ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2015թ. առաջին եռամսյակում արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում պետական բյուջետային մուտքերի բավարարումը պայմանավորում է ստվերի դեմ արդյունավետ պայքարով։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ բիզնեսի վրա հարկային ճնշումներ չեն գործադրվել, իսկ բյուջետային մուտքերն ապահովվել են ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում։
«Արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում կարողացել ենք ապահովել բյուջետային մուտքերը ստվերի դեմ պայքարի արդյունքում։ Հիմա սա վա՞տ է, թե՞ լավ։ Իհարկե ես հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Դուք մտածում եք, որ մենք սա արել ենք բիզնեսին տեռորի ենթարկելու հաշվին, սակայն այդպես չէ։ Ես ձեզ խնդրում եմ, տվեք մի գործարարի անուն, ում նկատմամբ մենք անօրինական ճնշումներ ենք գործադրել։ Եթե դուք գաք եւ մասնակցեք մեր գանգատարկման հանձնաժողովի նիստերին, կտեսնեք, որ մենք երբեք բիզնեսից գերավճարներ չենք պահանջում»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ստվերի դեմ արդյունավետ պայքար է մղվել բոլոր ոլորտներում. հաջողություններն արձանագրվել են հատկապես պիտակավորման, բջջային օպերատորների, հանքահումքային ոլորտներում։
Նա կոչ արեց տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը չկապել անունների, պաշտոնյաների հետ՝ վստահեցնելով, որ ստուգումներ անցկացնելու պարագայում հարկային մարմիններին չի կաշկանդում այս կամ այն պաշտոնյայի կապը տնտեսավարող սուբյեկտների հետ։ «Մենք նրանց նայում ենք որպես տնտեսավարող սուբյեկտների, որոնք իրենց գործունեության համար պետք է հարկ վճարեն պետությանը...»,–նկատեց նախարարը։
Դիտարկմանը, թե հասարակության մոտ կարծիք կա, որ «բիզնեսը հարկվում է ըստ պաշտոնյաների», Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ նման մոտեցումը հարկավոր է փոխել, իսկ այդ հարցում աշխատանք ունեն անելու ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ ֆինանսների նախարարությունը։
Գագիկ Խաչատրյանը չի բացառում, որ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանի համար ակնկալվող գումարի չափը կնվազի։ Նախարարը նշեց, որ դա պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական վատ վիճակով։
«Բնականաբար, ընդհանուր մաքսատուրքերից մեր մասնաբաժինը կարող է նվազել։ Եվ դա բնական է, քանի որ տեսնում եք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, իսկ այդ դեպքում մաքսատուրքերը չեն կարող ավելանալ»,–ընդգծեց Խաչատրյանը։
Հարցին, թե տարվա կտրվածքով որքա՞ն գումար կստանա Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից, նախարարը դժվարացավ հստակ պատասխանել։
Նա նշեց, որ աշխարհում տնտեսական շատ բարդ իրավիճակ է, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։ «Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է, եւ գիտեք, որ մենք ներմուծման եւ արտահանման առումով կապված ենք Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող չազդել մեր երկրի տնտեսության վրա։ Սակայն դրական է այն, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում կարողացել ենք հարկային եկամուտներ ապահովել՝ չնայած տնտեսակայն բարդ իրավիճակին»,–շեշտեց նախարարը։
|