2007թ. աշնանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւով որոշվեց սեպտեմբերի 15-ը հռչակել ժողովրդավարության համաշխարհային օր։ Բանաձեւում ժողովրդավարությունը ամրագրվեց որպես համընդհանուր արժեք՝ հիմնված ժողովրդի ազատ կամարտահայտության վրա՝ սահմանելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգերը եւ լիարժեք մասնակցությամբ լուծելու կյանքի բոլոր ասպեկտներին վերաբերող հարցերը։ Որքանո՞վ է Հայաստանը ժողովրդավար պետություն եւ ի՞նչ ենք անում դրան հասնելու համար։
«Մենք ժողովրդավարության սկզբնական փուլում ենք։ Հեղափոխության արդյունքում ժողովրդական արժեքների ուրվագիծն արդեն ունենք։ Ձգտումները մեր ժողովրդավարական են, մեխանիզմները՝ դեռեւս ոչ։ Հին օրենքներով նոր Հայաստան կառուցելու ընթացքի մեջ ենք։ Սակայն պետք է արագ փոխենք մեր հիմնական օրենքները, որպեսզի համապատասխանեցնենք նոր Հայաստանի պահանջներին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում հնչեցված հարցերին ի պատասխան՝ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ համարելով, որ ժողովրդավարության զարգացման տեսլականը պետք է ուրվագծված լինի առաջին հերթին կառավարման համակարգում եւ, որ ամենակարեւորն է, ժողովրդին հասկանալի եւ հասանելի ձեւով։
Պատգամավորի խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ո՞ւր է գնում այն պետությունը, որը ժողովրդավարական զարգացման ուղի է ընտրել, ո՞ւր է տանելու, եւ ո՞ր հանգրվանին ե՞րբ է հասնելու։ «Փուլային զարգացման ընթացք պիտի տեսնենք, որպեսզի հասկանալի լինի, թե հինգ տարի հետո ո՞ր կետին ենք հասնելու, եւ թե ո՞ր ուղղություններն ենք զարգացման գերակա ուղղություն համարելու։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է լուծել, որպեսզի «ժողովրդավարություն» տերմինը դարձնենք իրական ժողովրդավարություն»,–նկատեց Բագրատյանը՝ հավելելով՝ այս պահին միայն ցանկության եւ ձգտումների մեջ ենք, ժողովրդավարություն ունենք միայն քաղաքական համակարգում, մնացած ոլորտներում այն դեռեւս սաղմնային վիճակում է։
Պատգամավորի դիտարկմամբ՝ այն պետք է տեղափոխվի նաեւ տնտեսական հարթություն, մշակութային, արվեստի, գիտության… «Ի վերջո ժողովրդավարությունը կեցություն է, եւ պետք է այլեւս դառնա մարդու արժեհամակարգի անքակտելի մաս»,–շեշտեց պաշտոնյան։
Հ. Գ. Հետաքրքրական է, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա եւ ունեցել բոլորովին այլ նշանակություն։ Ժողովրդավարությունը Պլատոնը համարել է նախանձող աղքատների իշխանություն։
Իր ութերորդ՝ «Պետություն» գրքում պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։ Մոտավորապես այսպիսի կարծիք է ունեցել նաեւ Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը։ Ըստ Արիստոտելի՝ նմանատիպ կառավարման ձեւը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձեւի խեղաթյուրման։ hhpress.am
|