Ինչպես նշել էինք, նախօրեին երեկոյան Բաղրամյան պողոտայով դեպի նախագահի նստավայր երթի դուրս եկած ցուցարարների խմբին դիմավորել էին ոստիկանության ուժերը՝ իրազեկելով, որ դա չարտոնված երթ է, ուստի անօրինական է, եւ հորդորել էին վերադառնալ «Ազատության» հրապարակ։ Համաձայնության չգալով՝ ակտիվիստները որոշել էին նստացույց անել։ Նրանք չէին ընդունել նաեւ հանրապետության նախագահի հետ պատվիրակությամբ հանդիպելու առաջարկը։ Գիշերվա ընթացքում ոստիկանությունը պարբերաբար հիշեցրել է նստացույցի մասնակիցներին նրանց գործողությունների անօրինականության մասին։ Վերջին զգուշացումից հետո երեկ, վաղ առավոտյան ոստիկանական ուժերը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել շուրջ երկու հարյուր ակտիվիստների, այդ թվում՝ լրագրողների։
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել նստացույցը ցրելու պատճառների վերաբերյալ։ Այնտեղ ասվում է. «Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տեւական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը։ Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ոստիկանության կոչերը եւ խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են»։
Նշվել է նաեւ, որ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29—րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22.00—ից մինչեւ 8.00—ն բնակելի եւ այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։ Նույն օրենքի 33—րդ հոդվածի 1—ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահի անհամաչափ սահմանափակումը։ Առաջնորդվելով նշված իրավադրույթներով՝ հավաքը դադարեցնելու պահանջով ոստիկանությունը դիմել է հավաքի ղեկավարներին։ Հավաքի ղեկավարների կողմից ոստիկանության պահանջը չի կատարվել։ Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ։ Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու՝ ոստիկանության լիազորության մասին։ Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում։
Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողություններն իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով։
Այնուամենայնիվ, բանակցությունները եւ համոզման աշխատանքներն արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով։ Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34—րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։
Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ։
Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաեւ լրագրողներ, ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182—րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Նույն օրենսգրքի 261—րդ հոդվածի ուժով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ կարող է կիրառվել «վարչական ձերբակալում» հարկադրանքի միջոցը։
Տվյալ դեպքում որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված պահանջներն անտեսվել են, ինչը եւ հանգեցրել է անցանկալի հետեւանքների։
ՀՀ գլխավոր դատախազության կայքն էլ հայտնում է, որ 2015թ. հունիսի 22—ի լույս 23—ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել եւ հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ եւ դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ։
«2015թ. հունիսի 22—ի լույս 23—ի գիշերը՝ սկսած ժամը 19.30—ից, տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը։
Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը եւ հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258—րդ հոդվածի 1—ին մասով նախատեսված հանցագործության՝ խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերեւույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր եւ Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258—րդ հոդվածի 1—ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար»։
Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ՝ բաղկացած 20 քննիչներից։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննություններ են եղել։
Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական եւ քրեագիտական փորձաքննություններ։
Կատարվել է հարցում Երեւանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին եւ Երեւան քաղաքի վարչությանը։
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22—ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258—րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից. «Դատախազի որոշման համաձայն՝ լրատվության միջոցի հաղորդման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 22—ին՝ սկսած ժամը 19։30—ից, տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության անդամների նկատմամբ։
Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ քրեական գործի վարույթը հունիսի 23—ից շարունակվում է Երեւանի քննչական վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Այս պահին կարող ենք փաստել, որ քննչական մարմիններին ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա եւ ազատ արձակվել։ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձանցից չեն հարցաքննվել 31—ը, որոնցից 28—ին ծանուցագրեր են տրվել՝ այլ օր հարցաքննության ներկայանալու համար եւ ազատ արձակվել, իսկ 3—ը, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հարցաքննության ժամանակ 3 քաղաքացի հայտնել է՝ իր նկատմամբ կիրառված բռնությունների եւ ստացած վնասվածքների մասին, նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Եվս 8 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել բուժհաստատություններից։
Մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմելու համար ահազանգեր են ստացվել նաեւ ոստիկանության 14 ծառայողից։
Քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացիական անձանց եւ ոստիկանների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները»։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23—ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ։
8—ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4—ը՝ «Էրեբունի», 1—ը՝ «Արամյանց» բժշկական կենտրոններ եւ 2—ը՝ Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել են թեթեւ քերծվածքներ, սալջարդեր, ստացել են առաջին բուժօգնություն։
Ավելի ուշ ԱՆ—ից տեղեկացնում են, որ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13—ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2—ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Երեկոյան ստացիոնար պայմաններում բուժում էր ստանում 7 քաղաքացի, որոնք ունեին սալջարդեր, քերծվածքներ եւ թեթեւ այլ վնասվածքներ։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Մյուսին ըստ ցուցման կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում, սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը։
Ի դեպ, Երեւանին զուգահեռ Գյումրիում նույնպես սկսվել էր նստացույց։ Թատերական հրապարակում մի խումբ երիտասարդներ կարողացել են մնալ այնքան ժամանակ, մինչեւ հայտնի է դարձել, որ Երեւանում ոստիկանները ցույցը սկսել են ցրել։ Նույն ընթացքում Գյումրիում նստացույցի 13 մասնակիցների նույնպես բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք եւ որոշ ժամանակ անց ազատ արձակել։
Երեկ կեսօրից հետո Երեւանում եւս ոստիկանության տարբեր բաժանմունքներից սկսել են ազատ արձակել բերման ենթարկվածներին։ Օրվա ընթացքում նրանք բոլորն էլ ազատ են արձակվել եւ քրեական հետապնդում , ըստ պատկան մարմինների պաշտոնական հավաստիացումների, որեւէ մեկի նկատմամբ չի իրականացվելու։
Ի դեպ, լրագրողների հետ առնչվող գործողությունների կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել։ Ոստիկանապետը ներողություն է հայցել լրագրողների հանդեպ կիրառված բռնության համար՝ նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամանակում կբացահայտի կատարվածը։ Նա նաեւ խոստացել է վերականգնել լրագրողների կոտրված տեխնիկական միջոցները։
«Ոստիկանությունը շատ երկար հանդուրժողականություն է ցուցաբերել, իսկ թողնել կենտրոնական փողոցը եւս մեկ օր փակ վիճակում, դա այլոց իրավունքների ոտնահարում է։ Եթե մենք ուզում ենք օրինականություն հաստատել, անօրինական ճանապարհով դա պետք է չանենք»,—«Գալա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
***
Իսկ երեկոյան Ազատության հրապարակում հավաքվել էին ակտիվիստների նոր խմբեր եւ քննարկում էին նախորդ օրվա պահանջով Բաղրամյան 26 գնալու հարցը։
Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան 26, որտեղ, պողոտայի սկզբնամասում, նրանց «դիմավորել» է ոստիկաններից կազմված պատը։ Ցուցարարների եւ ոստիկանության երկխոսությունը խաղաղ ընթացք է ունեցել, ինչին արդեն կեսգիշերն անց իրենց հերթին նպաստել են ԱԺ մի խումբ պատգամավորներ, հասարակական—քաղաքական եւ մշակույթի գործիչներ։ hhpress.am
|