ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 26 » Հանգուցալուծման որոնումներում /Ներքաղաքական փոխհամաձայնությունը կպահանջի ուժերի գերագույն լարում/
11:06
Հանգուցալուծման որոնումներում /Ներքաղաքական փոխհամաձայնությունը կպահանջի ուժերի գերագույն լարում/

Երեկ առավոտյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով ափսոսանք է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները չեն կայացել։ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ դրա պատճառը Փաշինյանի միակողմանի պահանջներն են հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման վերաբերյալ։
«Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները»,–հայտարարել է ՀՀ նախագահը։
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի՝ ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։
Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժամանակի վրա է խաղում, ցանկանում է փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, մինչդեռ իրենց նպատակը մի հանրապետականին մի ուրիշ հանրապետականով փոխարինելը չէ։
«Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որեւէ թեկնածուի»,—ասել է նա եւ նշելով, որ այդ թեկնածուն հնարավոր է լինի «Ելքի» թեկնածուն։
Նա պնդել է, որ ՀՀԿ—ն չպետք է անցկացնի արտահերթ ընտրություններ, քանի որ իրենք վստահ են, որ այդ դեպքում ոչինչ չի փոխվի։
Փաշինյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպումներ եւ զրույցներ է ունեցել ԵՄ դեսպանների հետ, նախատեսում է հանդիպել նաեւ ԱՄՆ եւ ՌԴ դեսպանների հետ։
Առավոտից ոստիկանությունը զրահատեխնիկա, փշալարեր տեղափոխող մեքենաներ, ոստիկանական ուժեր եւ այլ տեխնիկա է տեղափոխել Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակը։
Իսկ Փաշինյանը իր կողմնակիցների հետ Հանրապետության հրապարակից սկսել է իր երթը՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոց եւ միանալ խաղաղ բողոքի ակցիաներին։ Նա հայտարարել է, որ սա ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է։ Երթի մասնակիցները հրապարակից իջել են Խորենացու փողոց, որտեղից շարժվել են Էրեբունի վարչական շրջան, այստեղից Տիգրան Մեծի պողոտայով վերադարձել են Հանրապետության հրապարակ։
Ակցիաների ակտիվիստները ամբողջ ցերեկը շրջափակել են մայրաքաղաքի խաչմերուկները, գլխավոր փողոցները, վանկարկումներով պահանջել իշխող կուսակցության հրաժարականը։ Ընդհանուր առմամբ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար էր, եւ քաղաքի մի վայրից մյուսը հասնել ցանկացող մարդիկ ակամա դառնում էին քայլերթի մասնակիցներ։
Օրվա ընթացքում տեղեկություններ են տարածվել Գյումրիում, Վանաձորում եւ այլուր ի պաշտպանություն ցուցարարների տարբեր գործողությունների՝ երթերի, ճանապարհներ փակելու մասին։
Երթի ընթացքում Փաշինյանը նշել է, որ փակվել է Բագրատաշենի մաքսատունը, ինչին ի պատասխան ՊԵԿ—ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտարարել են. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ ոչ միայն Բագրատաշենի, այլ նաեւ հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»։
Ի դեպ, հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւս մեկ հրաժարականի պահանջով. «Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, եւ ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։
Երեկոյան տեղի է ունեցել հանրահավաք։ Մի շարք ելույթներին հաջորդել է Նիկոլ Փաշինյանի ծավալուն անդրադարձը օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, գնահատականներին եւ շարժման առաջիկա անելիքներին ու խնդիրներին։
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ պատրաստ են բանակցությունների. «Այդ բանակցությունները, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցմանը։ Պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի, ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»։
Նրա խոսքով՝ ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն առկա քաղաքական իրողությունների հետ եւ կոնսենսուսով առաջադրեն թեկնածու՝ հենվելով ԱԺ կանոնակարգ օրենքի եւ Հայաստանի օրենսդրության վրա։
Փաշինյանը նշել է նաեւ, որ ապատեղեկատվություն է տարածվում, թե Սերժ Սարգսյանը լքել է երկիրը. «Սերժ Սարգսյանի եւ որեւէ քաղաքացու նկատմամբ վենդետայի դրսեւորում չկա։ Սերժ Սարգսյանը չի հեռանում Հայաստանից եւ ճիշտ է անում»։
Հարթակից ունեցած ելույթների ընթացքում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ է ունեցել նաեւ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով կոչ է արել քաղաքացիներին պահպանել փողոցային երթեւեկության կանոնները, պահպանել նաեւ հրապարակի մաքրությունը, քանի որ վերջին օրերին նկատվել են նշված կանոնների խախտումներ։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018