ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 16:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18 » Դեմ առ դեմ շփումներն օգտակար են /Խաղաղ կարգավորման հասնելու համար պետք է օգտագործել ժնեւյան դրական դինամիկան/
13:03
Դեմ առ դեմ շփումներն օգտակար են /Խաղաղ կարգավորման հասնելու համար պետք է օգտագործել ժնեւյան դրական դինամիկան/

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ժնեւյան հանդիպումը մեծ արձագանք է ստացել։ Հնչում են լավատեսական կարծիքներ, որ այն «շարքային» հանդիպում չէ, եւ դրա շնորհիվ սահմանային լարվածությունը կարող է էականորեն նվազել։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ժնեւում կայացած հանդիպումը։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի խոսնակի հրապարակած հայտարարության համաձայն, Գուտերեշը ոգեւորված է բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար հավելյալ քայլեր իրականացնելու՝ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ—ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ կողմերին կոչ է անում օգտագործել ժնեւյան հանդիպման ստեղծած դրական դինամիկան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցված կարգավորման հասնելու համար»,—ասված է ՄԱԿ—ի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։
«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ եւ նախագահների հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու բանակցային գործընթացը ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում»,–ասված է ԵԱՀԿ—ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
ԵԱՀԿ—ում նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում։
«Խաղաղության նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում։ ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի միջոցով, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,–ասված է ԵԱՀԿ—ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դրական է գնահատում հանդիպման արդյունքները։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքները կարող են լավ հիմք լինել հետագայում որոշակի առաջընթաց ապահովելու համար. «Շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ, մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն։ Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է։ Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը մշտապես խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ էլ չի գնա այդ քայլին, Կորյուն Նահապետյանը պատասխանել է. «Առաջին հերթին շատ կարեւոր է հասնել որոշակի համաձայնությունների։ Դա հեշտ չի տրվում։ Հատկապես այն լարված պայմաններում, որում գտնվում են կողմերը։ Դա նշանակում է, որ մեծ աշխատանք են կատարել թե միջնորդները, թե երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները։ Որպես առաջին քայլ, իհարկե, պետք է հասնել համաձայնության։ Երկրորդ ամենակարեւոր քայլը այդ համաձայնությունների պահպանումն է։ Հայկական կողմն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները, բայց կյանքը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը կարող է մի բան հայտարարել, բոլորովին այլ բան իրականացնել»։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը եւ հատկապես Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ համաձայնությունները կատարվեն։
«Հանդիպումից չնայած առանձնապես սպասելիքներ չկային, այնուամենայնիվ, դրա կայացումն արդեն իսկ ճիշտ է»,–այդպես է կարծում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։ «Ճիշտը հանդիպելն է, այդ դեպքում իրավիճակը վերահսկելու, վտանգները մեղմելու հնարավորությունն ավելի է մեծանում, քան մեջքով իրար կանգնելու դեպքում»,–ասել է Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ հանդիպումն այնքան էլ սիրալիր ու հեշտ ընթացք չի ունեցել, ու, հավանաբար, կողմերը քննարկել են, թե սահմանում ստեղծված իրավիճակը որքան կարող է այսպես շարունակվել։ «Այս հանդիպումը փոքր—ինչ հույս է ներշնչում, որ առաջիկայում անվտանգության մեխանիզմների ներդրումը կարող է ինչ—որ հեռանկար ունենալ»,–հույս է հայտնել պատգամավորը։


Արձագանք Բաքվի արձագանքին
 

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ժնեւում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը եւ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 
«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծել է հանդիպման երկու կարեւորագույն կետերը՝ որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ որ կարեւորն անվտանգության խնդիրն է, դա հայկական կողմն ասել է եւ տասը տարի առաջ, եւ այսօր, եւ ասելու է վաղը. «Մենք որեւէ կապ չունենք բանակցությունների մանրամասների հետ, եւ կարիք չկա հանրությանն ու միջազգային հանրությանը փորձել շփոթության մեջ դնել»։ Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ՀՀ նախագահն ասել է այն, ինչ հրապարակային տվել է Մինսկի խումբը։ «Իսկ Արցախի հետ կապված՝ Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայկական կողմը եւս մեկ անգամ կրկնում է»,–հավելել է Շարմազանովը։
«Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի։ Թե՛ իր, թե՛ Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ»,–ասել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի հայտարարությանը. «Ժնեւի հանդիպումից հետո ՀՀ նախագահի՝ Ադրբեջանի նախագահի հանդեպ դիվանագիտկան պարկեշտությունը պահպանող մեկնաբանությունների ֆոնին Նովրուզ Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին»։
Մամեդովի հայտարարությանն արձագանքել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա, արձագանքելով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարել է հետեւյալ գրառումը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու եւ իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»։


Հայկական կողմը լավ էր պատրաստվել
 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը գոհունակությամբ նշել է, որ լրատվական նախապատրաստման եւ հանդիպման հետագա քայլերի մասով այս անգամ, կարծես, հայկական կողմը դասեր էր քաղել։
Նրա խոսքով՝ հայկական կողմը չսպասեց, որ Ադրբեջանն ինչ—որ հայտարարություն անի, որ հետո փորձի արձագանքել դրան. «Հենց հանդիպման ընթացքում միանգամից նկարում էին, ճիշտ նկարներ էին ընտրում եւ դնում, նույնիսկ շատ վերլուծություններ կային, որ Սերժ Սարգսյանը ժպտում է, բարձր տրամադրություն ունի, որն ինչ—որ չափով նաեւ մեզ էր վստահություն հաղորդում, որ հայկական կողմն այդտեղ գնացել է ուժեղ դիրքերից, ու քննարկման խնդիրն այն է, որ որեւէ իմաստով հետ չի կանգնել իր նախկինում բարձրաձայնած պայմաններից»։
Թ. Պողոսյանը գտնում է՝ ե՛ւ ՄԱԿ—ի ամբիոնում, ե՛ւ Հայաստան—սփյուռք համաժողովին Սերժ Սարգսյանի ելույթները, ե՛ւ Արմեն Աշոտյանի խոսքերը ՀՀԿ գերագույն մարմնի խորհրդից հետո, ե՛ւ Շավարշ Քոչարյանի խոսքը մի քանի օր առաջ, միտված էին, որ հայկական կողմը որեւէ իմաստով հետ չէր կանգնում իր պայմաններից. «Առաջին անգամ հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն այցելում է դեսպանատուն, հանդիպում է համայնքի հետ։ Այդ խոսքը, որն ասվեց, ինձ թվում է՝ շատ հետաքրքիր ձեւով պատրաստված է եղել, որ «հանդիպմանը որեւէ առաջընթաց հարցի կարգավորման առումով չկա, այնուամենայնիվ, քննարկել ու պայմանավորվել ենք՝ սահմանի լարվածությունն իջեցնելու մասով»։
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, Թ. Պողոսյանը գտնում է՝ որեւէ մեկը պետք է ակնկալիք չունենար այդ առումով, որովհետեւ առաջնագծի կյանքը ցույց է տալիս, որ որեւէ հույս ունենալու իմաստ չկա, թե Ադրբեջանը փոխելու է իր վարքագիծը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զինվել, ո՛չ նոր մոտեցում է հայտնել, ո՛չ հայտարարել է, որ ինչ—որ նոր գործողություններ է անելու, իսկ Ալիեւի խոսքին էլ, ըստ Թ. Պողոսյանի, հավատալու իմաստ չկա. «Նույնիսկ թղթի վրա գրված պայմանավորվածությունը չի կյանքի կոչում, ուր մնաց՝ բանավոր խոսքով համաձայնությունը պահի»։
«Բոլոր դեպքերում, բանակցություններ ունենալն այս վիճակում շատ ավելի լավ է, քան բանակցություն չունենալը, եթե մի կյանք էլ փրկվի դրանից, արդեն լավ է»,–ասել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Ըստ նրա՝ այստեղ, փաստորեն, երկու կողմն էլ գնացել է դասական դիվանագիտության եւ բանակցային դիվանագիտության տրամաբանության ճանապարհով։ Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարություններին, թե Հայաստանը գնում է հանդիպման՝ առանց նախապայմանի, սա պարզապես դիվանագիտական կամ հռետորաբանական բլեֆ է. «Ինքը մասնագիտությամբ դիվանագետ է եւ շատ լավ գիտի, որ առանց նախապայմանի եւ առանց պայմանի բանակցություն չի լինում, եթե նույնիսկ այդ մասին չի հայտարարվում։ Բա ի՞նչ է, նստում են այնտեղ սո՞ւրճ են խմում։ Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, այնտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, կա կոշտ մոտեցում, կան եւ մանեւրելու տեղեր»։
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բնորոշմամբ՝ բանակցությունն ունի իր օրենքները եւ կանոնները, այդ կանոնների մեջ է մտնում նաեւ բանակցության գաղտնի բլոկը։ Եթե չլինի, ապա բանակցությունն իմաստը կորցնում է, եթե քննարկման նյութը մանրամասնորեն հայտարարվի, ապա դա նույնպես կարող է վնասել գործընթացին։
«Այն, որ նրանք երկու անգամ առանձնազրույց ունեցան, վկայում է այն մասին, որ խոսել են այնպիսի բաների մասին, որ պետք չէր հրապարակել, եւ պետք էր համաձայնության գալ համանախագահների հետ քննարկելուց հետո»,–պարզաբանել է Արման Նավասարդյանը։
Նա նկատել է, որ հայտարարության մեջ շատ պարզ ասվում է՝ երկու կողմն էլ գնում է լարվածության թուլացման ճանապարհով, փորձում են դա անել եւ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նախագահը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Սա մեզ համար ամենակարեւորն է։ Իսկ մնացած պայմանները, այդ մադրիդյան չարագուշակ սկզբունքները բացարձակապես ընդունելի չեն մեզ համար։ Համենայն դեպս, երեկ կարդացի ադրբեջանական մասս մեդիան եւ այնտեղ նույն բաները կրկնվում են՝ «Հողերը կհանձնեք, ժամանակավոր ստատուս կլինի, կվերադառնան այնտեղ մեր փախստականները» եւ այլն։ Այստեղ նորություն չկա, իսկ, ընդհանուր առմամբ, իհարկե, չեմ կարծում, որ սա ճեղքում լինի հարաբերություններում»,—նշել է Ա. Նավասարդյանը։
«Այս հանդիպումը, բոլոր դեպքերում, լավ էր, որ կայացավ, կողմերի հռետորաբանության մեջ փոփոխություն է զգացվում»,—կարծում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանին ստատուս—քվոն փոխելը ձեռնտու է, Հայաստանին՝ առայժմ ոչ։ «Բոլոր քննարկումները դրա շուրջ են, եւ նույն Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն Ալիեւի կողմից չկատարելը նորից ուղղված է դրան, որովհետեւ եթե նորմալ մոնիթորինգային գործընթաց սկսվի, այդ դեպքում, ըստ Ադրբեջանի, շարունակում է պահպանվել ստատուս—քվոն հօգուտ Հայաստանի։ Այդպիսին են պատկերացումներն Ադրբեջանում։ Եվ նրանց տեսակետը հետեւյալն է՝ արագ լուծում տալ կամ չհամաձայնել որեւէ մոնիթորինգի, որեւէ ստատուս—քվոյի պահպանման։ Ես վստահ եմ, որ քննարկվել է անվտանգության հարցը եւ որոշակի պայմանավորվածություններ գուցե ձեռք են բերվել, որոնք հայտարարելու ենթակա չեն։ Բայց այս հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք, որովհետեւ միայն բանակցություններով հարց լուծել հնարավոր չէ։ Մեր տեսակետը բանակցություններում պարզ է. շատ վաղուց՝ արդեն գրեթե 20 տարուց ավելի հայտնում ենք, Ադրբեջանի տեսակետը նույնպես պարզ է, դրա լուծման ուղիները, կարծում եմ, պետք է որոշ այլ տեղերում փնտրել»,—նշել է Ստեփան Մարգարյանը։
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ստատուս քվոյի փոփոխության վրա հիմնված որեւէ գործընթաց չի կարող փակուղուց եւ պատերազմից բացի որեւէ այլ տեղ տանել»,–կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով՝ եթե մինչ ապրիլյան պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ ունեին որոշակի տեսակետներ, որ հնարավոր է՝ այդ տարբերակով ինչ—որ բանի հասնել, ապա ապրիլյան պատերազմից հետո բոլորի համար է պարզ, որ այդ տարբերակը հենց սկզբից մեռելածին էր. «Այդ առումով, կարծում եմ, որ հիմա ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, հակառակը՝ ներկայումս կա ստատուս քվոն պահելու համար նոր քաղաքական բանաձեւի ձեւավորման խնդիր, որի միջոցով հնարավոր կլինի պահել այդ իրավիճակը, այդ կայունությունը»։
Բադալյանն ասել է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը հայկական կողմի ներուժի արդյունք կարող են լինել։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ հանդիպումն այս անգամ լավատեսական է անցել, եւ, կարծես թե, հայկական կողմի օրակարգային մի քանի հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ «Հանդիպումը կառուցողական էր, եւ հիմնական թեզն այն էր, որ կողմերը պայմանավորվել են շփման գծում լարվածությունը նվազեցնելու շուրջ։ Հաջորդ մեսիջը Սերժ Սարգսյանի՝ սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն էր, որ կողմերը կոնֆլիկտի լուծման տարբերակի վրա դեռեւս դուրս չեն եկել, եւ երրորդ մեսիջը, որ հնչեց ՀՀ նախագահի կողմից՝ Արցախի հարցն էր»,–ասել է քաղտեխնոլոգը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունը ստորագրեցին ոչ միայն համանախագահները, այլեւ երկու երկրների արտգործնախարարները, ինչը նշանակում է, որ հայտարարության մեջ չկան կետեր, որոնք հակասում են այս կամ այն կողմի շահերին։
Հակոբյանը ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը լուսաբանելիս ադրբեջանական կողմը հիմնականում օգտվել է հայկական աղբյուրներից եւ մինչ այսօր որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։
«Հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, ինչի մասին արդեն հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,– «Aysor.am»—ին ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Մինասյանի խոսքով՝ վերջին 10 տարվա ընթացքում Մինսկի խմբի գլխավոր նպատակը հենց այդ լարվածության նվազեցումն ու վստահության մեխանիզմների ձեւավորումն է։
«Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) փորձագետ Օլեսյա Վարդանյանը «Ինչպե՞ս Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության. բաղադրատոմսեր Բաքվից եւ Երեւանից» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել հանդիպմանն ու գրել, որ այն կարող է օգնել վերջ դնել ԼՂ հակամարտության գոտում շարունակական լարվածությանը. «Նախագահների հանդիպումը հույս է ներշնչում, որ Ղարաբաղի թեման շփման գծից կտեղափոխվի բանակցային սեղան։ Եթե նախագահներին հաջողվի նման բան անել, ապա 2017թ. հոկտեմբերի 16—ը կհամարվի շրջադարձային օր...»։ hhpress.am

Ա. Խ.

 

Դիտումներ: 354 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024