Նպատակը տեղական արտադրողներին մրցունակ դարձնելն է
Մեր երկրում ազատ տնտեսական գոտուց զատ, արդյունաբերական գոտի կունենանք։ Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու եւ հաստատելու կարգը, արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը։ Պետական կառավարման լիազոր մարմին ճանաչվեց էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչպես մանրամասնեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, արդյունաբերական գոտին (ԱԳ) կարող է ստեղծվել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ։ ԱԳ—ի ստեղծման նպատակով հայտատուն գործադիրին պետք է ներկայացնի դիմում, արդյունաբերական գոտում մատուցվելիք ծառայությունների ցանկը եւ սակագները, գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաեւ շինությունների նախագիծը, գործարար ծրագիրը։ Ի դեպ, հայտի ուսումնասիրման եւ գնահատման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով, որը 20 աշխատանքային օրում կուսումնասիրի փաստաթղթերը, եւ կգնահատվի գործարար ծրագիրը։ Որից հետո համապատասխան եզրակացությունը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Նկատենք, որ բացասական եզրակացության հիմք կարող է լինել գործարար ծրագրի բացասական գնահատականը։ Եվ հայտատուն պատասխանատվություն կկրի տրամադրած սխալ տեղեկատվության հետեւանքով առաջացած վնասի համար։
Գործարար ծրագիրը գնահատելու համար գործակիցներ կկիրառվեն, որոնց համախումբը չպետք է գերազանցի 100 միավորը։ Ելնելով արդյունաբերական գոտու գործառնական նշանակությունից՝ յուրաքանչյուր չափանիշին տրվող կշռային գործակցի մեծությունը յուրաքանչյուր անգամ կսահմանվի հանձնաժողովի կողմից՝ նախքան գնահատում իրականացնելը։ Դրական գնահատական կստանա այն ծրագիրը, որ կստանա 51 եւ ավելի միավոր։
Ծրագիրը գնահատելու համար մի շարք չափանիշներ հաշվի կառնվեն, օրինակ, արդյո՞ք այդ ծրագիրը համապատասխանում է արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակներին եւ գործառնական տեսակին, արդյո՞ք կիրառվելու են տեխնոլոգիական նորարարություններ, ինչքա՞ն են լինելու ներդրումների ծավալները եւ որո՞նք են լինելու ուղղությունները։ Գործարար ծրագիրը պետք է նաեւ տեղեկատվություն պարունակի հիմնական ռազմավարական գործընկերների կամ հնարավոր շահագործողների մասին (եթե, իհարկե, նրանք կան)։ Կքննարկվի նաեւ արդյունաբերական գոտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու ծառայությունների մատուցումն ապահովող իրավաբանական անձի կողմից շահագործողներ ներգրավելու ուղղությամբ քաղաքականության առկայությունը։
Ինչ վերաբերում է ԱԳ—ի կազմակերպման կարգին, ապա շեշտվում է, որ արդյունաբերական գոտու միջազգային ճանաչման եւ դրանում շահագործողների ներգրավման նպատակով կազմակերպիչը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։
Գործադիր իշխանությունը նկատեց, որ ԱԳ—ի ստեղծման նպատակը արդյունաբերության ոլորտում պետական կարգավորման եւ աջակցության գործընթացների համակարգումն է, տեղական արտադրողների մրցունակության բարձրացումը, տարածքային զարգացումը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|