ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 13 » Հարկային բեռի թեթեւացում /Կքննարկվի եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը/
09:28
Հարկային բեռի թեթեւացում /Կքննարկվի եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
 Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել։ 
Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի եւ հարկային վարչարարության վերաբերյալ էր։ «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաեւ գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում։ Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաեւ ապահովել երկարատեւ, ֆունդամենտալ եւ հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ։ Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաեւ բյուջետային կայունությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10–օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները եւ գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման եւ հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ։
Վարչապետի պաշտոնակատարի մյուս հանձնարարականը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր։ «2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը եւ արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15–օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուժությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում եւ ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։
Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատմանը։ «2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։ Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը եւ հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին 1–ամսյա ժամկետում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ եւ ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը եւ մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։
Կարեն Կարապետյանը հանձնարակական է տվել նաեւ հանրապետական գործադիր մարմինների 2018թ. գործունեության վերաբերյալ։ «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին՝ ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1–ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված եւ ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների եւ ղեկավարների, ինչպես նաեւ մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը եւ զեկուցումը, ինչպես նաեւ ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։
Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաեւ ոստիկանության պետին 1–ամսյա ժամկետում համատեղ քննարկել եւ, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի եւ վերջի նշանների եւ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։ «Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաեւ արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։ 
Նիստի վերջին հանձնարարականն էներգախնայողական ռեժիմների վերաբերյալ էր։ «2017 թվականի փետրվարի 2–ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլը։ Կարեւորելով էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը եւ պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին եւ ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը եւ ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ»,–ասել է Կարեն Կարապետյանը։ Հանձնարարվել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ եւ պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։


Կարեւորվել է էներգախնայողությունը
 

Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգարդյունավետության տեխնիկական կանոնակարգը։ Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձեւաչափի ներդրմանը, շենքերում էներգարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման եւ օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը եւ տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը։ Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը եւ դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները։ Կկարգավորվեն նաեւ բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեն վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։
Կարեւորելով ընդունված որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ըստ այդմ շենքերի էներգարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում։
Կառավարությունը հաստատել է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը միտված է ընկերության արդյունավետ եւ թափանցիկ կառավարմանը, կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Ծրագրի արդյունքում կապահովվի անվտանգ եւ հուսալի էլեկտրահաղորդման համակարգ։


Գործնական քայլեր. «Ազգ–բանակ» հայեցակարգ
 

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ–բանակ» հայեցակարգի իրականացմանը։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչեւ հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ–բանակի» իրականացման առումով շատ կարեւոր չորրորդ քայլը։ Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից եւ ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության ծրագրից եւ վերաբերում էր բանակաշինությանը, բանակ–հասարակություն կապի ամրապնդմանը։ «Երկրորդ կարեւոր քայլը իրավական էր։ Մենք երկու կարեւոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները եւ հարմարեցրեցինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրեցինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին։ Երրորդ կարեւոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է։ Չորրորդ կարեւոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի»,–պարզաբանել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։
Այսպիսով՝ կառավարությունը սահմանել է.
–բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը։ Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները եւ ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը եւ ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու եւ/կամ հեռացնելու պայմանները։
–նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները։ Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող եւ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության (թեստավորման միջոցով), թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու եւ տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը։
–սպորտի, գիտության եւ կրթության, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգերն ու պայմանները։ Ըստ այդմ՝ սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակում իրականացվող ընթացակարգերը, նախատեսվում են համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումների չափորոշիչները, ինչպես նաեւ տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները։
–ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը եւ պատվովճարի տնօրինման ուղղությունները։ Որոշման համաձայն սահմանվում է այդ զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու եւ ստացված մեկ ամսվա գումարը մինչեւ զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Սահմանվում են նաեւ պատվովճարի տնօրինման ուղղությունները։
–զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձեւակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի եւ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների։
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կապահովվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման գործընթացների, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների եւ դրանց գործունեության կարգերի հաստատման, փորձաքննության եզրակացությունների ձեւերի սահմանման, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը սահմանելու, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի պատշաճ իրականացումը, փորձաքննության կարգի նվազ խոցելիությունը եւ հանրային թափանցիկությունը, կբացառվեն ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները եւ փորձաքննական սահմանային ախտորոշումները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գտնվող շենք–շինությունները եւ հողամասը հետ վերցնել եւ նվիրել Գյումրիի քաղաքային համայնքին՝ ըստ կարիքների օգտագործելու համար։


Բանկային երաշխիք
 

Բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ձեւով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Այն հնարավորություն կտա մասնակիցներին առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ եւ մասնակցել գնման գործընթացներին։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը վերապահված գործառույթների փոփոխություններ ծառայությունների մատուցման ոլորտում։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ նախարարությանը վերապահված գործառույթները հստակեցնելու նպատակով։


Կապահովվի թափոնների արդյունավետ կառավարումը
 

Կառավարությունը հավանություն է տվել արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը եւ դրանից բխող 2018–2021թթ. միջոցառումների ծրագրին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների էկոլոգիապես արդյունավետ օգտահանման եւ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները եւ նպատակները, նախադրյալներ ստեղծել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի գիտակից կառավարման համակարգի» ներդրման համար, որով կապահովվի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարումը եւ օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծումը։
Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեվում է Սեւանա լճից 2018 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն խմ։ Հիմնավորման համաձայն՝ մարտի 5–ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ։


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Հավանություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծում արտացոլված են, մասնավորապես, հետեւյալ նորամուծությունները՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են եւ ներառվել են այնպիսի սկզբունքները, որոնք սահմանված չեն նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են եւ չունեն ուղղորդող լուծումներ։ Սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները։ Մասնավորապես, իրավաբանական անձինք սահմանվել են որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ։ Նախագծում կարգավորվել են նաեւ մի շարք հիմնարար նշանակություն ունեցող դրույթներ։ Մասնավորապես, եթե իրավաբանական անձի նկատմամբ նշանակվել է վարչական պատասխանատվություն, ապա դա չի ազատում պատասխանատվությունից տվյալ զանցանքի կատարման համար մեղավոր ֆիզիկական անձին, եւ հակառակը, եթե ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվել է վարչական պատասխանատվություն, ապա դա չի ազատում տվյալ զանցանքի կատարման համար վարչական պատասխանատվությունից իրավաբանական անձին։ Այսպես, ամրագրվել են իրավաբանական անձի եւ ֆիզիկական անձի միաժամանակյա պատասխանատվություն նախատեսելու համար որոշակի չափանիշներ։ Սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ եւ պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության եւ տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից։ Արմատապես վերանայվել են վարչական ձերբակալման հիմքերը։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Առաջարկվող իրավակարգավորումը բխում է օրինականության, արդարության, խտրականության բացառման սկզբունքներից եւ կոչված է ապահովել քրեական վարույթի պատշաճ ընթացքն ու անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը։ Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնին, օրենքով նախատեսված դեպքում, փոփոխել եւ լրացնել ինչպես առաջադրված մեղադրանքը, այնպես էլ մեղադրանքն առհասարակ՝ համապատասխան որոշմամբ փոփոխություններ կատարելով անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ այն դեպքերում, երբ մեղադրյալը բացակայում է քննությունից։ Բացի այդ, նախագիծը միտված է օրենսգրքում հստակորեն ամրագրելու քրեական հետապնդման մարմինների (քննիչ, հետաքննության մարմին) դատավարական բնույթի պարտականությունները մեղադրյալի հետախուզման իրականացման գործընթացում։    
Հավանության է արժանացել «Տրանսպորտի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում նախատեսվում է կանոնակարգել տիեզերական գործունեությունը։    Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել տիեզերական գործունեության հասկացությունը եւ այն ընդգրկել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում՝ սահմանելով պետական տուրք։ Նկատի ունենալով գործունեության առանձնահատկությունները եւ զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքը՝ օրինագծով նախատեսվել է հարկային արտոնություններ՝ ԱԱՀ–ի 0 տոկոս դրույքաչափով հարկման եւ շահութահարկ վճարողների համար եկամուտ չհաշվարկելու համար։
Գործադիրը հավանություն է տվել 2017թ. հուլիսի 12–ին Սինգապուրում ստորագրված «Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջեւ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Համաձայնագրի նպատակն է դյուրացնել միջազգային օդային հաղորդակցությունների հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաեւ խթանել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում գործող ավիաընկերությունների միջեւ մրցակցության վրա, կառավարությունների նվազագույն միջամտությամբ եւ կարգավորմամբ։ 
Հավանության է արժանացել նաեւ 2017թ. հունիսի 14–ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Համաձայնագրի նպատակն է հաստատել կողմերի պետությունների համապատասխան տարածքների միջեւ եւ դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն։


Արտոնություններ են տրամադրվել 
 

Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ–ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի եւ գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում եւ ստեղծել 87–100 աշխատատեղ՝ 195000–220000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,8 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում եւ մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ–ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից։ Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ՝ կատարելով շուրջ 10,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ հումք եւ նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 175 աշխատատեղ՝ 2018–2020թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարությունը որոշել է նույն արտոնությունը տրամադրել նաեւ «Անիտեքս» ՍՊԸ–ին։ Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր եւ վերմակներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք եւ նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ՝ 2018–2020թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տնտնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ այս տարվա ընթացքում ներդրումային ծրագրերի շրջանակում ոլորտում նախատեսվում է ստեղծել մոտ 5–7 հազար նոր աշխատատեղ։


Կհանձնվեն հավատարմագրային կառավարման
 

Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ–ն եւ «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ։ Բավարար չեն նաեւ հիվանդանոցի գործունեության ցուցանիշները։ Ուսումնասիրությունները վկայում են նաեւ, որ հիվանդանոցի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները եւ կահույքը մաշված են։ Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա։ Մրցույթը կազմակերպվելու է 2–ամսյա ընթացքում։ Կարեն Կարապետյանը հորդորել է նման դեպքերի համար մցույթներն անցկացնել բաց ու թափանցիկ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Հիմնավորման համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետեւյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր եւ ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովվում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ եւ որակ։
Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2018–2022թթ. կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում, որի նպատակը հանրապետությունում պատվաստանյութերի, պատվաստումների օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլոզային դեղերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաեւ որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովումն է։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ եւ արդյունավետ իրականացում, որի հետեւանքով կապահովվի ՀՀ–ում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում եւ կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում։


Միաժամանակյա վիդեոկոնֆերանս կկազմակերպվի
 

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության գործունեության արդյունավետությունն ապահովելու եւ ՀՀ մարզպետարանների միջեւ միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովման, ՀՀ մարզերի խնդիրների բացահայտման, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացման, առկա խնդիրների բարեփոխումների եւ դրանց լուծման ուղիների լուսաբանման, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցման, գիտելիքների արագ փոխանակման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նախարարությանը՝ վիդեոկոնֆերանսի ծառայությունների եւ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար։ Այն կնպաստի նախարարության եւ ՀՀ մարզպետարանների միջեւ միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովմանը, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցմանը, գիտելիքների արագ փոխանակմանը, գործուղումների թվի կրճատմանը եւ աշխատակազմի գործուղումների եւ շրջագայությունների ծախսերի նվազմանը։
Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին, հանձնարարել է նաեւ շաբաթ օրը՝ ապրիլի 14–ին, կազմակերպել հանրապետական շաբաթօրյակ։ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկել է հանրապետական շաբաթօրյակի շրջանակում իրականացնել նաեւ ծառատունկ, քանի որ ապրիլի 14–ից հայտարարված է համահայաստանյան ծառատունկ։ 


Կապահովվի բնականոն ընթացքը
 

2018թ. համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման եւ վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են «ՀՀ 2018թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին։ Առաջարկվում է նաեւ ավանդի փոխհատուցում տրամադրել նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց։
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է շարունակել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիրը՝ բնական գազի սպառման սահմանային չափաքանակի որոշման բանաձեւը թողնելով նույնը։ Նախատեսվում է նաեւ մինչեւ 2018թ. օգոստոսի 15–ը ՀՀ կառավարություն ներկայացնել ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին առաջարկություն։ Հիմնավորման համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը կարիք ունի վերանայման, քանի որ այն աղքատ ընտանիքներին մղում է վարել առավել խնայողական ռեժիմ, որը կարող է հանգեցնել ընտանիքի սոցիալական անվտանգության խաթարման։
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ապահովելով ժամկետանց անձնագրեր ունեցող անձանց կենսաթոշակի վճարումը մինչեւ 2019 թվականի փետրվարի 1–ը։


Ապրիլի 30–ը ոչ աշխատանքային օր է
 

Գործադիրը որոշել է ապրիլի 30–ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 5–ը՝ շաբաթ օրը։
Կառավարությունը հաստատել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը։ Այն կապահովի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունը։ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը։ Բացի այդ, քննարկվող հարթակի ստեղծմամբ եւ գործարկմամբ կբարձրանա հանցագործությունների բացահայտման մակարդակը։
«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը։ 2010 թվականին մեկնարկած «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա՝ ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք։ Գորիսում՝ մշակութային ինքնարտահայտման տարբեր ձեւաչափերի կիրառում թատերական, երաժշտական փառատոների եւ մրցույթների, ստեղծագործական խմբերի հյուրախաղային շրջագայությունների իրականացումը, համաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը կնպաստի համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ Սյունիքի մարզում զբոսաշրջության ակտիվացմանը։
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որն ուղղված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է բնակապահովման ծրագրի շրջանակում նախկին սեփականատերերին վերադարձնել կառուցապատողի կողմից ձեռքբերված թվով 232 տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ), ինչպես նաեւ ապահովել կառուցված 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018