Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 6—ին տեղի ունեցած քվեարկության վերահաշվարկի մասին դիմումները։ Վերահաշվարկ իրականացնելու պահանջ է ներկայացվել համամասնական ընտրակարգով 17, մեծամասնականով՝ 33 ընտրատեղամասերում։ Վերահաշվարկն իրականացվում է մայիսի 8—ից։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վերահաշվարկն իրականացվում է հրապարակային, դիմումատուի մասնակցությամբ։ Այն բաց է դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Նա նշեց, որ վերահաշվարկը պատասխան կլինի նաեւ լցոնումների մասին շրջանառվող լուրերին։ ԿԸՀ նախագահը մանրամասնեց, որ համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում ստացվել է ՀԱԿ—ի 4 վստահված անձից՝ 8 տեղամասերում (ընդհանուրի 0.4 տոկոսը), ԲՀԿ—ից դիմում է ներկայացրել 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությունից՝ 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), ՕԵԿ—ից՝ 5 վստահված անձ՝ 5 տեղամասում (0.2 տոկոս)։ Եվս մեկ ընտրատեղամասում վերահաշվարկ կանցկացվի ԿԸՀ—ի սեփական նախաձեռնությամբ։ Տ. Մուկուչյանը մեկնաբանեց նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ այս ընտրություններում բաժանվել է 2 եւ կես մլն դոլար ընտրակաշառք. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրություն է իրականացվել, ինչ մեթոդոլոգիայով են կատարվել այդ հարցումները, եւ եթե ինձ հայտնի չեն նման մեթոդոլոգիա, ընտրանքի ձեւերը, հետազոտության բնույթը, ապա այդ հետազոտությունն ինձ համար անհասկանալի է»։ Նա ասաց, որ ընտրակաշառքի հեղինակը պետք է պատժվի, իսկ դրա համար անհրաժեշտ են հստակ փաստեր։ ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ խորհրդարանական այս ընտրությունները էական տեղաշարժ էին ընտրական ողջ գործընթացում. «Այն երբեւէ այնքան թափանցիկ, հրապարակային, վերահսկելի եւ տեսանելի չի եղել, որքան այս անգամ։ Կան առանձին թերություններ, դեպքեր, մասնավոր օրինակներ, սակայն պետք է այդ ամենը գնահատել ընդհանուրի մեջ»։ Իբրեւ «արտառոց» դեպք՝ նա մատնանշեց, որ քվեարկության օրը կարելի էր զբաղվել բացահայտ քարոզչությամբ։ Ինչ վերաբերում է անվավեր քվեաթերթիկների թվին, ապա Տ. Մուկուչյանը մեկնաբանեց, որ եթե այն բաժանենք տեղամասերի թվի վրա, ապա տոկոսային հարաբերակցությամբ ստացվում է նորմալ թիվ։
Մեխանիկական սխալ է եղել
Քվեարկության արդյունքների մասին բոլոր տեղեկությունները հրապարակային են, տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում, եւ ամբողջ հանրապետությունում առկա չէ որեւէ մարզ, որտեղ ամրագրվել է 100 տոկոս մասնակցություն, ասաց Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Մանուկյանը երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե ԿԸՀ—ն «խայտառակ թվեր» է ներկայացնում ընտրություններին մարդկանց մասնակցության մասին եւ նշել, որ «կան ընտրատարածքներ, որտեղ ավելի շատ մարդիկ են մասնակցել, քան կան ցուցակներում»։ Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ—ն ըստ ընտրատեղամասերի տվյալներն ստացել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով, եւ չի բացառվում, որ այդ ժամանակ սխալ մուտքագրված տվյալներ լինեն։ «Հենց դա է պատճառը, որ ընտրական օրենսգիրքը այդ գործառույթի անունը դրել է արդյունքների նախնական հրապարակում։ Որովհետեւ նախնական հրապարակումից մինչեւ վերջնական հրապարակում կա ժամկետ, որի ընթացքում բոլոր փաստերն ու փաստաթղթերը ստուգվում են»,–հավելեց Մուկուչյանը։ 100 կամ ավելի տոկոս մասնակցությամբ մարզեր չեն եղել, բայց եղել են ընտրատեղամասեր, օրինակ՝ 10/34 ընտրատեղամասը, որը քրեակատարողական հիմնարկ է, եւ որի ցուցակում եղել են 34 քաղաքացիներ։ Ավելին, քվեարկության օրը մեկ մարդ եւս տեղափոխվել է ՔԿՀ, ինչի պատճառով էլ այդքան մասնակցություն է եղել, բայց քվեարկության մասնակիցների թիվը չի հասել 100 տոկոսի։ «Նշվում էր, որ տեղամասում մասնակիցների թիվը կազմում է 102 տոկոս, ստուգվել է արձանագրությունը եւ փաստվել, որ առկա է մուտքագրմամբ ամրագրված մեխանիկական սխալ։ Երբ համադրում ենք թվային տվյալները, ստացվում է, որ սխալը մեխանիկական վրիպակի արդյունք է՝ եղել է 84 ընտրող ըստ ցուցակի, մասնակցել է 66 ընտրող, սակայն հրապարակվածում մեխանիկական սխալի արդյունքում նշվել է 86 թիվը»,–Ա. Մանուկյանի հայտարարությանը պատասխանեց ԿԸՀ նախագահը։ Ինչ վերաբերում է հանրահավաքում ՀՀՇ նախագահի հայտարարությանը Վայքի մասին, երբ Մանուկյանն ասել էր, որ այստեղ 100 տոկոս մասնակցություն է արձանագրվել, Մուկուչյանն ասաց, որ Վայքում գյուղական մեկ համայնք կա, որտեղ բնակվում են 80 ընտրողներ։ «Նշված պարագայում բոլորն էլ մասնակցել են քվեարկությանը, եւ այժմ տեղամասային ընտրական հանձնաժողովի ներկայացրած արձանագրությունը ընտրատարածքային հանձնաժողովի կողմից դարձվել է քննարկման առարկա, որով պետք է պարզվի, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը»,–հայտարարեց Տ. Մուկուչյանը՝ շեշտելով, որ չկա որեւէ մարզ, որտեղ ամրագրվել է 100 տոկոս մասնակցություն։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
|