ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 5 » Երբ փոփոխությունները տասնյակներով են, իրավիճակը փոխել է պետք /Գործադիրը հավանություն տվեց նոր քրօրենսգրքի հայեցակարգին/
09:19
Երբ փոփոխությունները տասնյակներով են, իրավիճակը փոխել է պետք /Գործադիրը հավանություն տվեց նոր քրօրենսգրքի հայեցակարգին/

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին։ Անհրաժեշտությո՞ւն է, արդյոք, այս փաստաթղթի գոյությունը, գուցե հերթական լրացումներով ու փոփոխություններո՞վ բավարարվեինք։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, նոր օրենսգրքի հայեցակարգի կարիքը միանշանակ կա։
Նախարարի խոսքերով, մեր երկրի գործող քրեական օրենսգրքի կիրառման ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանցավորության դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում։ Բացի այդ, քրեական գործող օրենսգրքի նորմերի գիտական վերլուծությունը եւ կիրառման պրակտիկան բացահայտեցին օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ։ «Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։ Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության եւ քրեաիրավական քաղաքականության ժամանակակից միտումներին։ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը։ Բայց ամենակարեւորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն»,—շեշտեց արդարադատության նախարարը։
Նա միաժամանակ հավելեց, թե լուրջ թերություններ ունի պատժի համակարգը։ Գործող օրենսդրության պայմաններում հաճախ դատարանը ազատազրկմանն այլընտրանք չի ունենում։ Այստեղից էլ ազատազրկում պատժատեսակի չարդարացված հաճախակի կիրառումը, ինչն արդեն պրոբլեմներ է ստեղծել քրեակատարողական հիմնարկների համար։ Բացի այդ, ազատազրկում պատժատեսակի հաճախակի կիրառումը կարող է նպաստել հասարակական հարաբերությունների քրեականացմանը, քաղաքացիական հասարակության մեջ «գողական օրենքների» տարածմանը։ Դատարանները հաճախ ելքը գտնում են պատիժը պայմանականորեն չկիրառելով, բայց այս ինստիտուտի ոչ հստակ եւ բացերով ու թերություններով աչքի ընկնող օրենսդրական կարգավորումը չի նպաստում պատժողական քաղաքականության արդյունավետությանը։


Ռեցիդիվային  հանցավորության դեմ պայքարը կուժեղացվի
 

Մի խոսքով, բացերը շատ են, ուստի դրանք թվարկելու փոխարեն բանախոսը հարկ համարեց միանգամից անդրադառնալ առաջարկվող լուծումներին։
Նախարարը ուշադրություն հրավիրեց դրանցից հատկապես մի քանիսին, օրինակ՝ քրեականացմանը եւ ապաքրեականացմանը։ Ըստ այդմ, ապաքրեականացումը պետք է վերաբերի այն արարքներին, որոնց քրեականացումը իրականացվել է պահի ազդեցության տակ, մեկ կոնկրետ դեպքի առնչությամբ՝ առանց հաշվի առնելու արարքների քրեականացման անհրաժեշտությունը։ Ապաքրեականացման են ենթակա նաեւ ոչ մեծ ծանրության որոշ հանցատեսակներ, որոնք կարող են դասվել վարչական իրավախախտումների շարքին։ Բացի այդ, պետք է ապաքրեականացնել որոշ տնտեսական հանցագործություններ, որոնք քաղաքացիաիրավական կարգավորում են ենթադրում։
Ռեցիդիվային հանցավորության դեմ պայքարը պետք է ուժեղացվի։ «Հանցավորության կառուցվածքում ռեցիդիվային հանցավորության տեսակարար կշռի ավելացումը բարձրացնում է հանցավորության հանրային վտանգավորության մակարդակը, ուստի դրա դեմ արդյունավետ պայքարը, այդ թվում՝ քրեաիրավական միջոցներով, անչափ կարեւոր է։ Ի տարբերություն գործող օրենսգրքի, նախատեսվում է հանցագործությունների ռեցիդիվի համար նախատեսել ոչ միայն պատժի նվազագույն շեմ, որից պակաս դատարանը չի կարող նշանակել, այլեւ թույլ տալ դատարանին նշանակելու սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն չափից ավելի խիստ պատիժ՝ սահմանելով այն առավելագույն չափը, որից ավելի դատարանը չի կարող նշանակել։ Պատժի առավելագույն չափի խստացումը կարող է որոշակի կանխարգելիչ նշանակություն ունենալ»,—հայտնեց նախարարը։


Կկատարելագործվի պատժի համակարգը
 

Ներկայումս ամբողջ աշխարհում նկատվող միտումներից մեկը ազատազրկմանն ու քրեական պատժին այլընտրանք հանդիսացող միջոցների ներդրումն ու դրանք կիրառելն է։ Բանն այն է, որ, ըստ նախարար Հովհաննես Մանուկյանի, ազատազրկումը եւ պատիժը հանցագործությունների դեմ պայքարի լավագույն միջոցները չեն։ Քրեաիրավական հարկադրանքը պետք է ուղղված լինի հանցանք կատարող անձի ուղղմանը, նրա վերասոցիալականացմանը, հանցագործությունների կանխարգելմանը։ Այլընտրանքային միջոցները լավագույնս թույլ են տալիս ապահովելու այս նպատակները։ Բացի այդ, դրանք թույլ են տալիս տնտեսելու քրեաիրավական հարկադրանքը, հասարակական հարաբերությունները զերծ պահելու ավելորդ քրեականացումից։
Ուստի, առաջարկվում է ընդլայնել պատժի համակարգը՝ նախատեսելով ազատազրկմանը այլընտրանք համարվող գործուն պատժամիջոցներ՝ տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում։ Բացի այդ, առաջարկվում է կատարելագործել գործող քրեական օրենսգրքում առկա այլընտրանքային պատիժները, որոնք օրենսդրական ոչ ճիշտ կամ ոչ հստակ կարգավորման պատճառով արդյունավետ չեն։ Այսպես, առաջարկվում է կրճատել կալանքի (հայեցակարգում այն կոչվում է կարճաժամկետ ազատազրկում), հանրային աշխատանքների ժամկետները, հանրային աշխատանքները նախատեսել որոշ հոդվածների սանկցիաներում։
Նախարարի կարծիքով, ոլորտի համար շատ կարեւոր է նաեւ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու ինստիտուտների արդյունավետության ապահովման նախադրյալների ստեղծումը։ Առավել կարեւոր նշանակություն ունեն պատիժը պայմանականորեն չկիրառելը եւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը։ Գործող քրեական օրենսգրքում այս ինստիտուտների թերի կարգավորումը նվազեցնում է դրանց արդյունավետությունը։ «Մասնավորապես պատիժը պայմանականորեն չկիրառելը ըստ էության անպատժելիության զգացում է ձեւավորում, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս անձի հետ որեւէ վերականգնողական աշխատանք չի իրականացվում,–ասաց նախարարը,–եւ այս ամենը նպաստում են ռեցիդիվի մակարդակի աճին։ Հայեցակարգով առաջարկվում է այս ինստիտուտները կատարելագործել»։ Ինչը ենթադրում է, որ նախ, պետք է հստակեցնել, թե որ դեպքերում այն կարող է կիրառվել։ Գործող քրեական օրենսգիրքը որեւէ սահմանափակում չի նախատեսում, այլ միայն նախատեսում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով։ Տրամաբանորեն, նման փորձաշրջանի սահմանման պարագայում պետք է ենթադրել, որ պատիժը պայմանականորեն չկիրառելը հնարավոր է, եթե անձի նկատմամբ կիրառվող պատիժը ավելի մեղմ է։ Ուստի, օրենսդրական մակարդակով պետք է հստակ սահմանել, որ եթե դատարանի կողմից նշանակված պատիժը չի գերազանցում այս ինստիտուտի կիրառման համար օրենսդրորեն որոշված ժամկետը, ինչն առավել արդարացված է թվում առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման պարագայում, ապա պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել։ «Միաժամանակ, օրենսդրորեն պետք է ամրագրել, որ այս ինստիտուտի կիրառումը հնարավոր է միայն առաջին անգամ հանցանք կատարելու պարագայում»,–ընդգծեց Հ. Մանուկյանը։ 
Հստակեցման կարիք ունեն նաեւ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի կողմից փորձաշրջանի պայմանների խախտման կամ հանցագործության կատարման իրավական հետեւանքները։ Գործող քրեական օրենսգրքում ներկայացված կանոնակարգումը հաջողված համարել չի կարելի։ Նախ, պետք է նախատեսել փորձաշրջանի ժամկետի երկարաձգման հնարավորություն՝ դատապարտյալի կողմից իր վրա դրված պարտականությունները փորձաշրջանի ընթացքում չարամտորեն չկատարելու համար։ Մինչդեռ նոր հանցագործության կատարման պարագայում, անկախ նրանից, դա ոչ մեծ ծանրության է, թե ոչ, դիտավորյալ է, թե անզգույշ, պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը պետք է վերացվի եւ պատիժ նշանակվի դատավճիռների համակցությամբ։


Հատուկ ուշադրություն՝ անչափահասներին
 

Հարցը ներկայացնելիս՝ նախարարն ասաց նաեւ, որ լուրջ վերանայման կարիք է զգում անչափահասների համար նախատեսված պատժի համակարգը։ Իրավակիրառական պրակտիկայում, ըստ էության, կիրառվում է միայն որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակը։ Բանն այն է, որ մյուս պատժատեսակները (տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը), օրենսդրական ոչ հստակ կարգավորման պատճառով, արդյունավետ չեն։ Այս առումով անհրաժեշտ է ոչ միայն հստակեցնել նշված նորմերի օրենսդրական ձեւակերպումները, այլեւ ընդլայնել անչափահասների նկատմամբ կիրառվող պատիժների շրջանակը։ «Առաջարկվում է տվյալ կատեգորիայի անձանց նկատմամբ կիրառել նաեւ հարկադրանքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են հանցագործությամբ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն դնելը, տնային կալանքը եւ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Անհրաժեշտ է ընդլայնել անչափահասների նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման պրակտիկան»,–նշեց նախարարը։ Ըստ Հ. Մանուկյանի, հայեցակարգով առաջարկվում է վերանայել անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների քրեական գործող օրենսգրքով նախատեսված ցանկը՝ այն ընդլայնելու, առավել հստակեցնելու նկատառումներով։
Այլ կերպ՝ անչափահասի ազատազրկումը պետք է գնահատվի որպես պատժի ծայրահեղ միջոց, որը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ ոչ մի այլ միջոց չի կարող դրական արդյունք տալ։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով 18—21 տարեկան երիտասարդների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով։


Սպասվելիք արդյունքը
 

Միով բանիվ, գործադիրն ակնկալում է, որ մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը կբարձրանա, քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը կբացառվի, դատական սխալները կբացառվեն, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալները էապես կնվազեն, ռեցիդիվային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նախադրյալներ կստեղծվեն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024