Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15–ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան եւ օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացում։
Երեկ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացվել է գրություն, որով ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15–ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ քննարկելու համար 2015 թվականի հունիսի 16–ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը։