ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 22 » Անհերքելի փաստերի նոր շերտեր /Տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը/
13:50
Անհերքելի փաստերի նոր շերտեր /Տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը/

Երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացումը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, թանգարանային հանձնախմբի անդամների եւ բարերարների հետ շրջայց է կատարել թանգարան—ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին։ Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ «Ցեղասպանության թանգարան—ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100—րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից։ Ծավալուն եւ արդյունավետ աշխատանք է կատարված։
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին։
Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է եւ բոլորիս շուրթերին. «Հիշում եմ եւ պահանջում»,–գրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ հանրապետության նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ։ Թանգարանի հատուկ հյուրերը եւս հանձնել են իրենց նվերները։ Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ ցեղասպանությունից հետո Մերձավոր Արեւելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների։ Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»։ Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ Բոդիլ Բյորնի օրագիրը եւ կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ Մարիա Յակոբսենի դրամապանակը եւ լուսանկար՝ որբերին խնամելիս։
Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը, իսկ նոր ցուցադրության գիտական հայեցակարգը մշակվել եւ իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի (ՀՑԹԻ) աշխատակազմի կողմից՝ պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ։ Թանգարանի սրահների ներքին ձեւավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել եւ իրականացրել են Լուսինե Մաթեւոսյանը եւ Քրիստինե Աբրահամյանը, այն նախագծվել եւ իրագործվել է առանց լրացուցիչ վճարի։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը եւ հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով։
2011—2014թթ. տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնավերանորոգման աշխատանքները, բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղին եւ հարակից տարածքը, հիմնավերանորոգվել է թանգարան—ինստիտուտի հիմնական մասնաշենքը, կառուցվել է վարչական մասը՝ գրադարան, գիտաժողովների սրահ, պահոցներ եւ այլն։
Լրագրողների համար կազմակերպված այցելության ընթացքում թանգարան—ինստիտուտի տնօրենը նշեց, որ 2011թ. մեկնարկել են Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության մշակման եւ դիզայներական նախագծի իրականացման աշխատանքները։ Թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր. Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ։
«Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդոլոգիական մշակումների վրա։ Դրանք երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, կազմվել են Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի գիտական անձնակազմի մանրակրկիտ ու համալիր աշխատանքի շնորհիվ։ Աշխատանքներին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձեւավորված թանգարանային փորձագիտական խումբը»,–ասաց Հ. Դեմոյանը։
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7—8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութերը։ Դրանց մի մասը ներկայացված է տպագիր, ինչպես նաեւ մուլտիմեդիայի՝ պրոեկտորների եւ հպումով աշխատող էկրանների տեսքով։ Ներկայացված են նաեւ բնօրինակ եւ եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր եւ այլն։ Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահներ՝ նախկին երեք սրահների փոխարեն։
Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից։ Թանգարանի ցուցադրությունը կունենա նաեւ աուդիոգիդեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն եւ արաբերեն։ Աուդիոգիդերը հնարավորություն կտան կարգավորելու թանգարան այցելող խմբերի մեծ հոսքերը, այստեղ կգործի նաեւ գրախանութ։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտն ունի նոր հարմարություններ, ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար, վերազինվել է կահույքը, տեխնիկական միջոցները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում հնարավոր է դարձել ՀՑԹԻ—ի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով. դրանք հատել են 90 հազարի սահմանը։ ՀՑԹԻ—ի հավաքածուն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութերի ամենամեծ հավաքածուն է աշխարհում։
«Մենք ցանկացել ենք հնարավորություն տալ օտարերկրյա այցելուներին՝ առնչվել նորահայտ նյութերին ու թույլ չտալ որեւէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության ծրագրված ու նպատակադրված բնույթը։ Այստեղ որեւէ մեկը կհայտնվի ծիծաղելի վիճակում, եթե փորձի այս ամբողջ իրեղեն ապացույցների, պատմություններին, տեսողական նյութերին ծանոթանալուց հետո ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Ապրիլի 23—ին կազմակերպվելու է մեծ շրջայց շուրջ 20 օտարերկրյա լրատվամիջոցի համար, ինչը շատ կարեւոր է, քանի որ այս նոր թանգարանը իր գերհագեցած նյութով ներկայանալու է ոչ թե որպես միայն հայերի, Հայաստանի հիշողությունը ներկայացնող ցուցադրություն. այն հավասարապես Թուրքիայի ու թուրք ժողովրդի պատմությունն է ցուցադրում»,–ասում է թանգարան–ինստիտուտի տնօրենը։
Թանգարան—ինստիտուտի տնօրենի խոսքով այն նաեւ հարթակ է, որտեղ թուրք երիտասարդությունը կկարողանա առերեսվել սեփական պատմություն այն դրվագների հետ, որ մերժում, պարտակում են նույն այն իշխանությունները, որոնք թույլ չեն տալիս թուրք երիտասարդությանը շփվել սոցիալական ցանցերի միջոցով. «Այսինքն, մենք թույլ ենք տալիս հարեւան երկրի նոր սերնդի ներկայացուցիչներին գալ այստեղ, որովհետեւ իրենց ատողներ այստեղ չկան։ Այս պատմությունը ներկայացրել ենք ոչ թե ատելություն սերմանելու, այլ իրազեկելու համար։ Հայաստան ժամանած բոլոր պատվիրակությունները կծանոթանան ցուցադրությանը, լինելու է նաեւ Թուրքիայից եկած խումբ։ Մենք որդեգրել ենք նոր քաղաքականություն՝ չենք արգելելու լուսանկարել նյութերը»։
Շրջայցի ընթացքում ներկայացվեցին բացառիկ նյութեր, որոնք նվիրվել են թանգարանին օտարերկրացիների կողմից։ 
Թանգարան—ինստիտուտը շարունակում է նաեւ ակտիվ գիտահրատարակչական եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքները, որոնք այս տարի առավել քան հագեցած են. ՀԲԸՄ Ասպետների աջակցությամբ ժամանակավոր ցուցադրության բացում Լոս Անջելեսի Սկիրբալ (Skirball) մշակութային կենտրոնում, համագործակցության հուշագրի ստորագրում Շոա հիմնադրամի հետ (Լոս Անջելես), «Հայոց ցեղասպանությունը եւ ռուսական արձագանքը» խորագրիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում «ՀԱՅԱՍՏԱՆ–1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երեւանի հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում, ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ գիտաժողով, «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացում։
2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի աջակցությամբ աշխարհի 80—ից ավելի քաղաքներում կկազմակերպվեն ժամանակավոր ցուցադրություններ։ Բոլոր այցելուների համար թանգարանը կբացվի ապրիլի 25—ից։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024