Սահմանադրությունը բարեփոխելու ՀՀ իշխանությունների մտադրությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) եւ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) Երեւան կատարած այցելությունից հետո ողջունել են Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ համակարգային թերություններից որոշները սահմանադրական բարեփոխումների միջոցով շտկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Զեկուցողները արձանագրել են, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր տարակարծիք են։ Մասնավորապես, տեսակետները չեն համընկնում Հայաստանի քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ։ «Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության, քաղաքական համակարգին հասարակության վստահության, Ազգային ժողովին կառավարության հաշվետվողականության ամրապնդումը»,–նշել են համազեկուցողները։
Ֆիշերը եւ Միլը նշել են, որ քաղաքական եւ ընտրական գործընթացներում քաղաքական վստահությունը Հայաստանում դեռեւս ցածր է, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամանակ խորհուրդ են տվել հրավիրել միջազգային դիտորդների։ «Հասարակական քննարկումները եւ հանրաքվեի՝ ամբողջովին ժողովրդավարական գործընթացն առանցքային են նոր Սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության համար»,–հայտնել են համազեկուցողները։ Նրանք Հայաստան կատարած այցի վերաբերյալ տեղեկությունը 2015 թվականի սեպտեմբերին կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովին։ Զեկուցողները մտադիր են Երեւան վերադառնալ այս տարվա երկրորդ կիսամյակում։
|