Քաղաքի եւ գյուղի համաչափ զարգացում
Ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր նախապայմաններից է ազգաբնակչության համաչափ բաշխվածությունը։ Մեր մարտունակության հիմքում ինչ—որ առումով մեծ դերակատարություն ունեն գյուղերը, առավել եւս՝ սահմանապահ համայնքները։ Տարբեր ժամանակներում երկրի իշխանությունների կողմից գյուղական համայնքների շահերը ստորադասվել են որոշումներ կայացնելիս։ Զրուցակիցս հիշեց ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ մեկ կամ մի քանի ընտանիքների համար կարիք չկա լեռնային գյուղերում կոմունալ պայմաններ ստեղծել՝ առաջարկելով բնակվել ցածրադիր գյուղերում։ «Փաստորեն չէր կարեւորվում գյուղը, հանրապետության համաչափ զարգացումը, ընդհանրապես՝ գյուղական մշակույթը, բնակավայրի արժեքը։ Իրականում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անգամ փոքր, մի քանի ընտանիքից բաղկացած գյուղը։ Նոր մշակվող հայեցակարգում պետք է ամրագրել այն մոտեցումը, որ Հայաստանում չեն կարող լինել վերաբնակեցվող գյուղեր։ Դա արդեն հստակ մեխանիզմ կլինի կանխելու ղեկավարների նման որոշումները։ Այսպիսով՝ կարելի է բանաձեւել այնպիսի խնդիրներ, որոնք կապված կլինեն մեր պաշպանունակության ամրապնդման հետ»,–ընդգծեց Սարոյանը։
Ունենալով փոքր տարածք, միեւնույն ժամանակ մեզ մոտ տարածությունը կարծես մեծ է, որովհետեւ գյուղի եւ քաղաքի միջեւ հսկայական տարբերություն կա՝ թե՛ մտածելակերպի, թե՛ ընկալումների, թե՛ զարգացման առումով։ Նորմալ չէ, երբ ազգաբնակչության կեսը հաստատվել է Երեւանում եւ այդ թիվը շարունակաբար մեծանում է։ Ներկայումս չափազանց լուրջ է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վիճակը, տեղաշարժի խնդիրներ են առաջանում։ Դրան գումարվում է ավտոմեքենաների մեծ թիվը, ինչը նախատեսված չի եղել Երեւանի համար։ Այս տեմպերը խնդիրների առջեւ են կանգնեցնելու քաղաքային տնտեսությունը, ինչը կարող է վտանգել նաեւ մեր պաշտպանունակությունը։ «Պատերազմական իրավիճակներում մայրուղիները, փողոցները՝ քաղաքի «երակները», խցանվելու են եւ պետության անվտանգությանը, պաշտպանունակությանը, թիկունքային ապահովմանը վերաբերող որեւէ տեղաշարժ չենք կարողանալու անել։ Մենք պետության խորք չունենք. միայն Կոտայքի մարզն է, որը չունի արտաքին սահման, մնացածը սահմանամերձ մարզեր են։ Բազմաթիվ են մեր անվտանգային խնդիրները։ Դրանք պետք է դասակարգվեն եւ լուծումներ ստանան»,–նշեց քաղաքագետը։
Հայաստան-սփյուռք հարաբերությունները
Այս տարիների ընթացքում թեպետ գործեց սփյուռքի նախարարությունը, սակայն այդպես էլ չունեցանք սփյուռքի ամբողջական քարտեզագրում, այն է՝ սփյուռքի մտավոր ներուժի, հնարավորությունների, ունեցվածքի գույքագրում։ Հայաստան—սփյուռք կապն իրականացվում էր կուսակցությունների, անհատների միջոցով, ինչը, սակայն, չէր ներկայացնում եւ արտահայտում սփյուռքի ամբողջական պատկերը։
Սփյուռքի հետ մեր հարաբերությունները կառուցելիս պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչ է սփյուռքը հայ ժողովրդի համար՝ հայության ինքնության պահպանման էական բաղադրի՞չ, արեւմտահայության շերտի պահպանման կրո՞ղ, «հու՞մք» Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար, գործի՞ք աշխարհին նոր բան առաջարկելու, գլոբալ ազգ դառնալու հնարավորությու՞ն, թե՞ ցեղասպանության հարցը մշտապես ակտիվ պահող գործոն։ Պատմաբանի կարծիքով՝ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ տրված չեն, եւ խնդիրը բնավ այն չէ, որ պետք է ընտրել միայն մեկ «ճիշտ» պատասխան։ «Պարզապես պետք է գիտակցենք, որ հայկական սփյուռքը որպես երեւույթ ի վերջո ունի իր զարգացումը, նպատակներն ու առաքելությունը։ Չմոռանանք նաեւ սփյուռքի ուծացման վտանգի մասին։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է զարգանում մարդկությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ցանցային աշխարհի պայմաններում, սակայն մենք այդպես էլ չենք կարողացել լուծել արեւմտահայերենի խնդիրը, սփյուռքի հայ համայնքների կրթության հարցը, այսինքն՝ հայ մնալու, սեփական ինքնությունը չկորցնելու խնդիրը։ Ցավով ենք արձանագրում, թե ինչպես Մերձավոր Արեւելքի հայ համայնքները տարեցտարի փոքրանում են։ Նրանց մեծ մասը գնում է արեւմտյան երկրներ, այդտեղ արագ տեմպերով ուծացվում՝ ի տարբերություն Մերձավոր Արեւելքի, որտեղ կարողանում են սերնդեսերունդ պահպանել ազգային ինքնությունը»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է հայրենադարձությանը, ապա պետությունը պետք է ունենա քայլ առ քայլ մշակված ծրագիր յուրաքանչյուր տարվա համար։ Հստակ պետք է որոշվի, թե օրինակ՝ որքան գումար է նախատեսում պետական բյուջեում մեր հայրենակիցների վերաբնակեցման կամ Մերձավոր Արեւելքում հայ համայնքների պահպանման համար։ Կան մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մեր անվտանգային միջավայրին, եւ պետությունը պետք է առաջարկի, թե ինչ տեսլական ունի այդ խնդիրների լուծման հարցում։
Արցախի խնդիրը
Հայ հանրության մեջ չկա մեկ միասնական պատկերացում, թե ինչպես պետք է ի վերջո լուծվի Արցախի հիմնախնդիրը։ Հաճախ կարելի է հանդիպել զիջող, պարտվողական մտածողությամբ եւ հոգեբանությամբ անհատների, սակայն գոյություն ունի նվազագույն շեմ, որից այն կողմ պարտվողականութունը լրջագույն մարտահրավերներ կարող է առաջացնել մեր պետական անվտանգության համար։ Սարոյանի դիտարկմամբ՝ նման պարագայում մենք գործ ունենք վախերի հետ, որոնք փոխանցվում են արդեն մի քանի սերունդ, իսկ 1915թ. ցեղասպանությունից հետո դրանք դարձել են մեր ինքնության մի մասը։ «Այդ վախերը հեշտ չէ հաղթահարել։ Մեր խաղաղասիրությունը՝ որպես քաղաքական ուղղություն եւ փիլիսոփայություն, նույնպես կապված է մեր վախերի հետ»,–նկատեց նա։ Բարեբախտաբար, հանգամանքների բերումով մեր ազգի որոշ շրջանակներ զերծ են մնացել այդ վախերից, ինչպես օրինակ՝ Սյունիքում, Արցախում, որտեղ պահպանվել էին մելիքությունները։ Թեեւ այդտեղ էլ կոտորածներ են եղել, մասնավորապես՝ Շուշիի կոտորածը (1920թ), բայց ամեն դեպքում դիմադրողականությունը բարձր է, քաղաքական մեխանիզմները՝ շատ ավելի առողջ։
Քաղաքագետը հասկանում, բայց չի արդարացնում այն մարդկանց վախերը, որոնք զիջողականության եւ հարմարվողականության փիլիսոփայությունն են կրում եւ, այդ ամենը գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար առաջ մղելով, փորձում են լուծումներ գտնել «realpolitic»—ի եւ միֆականի դաշտերում։ «Աշխարհը ուժեղի կողմից է։ Դա անգամ մարդու խնդիրը չէ, կենսաբանորեն է այդպես։ Միշտ դոմինանտ է ուժեղը։ Մենք դա մեկընդմիշտ պետք է հասկանանք որպես կյանքի դաս։ Քաղաքական ազգ կդառնանք այն ժամանակ, երբ կհասկանանք, որ ուժը նաեւ իրավունքի մեջ է։ Վերջին տարիներին քաղաքացիական պայքարի տեսլականը՝ սկսած Մաշտոցի պուրակի համար պայքարից, կառուցվում էր այն գաղափարի վրա, որ իրավունքը ուժ է։ Ամբողջը հիմնված է եղել իրավունքի վրա, դրա համար էլ հասել ենք հաջողության, ի դեմս 2018 թվականի հեղափոխության։ Իրավունքը արդարության արտահայտություն է, իսկ հանրային դաշինքի արտահայտությունը օրենքն է։ Եթե հանրությունը չի ընդդիմանում օրենքին, ապա ներդրում է ունենում հանրային դաշինքի կայացման գործում։ Իսկ եթե հանրությունը գտնում է, որ օրենքը չի բխում իր շահերից, ապա պետք է դեմ գնա»,–շեշտեց Սարոյանը։
Անդրադառնալով որոշակի շրջանակների կողմից առաջ տարվող այն մոտեցումներին, թե Արցախի հիմնախնդրի լուծման հարցում այս կամ այն ճանապարհն իրատեսական չէ՝ պատմաբանը նկատեց, որ նման հայտարարություններ անելուց առաջ լավ կլինի դիտարկել, թե ինչպես են փոխվում աշխարհակարգերը, ստեղծվում նոր իրավական դաշտեր։ Իրավական հարթությունից զատ մենք հոգեբանական դաշտում պետք է հստակ գիտակցենք, թե ում հետ գործ ունենք, ինչ արժեհամակարգի կրող է նա, ինչպես է մեզ ընկալում։ «Առանց հոգեբանական գործոնի ուսումնասիրման հնարավոր չէ խնդիրներ լուծել։ Աշխարհը հոգեբանության ճանաչման վրա է կառուցվում, որը շատերը չեն հասկանում։ Դա պայքարի հոգեբանությունն է։ Գործնական դաշտում կարող են մտածել, որ եթե ազատագրված հողերը, այսինքն՝ շրջանները տանք, ապա խաղաղության կհասնենք, բայց չեն հասկանում, որ դիմացինի էթնիկ հոգեբանությունը բոլորովին այլ լուծումներ է տալիս նման դեպքերում, նա թույլին ոչնչացնելու խնդիր է դնում իր առջեւ։ Եթե դու թուլություն ես ցուցաբերում, կամ հոգեբանորեն նրան թվում է, որ դու զիջեցիր, ապա զիջումը որպես թուլության նշան է դիտարկում եւ երբեք կանգ չի առնելու մինչեւ վերջնական ոչնչացումը։ Մեր հասարակությանը պետք է պատրաստել ուժեղի դիրքերից հանդես գալու համար, որովհետեւ վախը խորապես նստած է որոշ մարդկանց գիտակցության մեջ»,–շարունակեց Սարոյանը։
Արցախի հարցում որքան մեր հանրության քաղաքական գիտակցությունը բարձր լինի, այնքան մեծ կլինեն մեր երաշխիքները։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Արցախի հարցում պետք է այնպիսի բանաձեւեր, մեխանիզմներ դրվեն, որոնք թույլ չեն տա մեր անվտանգությանը սպառնացող լուծումներ։ «Կարեւոր է այն, թե ինչ է զիջելու դիմացինը։ Եթե մենք զիջում ենք, ո՞վ է երաշխավորում, որ դա հետեւանքներ չի ունենալու, կարող է հինգ կամ տասը տարի պատերազմ չլինի, բայց դա գրավական չէ, որ այլեւս երբեք չի լինի»,–ասաց զրուցակիցս։ Նրա խոսքով՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնեն պատմաաշխարհագրական անվտանգային չափորոշիչները, որովհետեւ պարտադիր սկզբունք է սահմանի բնական լինելը։ Պատահական չէ, որ պատերազմներից հետո պետությունների միջեւ կնքված պայմանագրերում բնական սահմանները օրինաչափ են եւ հիմնավոր՝ պայմանավորված բնաշխարհագրական դիրքով։ Այդ առումով ԼՂԻՄ—ի սահմաններն անբնական են եղել, ինչպես օրինակ՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի շրջանների սահմանները, հետեւաբար այդ անբնական սահմաններին վերադարձ չի կարող լինել։ «Անվտանգության ռազմավարության մեջ պետք է ամրագրվի բնական սահմանների հաստատման խնդիրը, օրինակ, Մռավի լեռնաշղթան բնական սահման է։ Դրանից հետո բնական սահմանն անցնում է Կուր գետով, այն՝ ինչ պատմականորեն ունեցել ենք։ Արցախի խնդրում էլ պետք է հասկանանք մեր ժողովրդի անվտանգության խնդիրը, այդ թվում՝ ջրային անվտանգության, բնական միջավայրի, ռելիեֆային եւ այլն։ Հարց է առաջանում՝ ունե՞նք արդյոք այնպիսի տարածքներ, որոնք հնարավոր է փոխզիջման առարկա դարձնել։ Պատասխանը մեկն է՝ այսօրվա ունեցածը նվազագույնն է հայության անվտանգությունն ապահովելու համար»,–ընդգծեց Սարոյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am
|