ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 11:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 4 » Բաքուն խնդիրը պետք է տեսնի իր մեջ /Ոչ թե Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության/
12:46
Բաքուն խնդիրը պետք է տեսնի իր մեջ /Ոչ թե Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության/

Խոսքի եւ գործի հակադրություն տարիներ շարունակ. միջազգային հանրության համար ականջահաճո հայտարարություններ, որոնք կյանքի չեն կոչվելու. սա բնորոշ է Բաքվին։ Տառապանքը փորձ ունի, եւ ՀՀ ԱԳՆ—ն թերահավատորեն է մոտենում նաեւ օրերս Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։ 
Երեւանում Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մինչ այսօր Ադրբեջանի դրսեւորած բավական ապակառուցողական եւ անիրատես դիրքորոշումը։ Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթնաժողովում, ուր հավաքվել էին Եվրոպական միության 28 երկրների եւ նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարներ։
Նախարարը նշեց, որ այդ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձեւակերպման համաձայնեցին, որը ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում։ Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ընդհանրական ձեւակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին եւ նաեւ աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը՝ ցույց տալով, որ որեւէ տեղաշարժ, որեւէ փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ. «Պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ։ Միջազգային հանրությա՞ն կողմից, թե՞ հենց իրենց կողմից են պատրաստ տեղաշարժի,–ասաց նախարարը, ապա հեգնանքով շարունակեց,–եթե այսուհետ իրենք մտադիր են փոխել եւ ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, այո, ինչո՞ւ ոչ։ Կապրենք եւ կտեսնենք»։
Փոխարենը Ադրբեջանը ձգտում է Մինսկի խմբի համանախագահների շարքում տեսնել նաեւ այլ պետությունների՝ մասնավորապես «եղբայրական» Թուրքիային։ Սա ոչ ոքի համար նորություն չէ։ «Ադրբեջանի անունից ինչ—որ գաղափարներ ներկայացվեցին ինձ Մինսկի խմբում աշխատող համանախագահների քանակի ընդլայնման վերաբերյալ։ Դա նորություն չէր։ Բայց նման առաջարկի համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում բոլոր մասնակից երկրների կողմից,–ասաց Իվիցա Դաչիչը՝ այնուամենայնիվ, նշելով, որ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը։–Ես Բաքվում ասացի եւ կկրկնեմ Երեւանում. կան այլ հարցեր, որոնք պետք է քննարկել։ Դրանք անհետ կորածների, փախստականների, բռնի տեղահանվածների հարցերն են։ Բայց դրա համար պետք է ամրապնդել խաղաղությունը, կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածությունները»։
Ի դեպ, երկկողմ ձեւաչափով հանդիպմանը հաջորդող ԵԱՀԿ ձեւաչափով հանդիպմանը՝ ԵԱՀԿ քարտուղարության եւ սերբական նախագահության ներկայացուցիչների մասնակցությամբ, Նալբանդյանն ու Դաչիչը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Իվիցա Դաչիչը վերահաստատել է սերբական նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։
ԵԱՀԿ—ն շահագրգռված է կայունություն պահպանելու այս տարածաշրջանում եւ ուժեղացնելու, ամրապնդելու նաեւ միջոցները, որոնք կամրապնդեն վստահությունը։ «Ես, իբրեւ ԵԱՀԿ նախագահող, աջակցում եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր կատարող համանախագահողների աշխատանքին։ Մենք, իբրեւ կազմակերպություն, եւ Սերբիան, իբրեւ նախագահող երկիր, ջանք չենք խնայի, որպեսզի օգնություն ցուցաբերենք խնդրի կարգավորմանը»,–ասաց նա՝ կարեւորելով Հայաստանի եւ ԵԱՀԿ—ի լավ հարաբերությունները։


Հայաստանի  աջակցությունը սիրիահայերի համար «վիտամին» է
 

Սիրիական ճգնաժամը եւ դրանով պայմանավորված սիրիահայերի անվտանգության խնդիրը մտահոգում է ՀՀ կառավարությանը. փորձում են այդ հարցի հետ կապված լուծումներ գտնել։ Օրերս Սիրիա էր այցելել Էդվարդ Նալբանդյանը։ «Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը։ Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայում զարգացումներին եւ փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից»,–ասաց ԱԳ նախարարը։
Անդրադառնալով իր այդ այցի մանրամասներին՝ նա նշեց, որ իր այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու տեղի ունեցող զարգացումներին. «Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարեւոր է ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ եւ պայքարով։ Գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, եւ Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը արել եւ շարունակում են անել հնարավորը՝ աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին»։
Նախարարը կարեւորեց այցելության ընթացքում Սիրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպումը. «Կարեւոր էր իրենց հայտնել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից եւ նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած։ Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է։ Կարծում եմ՝ դա լավագույն ձեւով է բնորոշում այն կարեւորությունը, որ ուներ այս այցելությունը»։


Նախարարը վերահաստատեց՝  Բրազիլիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 

Վերջին օրերին շատ է խոսվում Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ այդ որոշումը ընդունվել է։ Դրա մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից եւ դրված է իրենց կայքում. «Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
Իհարկե, սա եւս մեկ կարեւոր քայլ է՝ ի նպաստ միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը»։


Համագործակցության խորացման  ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում
 

Իվիցա Դաչիչի հետ երկկողմ հանդիպումը, այնուհետեւ ԵԱՀԿ ձեւաչափով հանդիպումը՝ ԵԱՀԿ քարտուղարության եւ սերբական նախագահության ներկայացուցիչների մասնակցությամբ, օգտագործվել է քննարկելու նաեւ այլ հարցեր։ Նախարար Նալբանդյանը կարեւորել է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հաճախակի հանդիպումները, որոնք միջպետական հարաբերություններում բարձր մակարդակի խոսուն վկայությունն են. «Մենք պարոն Դաչիչի հետ հաճախ ենք հանդիպում ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային ֆորումների շրջանակներում։ Եվ դա բնական է, քանի որ Հայաստանը եւ Սերբիան, հայերն ու սերբերը եղբայրական երկրներ ու ժողովուրդներ են։
Պատմության ընթացքում բազմաթիվ են դրվագները, երբ հայ եւ սերբ ժողովուրդները փոխադարձ համերաշխության դրսեւորմամբ ծանր պահերին միմյանց ձեռք են մեկնել։ Մենք երկուստեք կարեւորում ենք Հայաստանին եւ Սերբիային կապող դարավոր բարեկամությունը։
Իհարկե, առանձին հիշատակման եւ գնահատանքի է արժանի Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մասնակցությունը Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումներին»։
Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ—սերբական օրակարգի հարցերը՝ առեւտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման հետ կապված։ «Մենք այս առիթը օգտագործեցինք՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ գործնական քայլեր են ձեռնարկվում պայմանավորվածությունների իրականացման համար. ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, աշխատում ենք Երեւանում եւ Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ»,–ասել է Էդ. Նալբանդյանը։
Երկկողմ հանդիպումից հետո ստորագրվել է երկու երկրների ԱԳՆ—ների միջեւ փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացում։
«Սա երկկողմ ձեւաչափով հանդիպման բովանդակության մասին։ Պարոն Դաչիչը Երեւան է այցելում նաեւ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ուստի մեր բանակցությունների ուշադրության կենտրոնում էին կազմակերպության օրակարգային խնդիրները։ Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ—ում սերբական առաջնայնությունների իրականացմանը։
Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին, դրա հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ քայլերին, շեշտեցինք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը»,–ասել է ՀՀ արտգործնախարարը։
Զրուցակիցները քննարկել են Բելգրադում տարվա վերջին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքները։
Իվիցա Դաչիչը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում՝ կազմակերպության երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ հյուրընկալության համար՝ նախարար Դաչիչը նշել է, որ Հայաստանը եւ Սերբիան եղբայրական պետություններ են, եւ կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու ամրապնդումը։
«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Հայաստանը բարեկամ երկիր է Սերբիայի համար։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ հատկապես տնտեսական եւ պատմական կապերը հայերի ու սերբերի միջեւ»,–եզրափակել է նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
 
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 142 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019