ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 06:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի պապը ս. պատարագ է մատուցել Վատիկանում/
14:45
Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի պապը ս. պատարագ է մատուցել Վատիկանում/

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12—ին այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Պատարագից հետո Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին սրբության հետ։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ սուրբ պատարագի համար։
Պատարագին ներկա էին նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։
Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը, սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»։
Հռոմի պապը հանդես է եկել հայերին հղած ուղերձով.
«Սիրելի հայ եղբայրներ եւ քույրեր,
Սիրելի եղբայրներ եւ քույրեր,
Մի քանի առիթներով ես խոսել եմ մեր ժամանակների մասին իբրեւ պատերազմի ժամանակներ, երրորդ համաշխարհային պատերազմը ընթանում է աստիճանաբար, մի պատերազմ, որի ընթացքում մենք ականատեսն ենք լինում դաժան հանցագործությունների, գազանաբարո ոճրագործությունների եւ իմաստազուրկ ավերածությունների։ Ցավոք, այսօր եւս մենք լսում ենք խլացված եւ մոռացված ճիչը անպաշտպան մեր բազում եղբայրների եւ քույրերի, ովքեր իրենց քրիստոնեական հավատքի կամ էթնիկ պատկանելության պատճառով սառնասրտորեն սպանվեցին՝ գլխատվեցին, խաչվեցին, ողջակիզվեցին կամ էլ ստիպված եղան լքելու իրենց հայրենիքը։
Այսօր եւս մենք ինչ—որ իմաստով ցեղասպանության միջով ենք անցնում, որի պատճառը ընդհանուր եւ հավաքական անտարբերությունն է, Կայենի հանցակից լռության պես, ով գոչում էր. «Ինչպե՞ս է դա ինձ վերաբերվում։ Արդյո՞ք ես եմ իմ եղբոր պահապանը»։
Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է, որպես «XX դարի առաջին ցեղասպանություն» (Հովհաննես Պողոս պապ եւ Գարեգին Երկրորդ, համատեղ հռչակագիր, Էջմիածին, 27 սեպտեմբերի, 2001թ.), պատահել է հայ ազգի՝ առաջին քրիստոնյա ժողովրդի հետ, ինչպես նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ սիրիացիների, ասորիների, խալդեացիների եւ հույների հետ։
Սպանվել են եպիսկոպոսներ եւ քահանաներ, հավատացյալ կանայք եւ տղամարդիկ, ծերեր եւ նույնիսկ անպաշտպան երեխաներ ու տկարներ։ Մյուս երկու [ողբերգությունները] իրականացվել են նացիզմի եւ ստալինիզմի ձեռամբ։ Ավելի նոր ժամանակներում այլ մասսայական սպանություններ նույնպես տեղի ունեցան, ինչպես օրինակ՝ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում։
Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնելու անմեղ արյան թափվելուն։ Թվում է, թե այն ոգեւորությունը, որ առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, այժմ արդեն հօդս է ցնդում։ Թվում է, թե մարդկությունը այլեւս հրաժարվում է տեռորի օրենքով պատճառված սեփական սխալների վրա սովորելուց, քանի որ այսօր նույնպես կան այնպիսիները, ովքեր փորձում են վերացնել այլոց՝ քչերի ձեռքերով եւ պարզապես մի կողմ են քաշված մյուսների հանցակից լռությամբ։ Մենք դեռեւս չենք հասկացել, որ «պատերազմը խելագարություն է», «մի անզգա արյունահեղություն»։
Սիրելի հայ քրիստոնյաներ, ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, եւ մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման եւ անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան վերապրել։ Կարեւոր է, եւ հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունն է մարում, չարիքն այդ վերքերը նորոգում է։ Թաքցնել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու։
Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելու համար։
Երախտագիտությամբ իր ներկայության համար՝ ողջունում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին։
Իմ ջերմ ողջույններն եմ հղում նաեւ իմ եղբայր պատրիարքներին եւ եպիսկոպոսներին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ կաթողիկոս Ամենայն հայոց, Նորին սրբություն Արամ Ա Կաթողիկոս Մեծի տանն Կիլիկիո, Նորին ամենափայլություն Ներսես Պետրոս XIX տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսարաններ եւ Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան։
Ամենակուռ հաստատակամությամբ, որ չարը երբեք չի սերվում Աստծուց, ով անսահման բարին է, եւ կանգնած է ամուր հավատքով, եկեք աղոթենք, քանի որ դաժանությունը երբեք չի կարող համարվել Աստծո գործը եւ ավելին՝ չի կարող երբեք Նրա Անունով գտնել որեւէ արդարացում։ Եկեք շարունակենք այս պատարագը՝ մեր հայացքը հառելով Հիսուս Քրիստոսին, Ով հարություն առավ մեռյալներից եւ հաղթանակեց մահվան ու չարության նկատմամբ»։
Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվել է հոգեհանգստյան արարողություն Մեծ եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջինը եւս հանդես են եկել ելույթներով։
«Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց ցեղասպանությունը, վերացնել դրա հետեւանքները եւ ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանությունների։ Այսօր էլ հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության ու կարոտության մեջ են, հալածվում ու իրենց կյանքով են վճարում հավատքի համար։ Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման եւ իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը։ Այս իմաստով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը հրավեր է աշխարհին անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ եւ գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու եւ կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները։ Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի առիթով մատուցված այս սրբազան պատարագին, մեր նահատակների նվիրական հիշատակի առջեւ մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ սրբության երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15—րդ պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ սուրբ Հովհաննես Պողոս Բ պապը մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թվականին ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս առումով կարեւոր նշանակություն ունի նաեւ Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը։ Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին եւ դատապարտեցին, այլ նաեւ մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23—ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո եւ վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները։ Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին, եւ աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները»,– հավելել է Վեհափառ հայրապետը։
«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղյանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի եւ հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով»,–իր ելույթում նշել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու համար, որ Աստծո այդ տաճարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։
Արամ Ա կաթողիկոսն իր ելույթի մյուս մասը շարունակել է անգլերեն։
«Ցեղասպանությունն անհերքելի եւ անմոռանալի փաստ է, որը խորապես հիմնված է ժամանակակից պատմության էջերում եւ առավելապես հայերի գիտակցության մեջ։ Հետեւաբար, բոլոր փորձերը այն ջնջելու եւ մոռացության մատնելու դատապարտված են անհաջողության»,– ասել է Արամ Ա—ն։
Նա ներկաներին հիշեցրել է, որ 1915—ին 1,5 մլն հայեր զոհ են դարձել Օսմանյան կայսրության մանրամասն կանխամտածված եւ սիստեմատիկորեն իրականացված սպանությունների։
Արամ Ա—ն շեշտել է, որ բացի 1,5 մլն զոհերից, անչափ ցավալի է, որ ոչնչացվել, բռնագրավվել կամ կորսվել են հազարավոր պատմական, կրոնական եւ մշակութային ժառանգություն հանդիսացող մի շարք եկեղեցիներ եւ վանքեր, ինչպես նաեւ մարդասիրական, բարեգործական եւ համայնքային կենտրոններ։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ ցեղասպանությունը մարդու դեմ ուղղված հանցագործություն է, եւ դրա դատապարտումը, ճանաչումը եւ փոխհատուցումը միմյանց հետ փոխկապակցված են։ Արդարությունը մարդու կողմից չի ստեղծված, այլ տրված է աստծու կողմից, հետեւաբար անարդարությունը մեղք է Աստծու դեմ»,–ասել է նա։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024