Կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային կառավարությունը հայերի ջարդերը ցեղասպանությունների շարքին դասելու համաձայնություն են տվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալության գերմանական ծառայությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցած դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ կոալիցիոն կուսակցությունների առաջ քաշած բանաձեւին։ Նրա խոսքով՝ բանաձեւում նշված է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության օրինակ է»։
«Ռոյթերզի» փոխանցմամբ կառավարության բանաձեւի քննարկման վրա էական ազդեցություն կարող է ունենալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, ով Բունդեսթագում կայանալիք քվեարկությունից առաջ՝ հինգշաբթի երեկոյան, Բեռլինի տաճարում մասնակցելու է հիշատակի արարողության եւ ելույթ է ունենալու։ Որոշ տեղեկություններով՝ նա օգտագործելու է «ցեղասպանություն» բառը։ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացրել է, որ «նշված թեմայի շուրջ» մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահի եւ կառավարության միջեւ, որի ժամանակ «նախագահականից ազդակներ են տրվել»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների՝ ՔԴՄ եւ ԳՍԴԿ կողմից առաջարկված բանաձեւի նախագծում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ծրագրավորված սպանությունների վերաբերյալ ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության մի օրինակ է, որոնցով 20—րդ դարը սարսափելի կերպով առանձնանում է։ Մենք գիտակցում ենք Հոլոքոստի յուրահատկությունը, որի համար Գերմանիան մեղքի զգացում եւ պատասխանատվություն է կրում»
|