ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 9 » Առաջընթացի ճանապարհը միավորումն է /Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ/
16:00
Առաջընթացի ճանապարհը միավորումն է /Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ/

Որքան աշխարհում մեծանում է այն երկրների, տարածքային միավորների, կառույցների թիվը, որոնք ճանաչում, դատապարտում են Հայոց ցեղասպանությունը կամ քրեականացնում դրա ժխտումը, այնքան ավելանում են Թուրքիայի ջղաձգման նոպաները, այնքան նրա ղեկավարն ավելի դժվարությամբ է տիրապետում իրեն։ Այն, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցն իր հետ բերելու է ցեղասպանության փաստի նոր ճանաչում, ակնկալելի է, այնպես, ինչպես թուրքական սադրանքներն ու ժխտողականության հիստերիկան։ 
Դեռ տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային քաղաքակիրթ ապաշխարանքի հնարավորություն էր տվել. երբ 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ—թուրքական արձանագրությունները, դրանք շրջադարձային էին դիվանագիտական կապեր չունեցող երկու երկրների հարաբերությունների կարգավորման առումով, ավելի ճիշտ՝ կարող էին լինել, եթե թուրքական իշխանությունները բավականաչափ խոհեմություն եւ խիզախություն ունենային։ Անշուշտ, դրանք լուրջ փորձություն էին եւ Հայաստանի, եւ Թուրքիայի իշխանությունների ու նախագահների համար։ Սակայն եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատվով անցավ այդ փորձության միջով, ապա եւ Աբդուլլահ Գյուլը, եւ նրան հաջորդած Ռեջեփ Էրդողանն այդպես էլ չկարողացան իրենց դրսեւորել որպես խոհեմ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ղեկավարներ եւ իրենց գործողություններով եւս մեկ անգամ միջազգային հանրությանն ապացուցեցին, որ այդպես էլ ի վիճակի չեն հաղթահարել մարդկության դեմ մեծագույն հանցագործություն՝ ցեղասպանություն իրականացրած երկրի իմիջը, ապաշխարել, ճանաչել ու դատապարտել՝ իրենք իրենց, իրենց նախնիներին, արդարության ու ճշմարտության դիրքերից գնահատել իրենց պատմությունն ու իրադարձությունները։ 
Արձանագրությունների ստորագրմանը հաջորդած ավելի քան հինգ տարվա ընթացքում դիվանագիտական գնդակը գտնվում էր Թուրքիայի դաշտում։ ՀՀ նախագահը, հավատարիմ մնալով ավանդաբար իրեն հատուկ քաղաքական շրջահայացությանը, դիմակայելով հնչող արտաքին ու ներքին քննադատություններին եւ դժգոհություններին (որոնք, հաշվի առնելով հարցի նրբությունը, ակնկալելի էին), չէր օգտվում հայ—թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ կանչելու իր իրավունքից։ Բայց. «Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլեւս անհնարին էր հայտնի արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից։ Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, եւ բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց»,–օրերս հայտարարեց Սերժ Սարգսյանը։ 
Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարից։ Նույնիսկ օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին, թուրքական շարունակական ժխտողականության համապատկերում Հայաստանի նախագահը շարունակում է բանակցելու պատրաստ ձեռք մեկնել հարեւանությամբ գտնվող, սակայն իրեն բնավ էլ հարեւանի պես չպահող երկրին, ինչը վերստին վկայում է Հայաստանի իշխանության եւ նրա ղեկավարի քաղաքական հեռատեսության, սեփական երկրի շահերին ու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորություններին հավատարմության մասին։ Այս պահին հայ—թուրքական հարաբերություններում իրավիճակն այնպիսին է, որ գնդակն արդեն երկար ժամանակ է Թուրքիայի կիսադաշտում է՝ ապաշխարած, իր հանցանքն ընդունած, մաքրագործված Թուրքիա տեսնելու ակնակալիքով։ Աշխարհին անհրաժեշտ է այդպիսի Թուրքիա՝ որպես հետագա հնարավոր ցեղասպանություններ կանխելու հնարավորություն, այլապես այսօրվա իր կերպարով Թուրքիան պարզապես Օսմանյան Թուրքիայի ժամանակակից տարբերակն է։ Ինչպես Հայաստանի նախագահը որակեց. «Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանությունների խրախուսում»։
Ապաշխարումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց այդ երկրին՝ հանցագործի խարանից, այլատյացության քարոզչի կերպարից ազատվելու, հարեւանների հետ իսկապես զրո խնդիր ունենալու համար, այլեւս տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտ չհանդիսանալու համար, ինչը կարող է արժանապատիվ օրինակ լինել նրա փոքր եղբոր՝ Ադրբեջանի համար։ Առայժմ, սակայն, նրանց գիտակցության մեջ գերակայողը հայատյացությունն ու մարդատյացությունն է, որ կիրառվում է առավելապես ազգությամբ հայերի, սակայն պակաս դաժանությամբ՝ նաեւ այդ տարածքներում բնակվող այլ ժողովուրդների հանդեպ։ Ինչեւէ, հայ—թուրքական—արձանագրությունների հետ կանչումը, Հայաստանի նախագահի խոսքերով, «չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը»։ Բայց «մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ եւ ամենակարեւորը՝ առանց վստահության վերականգնման»։
Եթե Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարեւանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ՝ հարաբերությունների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը, Սերժ Սարգսյանի խոսքերով, «ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորում», ապա Հայաստանը ձգտում է հարաբերություննեը կարգավորել, սերտացնել ու ավելի համապարփակ դարձնել եւ մոտակա, եւ հեռավոր հարեւանների հետ։ Հարեւանությունը, ինչպես եւ գործընկերությունը, պարտադիր համատեղ սահմանների առկայությամբ կամ տարածքային հեռավորությամբ չի որոշվում։ Առավել եւս, երբ տարածքային առումով մերձավոր ոչ բոլոր հարեւանների պարագայում է, որ Հայաստանի բախտը բերել է։ 
Այս պարագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումն ակնհայտորեն բխում է մեր երկրի ու նրա քաղաքացիների շահերից, այնպես, ինչպես համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Այս երկու վեկտորների միջեւ հակադրություն փնտրելը Հայաստանի դեպքում ոչ միայն անցանկալի, այլեւ անհնար է, որովհետեւ մեր երկիրն իր հարաբերությունները կառուցում է ոչ թե շահերի հակադրման, այլ՝ շահերի համադրման սկզբունքով՝ տարբեր տնտեսական ու քաղաքական սկզբունքներ կամ հայացքներ ունեցող երկրների մեջ տեսնելով գործընկերների,միաժամանակ, ինքը նրանց ներկայանալով որպես վստահելի եւ հուսալի գործընկեր։ «ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա»,–ասում է Հայաստանի նախագահը։ Այս սկզբունքը նախագահ Սարգսյանի համար անփոփոխ է նախագահական եւ առաջին, եւ երկրորդ ժամկետի պաշտոնավարման ընթացքում, ով համոզված է. «21—րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձեւավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջեւ տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին։ Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ—ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների եւ արեւմտյան երկրների գործարար համայնքների համար»։ Օրերս Հայաստանում անցկացվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հայտարարեց հակադրությունների հանդեպ համադրությունների գերակայության մասին. «Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, եւ Եվրոպական միության հետ խոր եւ ընդգրկուն օրակարգը։ Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել եւ տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը եւ երկխոսությանը»։
Միջպետական ու միջազգային կառույցների հետ հարաբերություններում վստահելի գործընկեր հանդես գալու համար չափազանց կարեւոր է ներքին կայունության ու հասարակական հանդուրժողականության մթնոլորտի առկայությունը սեփական երկրում, ինչը լրացուցիչ աջակցություն է հենց իշխանություններին ու նախագահին՝ հանդես գալու ավելի լսելի, ավելի հաստատուն եւ նաեւ պահանջող օրակարգով ու ավելի ամուր դիրքերից։ 
Այն, որ Հայաստանում քաղաքական ազատություններն ու կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության համար ստեղծված պայմանները լայնածավալ գործունեության եւ գաղափարներն ու ծրագրերը հասանելի դարձնելու լիարժեք հնարավորություն են տալիս, ամենեւին չի նշանակում սակայն, թե քաղաքականությունը կարելի է վերածել քաղաքական առաջնորդի պաշտամունքի եւ քաղաքական դաշտը ձեւախեղելու գործընթացի, ինչպիսին սպառնում էր տեղի ունենալ մեզանում։ Երկրի նախագահը որքան կոչված է ազատ գործունեության հնարավորություն ապահովել յուրաքանչյուր քաղաքական մտածողության ու գաղափարախոսության համար, նույնքան էլ պարտավոր է հասարակությանն ապահովագրել այնպիսի իրավիճակներից, որոնք վտանգավոր են երկրի կայունության համար։ «Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարեւորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության եւ տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ։ Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին։ Այս պահին շատ ավելի կարեւոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել»։ Նախագահի այդ քայլն ուղղված չէր քաղաքական ուժի դեմ, սակայն ուղղված էր քաղաքական հարաբերություններում քաղաքակրթությունը վերականգնելուն, որովհետեւ քաղաքական դաշտը, նրա խոսքերով, պետք է իսպառ մաքրել ֆեոդալական տրամաբանությունից. «Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով՝ ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին։ Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը։ Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»։ Քաղաքացիական սեկտորի, քաղաքական սեկտորի ու հասարակության արձագանքը նախագահի այս նախաձեռնությանը ցույց տվեց, որ այն արդարացված էր, իսկ առերեւույթ բարեգործության ուրվականն այլեւս քաղաքական դաշտի դոմինանտը չէ։
Քաղաքական դաշտը բարեկարգելու, գենետիկորեն ձեւափոխված քաղաքականության բարգավաճումը կանխելու նպատակով հանրապետության նախագահն օգտվեց իր սահմանադրական իրավունքից։ Նույն այդ լիազորություններից ելնելով՝ նախագահ Սարգսյանը հավանություն տվեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին. «Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային։ Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»։ Այս պարագայում եւս նախագահը առաջնորդվում է ոչ թե որեւէ քաղաքական ուժի կամ անձի, այլ՝ երկրի շահերով, ընդգծելով, որ «սահմանադրական բարեփոխումները մարդկանց եւ քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենեւին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են։ Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու եւ բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանություն—ընդդիմություն փոխգործակցությունը եւ այլն»։ 
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների միջոցով կոնկրետ անձի կամ իշխանությունների կողմից իրենց շարունակականությունն ապահովելուն, Սերժ Սարգսյանը շեշտում է, որ վերոհիշյալ կարեւորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, «ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել, իշխանության վերարտադրության համար։ Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն»։ 
Դեռ 2008 թվականին, առաջին անգամ ընտրվելով երկրի նախագահ, պաշտոնակալության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ»։ Իր պաշտոնավարության անցած ողջ ժամանակահատվածում նա առաջնորդվել է այս սկզբունքով, եւ սահմանադրական փոփոխություններն այդ առումով բացառություն չեն. «Քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»,–ասում է նախագահը՝ հավելելով, որ հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ եւ արդյունավետ մասնակցությունը կարեւոր են հավասարակշռված որոշումներ ընդունելու համար։ Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը։
Մոտ մեկ տարի առաջ ելույթ ունենալով ՀՀԿ 15—րդ համագումարում՝ Սերժ Սարգսյանը ասաց. «Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, եւ մարդիկ դրա մասին լավ գիտեն։ Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն եւ ինչ կասեն, որ անենք։ Չկա՛ նման ճշմարտություն։ 
Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել եւ իրագործել։ Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում։ Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում»։ Սա այն շարժումն է, որ շարունակվում է 2013թ. նախագահական ընտրություններից հետո, որ սկսվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո. հիշեցնենք, որ 2013—ին վերընտրվելով երկրի նախագահ, ապրիլի 9—ին տեղի ունեցած երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ  «ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ»։
Ընտրություններով ոչինչ չի ավարտվելու նաեւ հաջորդ ընտրություններից հետո։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024