարությունը եւ հոգում են միայն օրվա ծախսերը։ Ուստի մեր հիմնական խնդիրը ձեռնարկություններին շուկայավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական կառավարման, ռազմավարության մշակման հմտություններ հաղորդելն է եւ արտադրանքը մրցունակ դարձնելը միջազգային շուկայում։ ՄԱԿ—ը այս ոլորտում ունենալով մեծ կենսափորձ եւ աշխատելով շատ երկրներում՝ ներգրավել է միջազգային փորձագետների, ովքեր այս բոլոր ուղղություններով համագործակցում են ընկերությունների հետ՝ օգնելով իրականացնել արդյունավետ մենեջմենթ»,–նշեց ՄԱԿ—ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանում այս ոլորտը կարող է զարգանալ եւ վերականգնել երբեմնի ներուժը, երբ ընկերությունները միավորվեն։ Երկիրը հավակնում է դառնալ ոչ միայն պատվերներ ընդունող, այլեւ սեփական տեքստիլ արտադրանքը թողարկող, միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդող սեփական ապրանքանիշն ունեցող երկրներից։
Ծրագրի մեկնարկից առ այսօր ձեռնարկությունների արտադրած հագուստը ծրագրի շրջանակներում սկսեց հղկվել, մշակվել, առաջարկվեց կտորի ընտրություն, նոր ոճ, որն ավելի մոդեռն ու մրցունակ կլինի արտահանման տեսանկյունից։ Տարբերությունը մինչ մոդեռնիզացումը, ծրագրի ղեկավարի հավաստմամբ, շատ մեծ էր. «Կազմակերպություն կար, որն արտադրում էր սպորտային հագուստ բավական բարակ կտորից, այսօր նրանք արդեն կարողանում են արտադրանք թողարկել երկկողմանի կտորից կարված հագուստներով»։
Ծրագիրը առաջին հերթին նպաստելու է մեկ ընդհանուր ապրանքանիշի ձեւավորման եւ նույնանուն բրենդի ներքո պատվերներ ընդունելու գործընթացին։ Կներդրվի իտալական դիզայնի դպրոց, որի ներմուծողը կլինի «Ատեքս» նորաձեւության կենտրոնը։ Կենտրոնի մասնագետները ծրագրի շրջանակներում արդեն վերապատրաստվել են Միալի Բուրգո ինստիտուտում՝ նոյեմբեր ամսին կնքված պայմանագրի համաձայն։
«Բավական արդյունավետ է ծրագի ընթացքը, հավաքածուները գրավիչ են եւ առանձնանում են ըստ սեզոնայնության։ Աշխատանքներ են տարվում նոր պատվերներ ներգրավելու ուղղությամբ։ Կան մասնագետներ, ովքեր զբաղվում են մարքետինգով, բրենդը առաջ մղելու ուղղությամբ»,–վստահեցրեց ծրագրի ղեկավարը։
Նշենք, որ ձեռնարկությունները հիմնականում գործում են մայրաքաղաքում։ Իսկ ինչքանո՞վ է այդ ընկերությունների համար շահեկան դարձել մեկ բրենդի ներքո արտադրանք թողարկելը։
«Միավորվելը հայ իրականության մեջ բավական բարդ գործընթաց է»,–խոստովանեց զրուցակիցս, սակայն շտապեց փաստել, որ այդ պարագայում գործունեությունը դառնում է առավել արդյունավետ, կրճատվում են ծախսերը, մեծանում արտադրական ծավալները։ Մեկ ապրանքանիշի ներքո սովորաբար սեզոնային հավաքածուների իրացումը ավելի դյուրին է դառնում։ Առկա տեխնիկական հմտությունները հնարավորություն են տալիս ընդհանրացված մենեջմենթ իրականացնել, ինչը անհատական ձեռնարկությունների պարագայում դժվար է կազմակերպել։
Ի վերջո ինչպիսի՞ հայկական բրենդի ներքո է ներկայանալու համատեղ ծրագրի արդյունքում թողարկված հայկական արտադրանքը։ Նշենք, որ ընտրված տարբերանշանը՝ լոգոն. «BC 5900 Armenia»–ն ունի իր առանձնահատուկ խորհդանիշը։ Այս անվան ներքո է միջազգային սպառողին ներկայանալու հայկական հագուստը։ Ա. Գրիգորյանը մանրամասնեց լոգոյի ընտրությունը։
Առաջին կիսաշրջազգեստը, որը պատրաստված է եղել ծղոտից, հայտնաբերվել է Արենի գյուղի քարանձավում 5900 տարի առաջ, իսկ առաջին կաշվե կոշիկը, որը եւս հայտնաբերվել է նույն տարածքում, ունի արդեն 5500 տարվա թվագրություն։ Իսկ BC–ն անգլերենի հապավում է, որը թարգմանաբար կոչվում է ամենալավ հավաքածու։
Ծրագիրը երկամյա է եւ պիլոտային։ Նմանատիպ ծրագրեր իրականացվել են այլ երկրներում եւս, սակայն ավելի մեծ բյուջեներով եւ մեծ ժամկետներով։ Որո՞նք են լինելու արտահանման հիմնական ուղղությունները։
«Մեզ համար արտահանման տեսանկյունից առաջնայինը ռուսական շուկան է, որը շատ մեծ է, սակայն պետք է արտահանենք նաեւ այլ երկրներ՝ Եվրոպա։ Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արդյունաբերության քաղաքականության ռազմավարությանը։ Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի հագուստի եւ տեքստիլի արդյունաբերության վերականգնմանը, երկրի դիրքի ամրապնդմանը ավելացված արժեքի արդյունաբերական շղթայում, ինչպես Մաքսային միության այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ—երկրների շրջանակներում»,–պատասխանեց Արաքսյա Գրիգորյանը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|