ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 25 » Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի եւ արդարության հաղթանակն է
09:21
Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի եւ արդարության հաղթանակն է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս տարի ոգեկոչման միջոցառումները յուրահատուկ են, քանի որ լրացավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Այդ նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում 4 երկրների նախագահներ։ ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների եւ պետությունների ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը։ Ըստ արարողակարգի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ողջունեցին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրանք ՀՀ նախագահի ու տիկին Ռիտա Սարգսյանի ձեռքը սեղմելուց հետո ծաղիկ ամրացրեցին ցեղասպանության խորհրդանիշի՝ անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակի վրա։
Անմոռուկը ամբողջացրեց ՀՀ նախագահը՝ տեղադրելով վերջին ծաղիկը։
Այնուհետեւ ելույթ ունեցան Սերժ Սարգսյանն ու հրավիրյալ պետությունների նախագահները։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը 
 

Մեծարգո՛ նախագահներ,
Պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժավն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24—ին, Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում եւ կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20—րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը։ Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը։ Այն, ինչ կատարվեց 1915 թվականին եւ շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով եւ հետեւանքներով։
Հայ ժողովրդի արեւմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց եւ բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների եւ հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ։
Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ։ Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունները։ Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը։
Երեկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին. նրանք այլեւս զոհեր չեն, այլ իրենց հեղված արյամբ մահվան եւ չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր եւ արդարության կոչ անող երկնային զինվորներ։
Հարգելի՛ ներկաներ,
Ցավոք, ապրիլ ամիսն իր սեւ հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության պատմության մեջ։ Այդ ամիսն է համարվում նաեւ Հոլոքոստի, Ռուանդայում եւ Կամբոջայում իրագործված ցեղասպանությունների սկիզբը։ Եվ այսօր, նույն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետեւ աշխարհի որեւէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» եւ «գիզոզիներ» չլինեն»։
Եվ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք եւ միախառնվելով օրերս Սուրբ աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելեւէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թո՛ղ ցրի հարյուրամյա ժխտողականության խավարն ու վերջ դնի նույնիսկ մեր օրերում՝ 21—րդ դարում, ցեղասպանության սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին։ Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին։
Հիշողության եւ պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձեւավորումն է։ Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»։ Վերքն արյունահոսում է, որովհետեւ աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը եւ պակաս՝ մարդկայնությունը։
Բայց չէ՞ որ դարեր շարունակ հենց մարդասիրությունն ու մարդկայնությունն են եղել մարդու իրավունքների միջազգային կառուցակարգերի ձեւավորման շարժիչ ուժը։ Հենց բարոյական մղումներով եւ համամարդկային արժեքներով տոգորված Անրի Դյունանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծմանը։ Հենց բարոյական արժեքներով եւ Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունից դրդված Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, որը, ցավոք, հետագայում բազմիցս պիտի կիրառվեր։ Ուշագրավ է, որ երբ Լեմկինին հարցնում էին, թե ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանում էր՝ դա այն է, ինչ պատահեց հայերի հետ։
Այո՛, այսօր էլ քիչ չեն համամարդկային արժեքների ժխտման եւ պատմության խեղաթյուրման դեպքերը, որոնք նպաստում են նմանատիպ հանցագործությունների կրկնությանը. Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին բոլորս ենք ականատես։
Մենք պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ եւս կդավաճանի իր տված «այլեւս երբեք» խոստմանը։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը կարծես թե դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ եւ միջազգային կառույցներ ճանաչեցին 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ՝ քրեականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մեկ համոզմունքով՝ դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու եւ նման էջեր այլեւս չգրելու միակ ուղին։
Հարգարժա՛ն հյուրեր,
Տեղահանության եւ աքսորի տառապանքներից հետո Սիրիայի Դեր Զորի անապատում վախճանվեցին հարյուր հազարավոր հայեր։ Դեր Զորում հուշարձան ու եկեղեցի էր կառուցված, որտեղ ամփոփված էին մեր նահատակների մասունքները։ Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետեւյալ խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ։ Մեզ այլեւս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին։ Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ ե՛ւ մեր, ե՛ւ մեր անմեղ զոհերի փոխարեն։ Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին»։ Դեր Զորի եկեղեցու բակում, երբ հնչում էին այս բառերը, ես այսօրվա պես նայում էի առաջ։ Անցյալ տարի այդ նույն եկեղեցին հուշարձանի հետ միասին ուղղակի պայթեցվեց։ Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչեւ այսօր ոմանց հանգիստ չեն տալիս։
Սա՛ է այսօրվա իրականությունը։ Նաեւ այստե՛ղ է խնդրի արդիականությունը։
Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, ուստի համամարդկային պատմությունն առանձնահատուկ երախտագիտությամբ է մշտապես հիշում եւ հիշատակում այն բոլոր մարդկանց, երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք, օգնության հասնելով ամենածանր պահին, փրկեցին ոչ թե միլիոնավոր մարդկանց ֆիզիկական գոյությունը միայն, այլեւ մարդկության հանդեպ մարդու սպանված հավատը։
Այսօր էլ Հայոց ցեղասպանությունը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնվությունը։ Հենց խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը։ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի եւ արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ։
Ուստի համայն հայության անունից շնորհակալ եմ Ձեզ, նախագա՛հ Անաստասիադես, նախագա՛հ Նիկոլիչ, նախագա՛հ Օլանդ, նախագա՛հ Պուտին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրությանը՝ ի դեմս այստեղ ներկայացված պետությունների եւ միջազգային կազմակերպությունների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային մեր կողքին լինել։ Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակություններին եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը։ Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են եւ ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար։
Հայ ժողովուրդը այսուհետեւ եւս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործած հանցագործություններից։ Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու։
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք եւ պահանջում։
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024