«1915 թվականի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ որակելով այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, մարդկության հանդեպ ցեղասպանություն։ Առաջին անգամ մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ»,–իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Նա նշեց, որ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին, ովքեր Ֆրանսիա էին հասել՝ ունենալով իրենց հետ իբրեւ միակ իր, գույք, ճամպրուկ՝ իրենց հիշողությունը. «Փնտրում էին նոր հայրենիք։ Այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ ենթարկվում էին նացիզմի հարձակումներին։ Իրենց տաղանդով, հանճարով նպաստեցին Ֆրանսիայի բարգավաճմանը Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունը, ինքնությունը»։
Ֆրանսիայի նախագահը հիշեց այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, արվեստագետներին, պետական ու հասարակական գործիչներին, ովքեր որքան հայ են, նույնքան էլ ֆրանսիացի են, միավորում են երկու երկրները, ինչպես Շառլ Ազնավուրն է, ով մեր համատեղ հպարտությունն է։
Ֆ. Օլանդը նշեց, որ Ֆրանսիայում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ 2001 թվականին ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներկաներին, հիշողության տուրք մատուցել զոհերին։ Այդ օրենքը նաեւ հարգալից օրենք է, չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, համապատասխանում է Ֆրանսիայի արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց ամենասուրբ իրավունքների համար»,–ասաց Ֆ. Օլանդը։
Նա նաեւ դատապարտեց Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող ահաբեկչությունը, որին զոհ են դառնում մահմեդականները, նաեւ քրիստոնայները, այդ թվում սիրիահայերը։
«Ահաբեկիչները ոչնչացնում են նաեւ մշակութային ժառանգությունը, քանի որ նրանք ցանկանում են սպանել ոչ միայն այն, ինչ ներկա է, այլ նաեւ անցյալը, արմատները»,–շեշտեց Ֆրանսիայի նախագահը։
«Այդ պատճառով կարեւոր է այսօր լինել Երեւանում՝ կոչ անելու բոլորին պաշտպանելու բոլոր փոքրամասնություններին, հատկապես Արեւելքի քրիստոնյաներին, ովքեր Մերձավոր Արեւելքի հարստությունն են։ Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին՝ այդ տարածաշրջանում կերտելու համատեղ ապագա»,–ասաց նա։
Ֆրանսուա Օլանդի խոսքով, ոգեկոչել ցեղասպանությունը՝ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որն իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը, ոգեկոչել զոհերի հիշատակը, նշանակում է թույլ չտալ, որ այլ ոճրագործություններ վերստին տեղի ունենան աշխարհում. «Այդ պատճառով, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորություն է՝ հիշեցնելու համար այդ ոճրագործության հսկայական ծավալները, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, միաժամանակ ցեղասպանության հիշողությունը փոխանցել հետագա սերունդներին»։
Նա նշեց, որ Ֆրանսիան ցանկանում է ներդրում ունենալ նաեւ հաշտեցմանը, քանի որ հիշողությունը չպետք է օգտագործել մասնատվելու համար, այլ միավորվելու։ Ֆրանսիայի նախագահը հույս ունի, որ առաջիկայում ի զորու կլինեն բացել հայ—թուրքական սահմանը։
«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը նվիրված է խաղաղությանը՝ Հայաստանի, տարածաշրջանի, ողջ աշխարհի համար։ 100—րդ տարելիցը կոչ է խաղաղության, հաշտեցման։ Թուրքիայում շատ կարեւոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, կան կարեւոր բառեր, որոնք դեռ սպասում են հնչելու, կարեւոր են ցավը մեղմացնելու համար։ Վերահաստատում եմ, որ Ֆրանսիան իր բոլոր գործընկերների հետ միասին ամեն ինչ անելու է խաղաղ լուծում գտնելու համար։ Սա է Երեւանի ուղերձը՝ խաղաղություն բոլորին, խաղաղություն զոհերի հիշատակի համար, վերապրողների հիշողության համար, Մերձավոր Արեւելքի, տարածաշրջանի համար։ Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»,–իր խոսքն ամփոփեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
|