ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 19 » Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է /Բացվել է առաջին արեւային լիցքավորման կայանը/
10:19
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է /Բացվել է առաջին արեւային լիցքավորման կայանը/

Տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատելու նախագծին՝ այդ կերպ խրախուսելով դրանց կիրառումը օդի աղտոտվածության նվազեցման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից։ 
«ՀՀ»–ն տարեսկզբին անդրադարձել էր երկրում էլեկտրամոբիլների շահագործման ենթակառուցվածքների սահմանափակման խնդրին՝ մատնանշելով աշխարհում դրանց կիրառման տարածվածությունն ու առավելությունները։
Այն, որ աշխարհի շատ երկրներում վերջին տարիներին վառելիքով ավտոմեքենաներից անցում է կատարվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործմանը, դեռ չի վկայում այն մասին, որ նույն պատկերը կարող է արձանագրվել նաեւ մեզանում։ Հայ վարորդները դժվար թե կարողանան այդքան հեշտությամբ հրաժեշտ տալ ավանդական վառելիքով շահագործվող մեքենաներին, որոնք պրակտիկորեն ավելի հեշտ է լիցքավորել ցանկացած մոտակա կայանից։
Թեպետ հին տարեթիվ ունեցող մեքենաների նկատմամբ հայաստանյան օրենսդրությունը բարյացակամ չէ եւ հաջորդ տարվանից նախատեսվում է գույքահարկը բարձրացնել, այսինքն՝ վարորդին ստիպել բնության աղտոտման դիմաց ավելի թանկ վճարել, այդուհանդերձ Հայաստանում վառելիքով շահագործվող մեքենաներն են շարունակում դեռեւս գերակշռել։
Խոսենք էլեկտրամոբիլների շահագործման առավելություններից։ Բացի օդը չաղտոտելու եւ անաղմուկ աշխատելու գործոններից, դա նաեւ շահավետ է տնտեսապես։ Մեքենան սպասարկվում է սովորական էլեկտրաէներգիայի լիցքավորմամբ եւ կարելի է լիցքավորել տան պայմաններում՝ սովորական հոսքագծով։ Բացի այդ, այս նորագույն մեքենաների մարտկոցները առավել երկար են ծառայում։ Յուրաքանչյուր պետություն նման ավտոմեքենաների շահագործումը խրախուսելու նպատակով տարբեր մեթոդներ է կիրառում։ Կան պետություններ, որտեղ կառավարությունը սուբսիդավորում է մեքենայի արժեքի մի մասը՝ մեծացնելով պահանջարկը դրանց հանդեպ։ Մեր երկրի կառավարությունը էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու համար ԱԱՀ—ից ազատեց ներկրողներին, սակայն խնդիրը դրանով չլուծվեց։
Ցանկացած գնորդ ունի մտավախություն, որ լիցքակայանների բացակայության կամ սակավաթիվ լինելու պատճառով չի կարողանա մեքենան լիարժեք շահագործել, իսկ միայն ներկրումը դեռ այն ազատ շահագործելու երաշխիք չէ։ Ուստի դա է պատճառը, որ տարեսկզբից էլեկտրամոբիլների թիվը դեռեւս աննշան է։
Նշենք, որ առաջին էլեկտրամոբիլը Հայաստան է ներկրվել դեռեւս 2013—ին, 2017 թվականի սեպտեմբերին ճանապարհային ոստիկանությունում գրանցվել է 12 էլեկտրամոբիլ, ընդ որում՝ մեկը մոտոցիկլ։ Մինչ ԱԱՀ—ից ազատման մասին որոշման նախագծի ընդունումը, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներից օգտվողների թիվն արդեն կազմում էր մի քանի տասնյակ։
Եթե խոսենք բնապահպանական տեսակյունից, ապա բնապահպանները միանշանակ կողմ են դրանց կիրառմանը, քանի որ էլեկտրաէներգիայով լիցքավորվող մեքենաները առհասարակ վնաս չեն հասցնում բնությանը եւ թունավոր արտանետումներ չեն առաջացնում, որոնք տարբեր հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի առաջացման վտանգի ռիսկ են պարունակում։
Այն, որ շուկայում նորագույն մեքենաների նկատմամբ արդեն հետաքրքրություն կա, փաստեց ԷՅ ԲԻ ՍԻ էլեկտրամոբիլների ներկրմամբ եւ սպասարկմամբ զբաղվող ընկերության ղեկավար Արա Խաչատրյանը։ Պետություն—մասնավոր հատված համագործակցության արդյունքում արդեն, նրա տեղեկացմամբ, գործընթաց է սկսվել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների կառուցման եւ սպասարկման ուղղությամբ։ «Ելնելով այն կարեւոր սոցիալական բաղադրիչից, որ էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը ազատված է ԱԱՀ—ից, իսկ 2020 թ. ավտոմեքենաների մաքսազերծումն է թանկանալու, կանխատեսելի է, որ կմեծանա այս մեքենաների գրավչությունը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ընկերության ղեկավարը։ Նրա տեղեկացմամբ, Հայաստանից զատ, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները կսկսեն շահագործվել նաեւ Արցախում։
Այժմ համագործակցություն է սկսվել ԱՀ կառավարության հետ, ըստ որի նախատեսվում է մինչեւ 2030 թ. ամբողջությամբ անցում կատարել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների շահագործման ծրագրին։ 
«Կարծում եմ, այնտեղ ավելի մեծ թափ կառնի այս նորագույն ավտոմեքենաների տարածումը՝ մի քանի հանգամանքով պայմանավորված։ Նախ Արցախում էլեկտրաէներգիայի սակագինը ավելի ցածր է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՀ—ն ունի էլեկտրաէներգիայի ինքնաբավության խնդիր եւ ավելի շատ էներգիա է արտադրում հէկերի միջոցով, քան առկա պահանջարկն է։ Քանի որ արդեն իսկ էլեկտրաէներգիայի արտադրման առումով Արցախն ինքնաբավ է, ուստի տեսականորեն ամբողջ տրանսպորտային ցանցը կարող է փոխարինվել էլեկտրամոբիլներով։ Արդյունքում կնվազեցվի կամ առհասարակ կդադարեցվի վառելիքի ներմուծումը Արցախ, ինչը կապահովի վերջինիս տնտեսական անկախությունն ու էներգետիկ անվտանգությունը։ Եվ այս ամենին հնարավոր կլինի հասնել, տրանսպորտային ողջ հանգույցը էլեկտրական համակարգով աշխատացնելու պարագայում»,–ասաց Ա. Խաչատրյանը։
Նշենք, որ Արցախում նախորդ տարի շահագործման են հանձնվել եւս երկու փոքր հէկեր։ Նոր նախագծերի շնորհիվ առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից։
Ինչ վերաբերում է Հայաստանում դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության խնդրին, ընկերության ղեկավարը նշեց, որ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Երեւանի քաղաքապետարանի հետ նախորդ շաբաթ ձեռք է բերվել համաձայնություն մայրաքաղաքի բոլոր համայնքներում տեղադրելու 37 լիցքավորման կայաններ, որոնցից ոմանք նախատեսված կլինեն կրկնակի արագությամբ լիցքավորման համար։ Անվճար կսպասարկվեն միայն սովորական ժամանակահատվածում լիցքավորվող մեքենաները, որոնց տեւողությունը կլինի մոտավոր 3—4 ժամ։ Որպեսզի վճարման գործընթացը լինի առավել պատշաճ ու կազմակերպված, դրանց ներկրմամբ եւ սպասարկմամբ զբաղվող ընկերության ղեկավարի տեղեկացմամբ՝ իրենք նորագույն ձեւաչափ են գտել։ Նախատեսվում է հեռախոսային հավելված ստեղծել, որով հնարավոր կլինի անմիջապես քարտից փոխանցել գումարը եւ նույնիսկ լիցքավորման համար նախապես հերթագրվել։ Ընկերությունը առաջարկ է ներկայացրել նաեւ պատկան կառույցներին էլեկտրամոբիլների շահագործման համար հատուկ ճանապարհային գծանշումների կազմակերպման գործընթաց սկսելու համար։ Ակնկալվում է նաեւ հատուկ կայանման արգելք սահմանել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների հարակից ճանապարհահատվածում, որպեսզի այլ ավտոմեքենաները չխոչընդոտեն էլեկտրամոբիլների սպասարկմանը։
Բացի մայրաքաղաքից, հանրապետության խոշոր 10 քաղաքների համայնքային ղեկավարների հետ եւս ձեռք է բերվել պայմանավորվածություն լիցքակայանների ստեղծման ուղղությամբ։ Ի դեպ, առաջին արեւային անվճար կայանն արդեն տեղադրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որի պաշտոնական բացումը օրերս կկայանա։ Խաչատրյանը զրույցում վստահեցրեց, որ իրենց նպատակն է կարճ ժամանակահատվածում նման լիցքավորման կայաններ տեղադրել նաեւ մյուս խոշոր քաղաքներում։
Իմ կարծիքին, որ էլեկտրամոբիլների շահագործումը նախ եւ առաջ սոցիալական առումով է ձեռնտու եւ հիմնական գրավչությունը առանց վառելիքի շահագործելն է, զրուցակիցս հակադրվեց։ Նա նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլեկտրամոբլով երթեւեկում են նաեւ վճարունակ խավի ներկայացուցիչները, քանի որ դա թրենդային է։ 
Հունվար—հուլիսին էլեկտրամոբիլների գլոբալ շուկան թեպետ աճել է 35 տոկոսով, սակայն էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների վաճառքները նվազել են 14 տոկոսով՝ մոտավորապես մինչեւ 128 հազար հատով։ Մասնավորապես, վաճառքները նվազել են Չինաստանում եւ Հյուսիսային Ամերիկայում, միեւնույն ժամանակ Եվրոպայում դրանք ավելացել են։ Այս առումով զրուցակիցս վստահեցրեց, որ Չինաստանում ոչ թե պահանջարկն է նվազել, այլ կառավարությունը դադարեցրել է դրանց սուբսիդավորումը՝ ելնելով ժողովրդի թվաքանակից եւ բյուջեից հատկացվող ահռելի միջոցներից։ Օրինակ՝ Ճապոնիայում պետությունը շարունակում է 50 տոկոսով սուբսիդավորել էլեկտրական շարժիչով մեքենաների ձեռբերումը եւ առհասարակ շատ քաղաքակիրթ երկրներում պետությունը խրախուսում է դրանցը կիրառումը տարբեր եղանակներով։ Սկանդինավյան երկրներում մինչեւ 2025 թ. նախատեսվում է գերակշիռ դարձնել այս նորագույն ավտոմեքենաներով երթեւեկությունը։ Նույնիսկ հարեւան Վրաստանում է դրանց շահագործման թիվն էապես աճել։
Իսկ վերջերս Քութայիսում սկսել են արդեն զարկ տալ տեղական էլեկտրամոբիլների արտադրությանը։
Ինչպիսին կլինի պատկերը Հայաստանում, դեռեւս վաղ է կանխատեսել, քանի որ ցանկացած նորարարության ինքներս միշտ դժվար ենք հարմարվում։ Գուցե ենթակառուցվածքների ստեղծումը եւ մատչելի պայմաններով սպասարկումը նպաստեն հինը նորով փոխարինելու գաղափարին։

 

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 302 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024