ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 27 » Գազի գինը կմնա նույնը / Նախկինում պայմանավորված ժամկետը երկարաձգվել է/
10:08
Գազի գինը կմնա նույնը / Նախկինում պայմանավորված ժամկետը երկարաձգվել է/

Երեկ ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցին տարաբնույթ հարցեր՝ կապված տնտեսական զարգացման, քաղաքացիների սոցիալական ապահովության, համայնքների զարգացման հետ։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը, որ հաջորդ տարի ռուսական գազը չի թանկանալու, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ պայմանավորվածություններ են առկա ռուսական կողմի հետ։
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այժմ Հայաստանը գազ գնում է 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։ «Մենք երբեւէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք։ Ռուսական կողմը երկարաժամկետ կտրվածքով գազի պայմանագիր չի կնքել։ Հիմա ֆիքսվում է, որ գազի բարձրացում տեղի չի ունեցել, եւ գինը գործելու է նաեւ եկող տարի։ Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,–ասաց փոխվարչապետը։
ՀՅԴ խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը հարցրեց ազատամարտիկների բնակարանային եւ առողջական խնդիրների լուծման հետ կապված ծրագրերի մասին։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ hանրապետության նախագահը, խոսելով բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին, հատուկ շեշտադրում կատարեց սոցիալական խնդիրներին, այդ թվում՝ նախկին զինծառայողների, զինհաշմանդամների։ «Բազմաթիվ ուղղություններով աշխատանք է կատարվում,–ասաց նախարարը եւ շարունակեց,–գիտեք, որ ապրիլ ամսին նախագահը հնչեցրեց հանձնարարական՝ լուծել զոհված զինծառայողների ընտանիքների եւ առաջին կարգի հաշմանդամների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները եռամյա ժամկետում։ Մեզ հաջողվեց որոշակի միջոցներ մոբիլիզացնել՝ այդ թվում ոստիկանության արտաբյուջեով հավաքագրվող գումարների մի մասը վերաբաշխելով, խոսքը տեսախցիկների մասին է, եւ ծրագիրն ամբողջացնել այս տարվա ընթացքում։ Մինչեւ դեկտեմբերի ավարտը զոհված զինծառայողների անօթեւան ընտանիքները եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան եւ բնակարանային բարելավման կարիք ունեցող ընտանիքները կստանան օրենքով նախատեսված փոխհատուցումները. Երեւանում բնակվող ընտանիքները կստանան բնակարաններ, իսկ մարզերում բնակվողները՝ բնակարանային սերտիֆիկատներ։ Ծրագիրը շատ ինտենսիվ ընթանում է։ Մենք մտադիր ենք հիփոթեքային ծրագիր ներդնել այսօրվա զինծառայողների համար, որը մեծ լուծում կլինի սպաների համար։ Խնդիրներն ուշադրության կենտրոնում են»։
«Բուժսպասարկման հետ կապված,–շարունկեց նախարարը,–կարող եմ ասել, որ բացի պետպատվերներից, ունենք ծրագիր Երեւանի պետական բժշկական համալսարանում. դա Առաջին հիվանդանոցի բազայի վրա գերժամանակակից տարածաշրջանային վերականգնողական կենտրոնի ստեղծումն է, որը կատարվում է առանց պետական բյուջեի միջոցների ներգրավման՝ մասնավոր նվիրաբերություններով, եւ ես շատ հպարտ եմ, որ հունվարի 28—ին՝ Բանակի օրվա առիթով, այդ կենտրոնը կբացի իր դռները, եւ կունենանք տարածաշրջանում գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն, որտեղ զինհաշմանդամները կկարողանան երկարատեւ բուժում ստանալ։ Նաեւ նախատեսվում է կենտրոնն իրենց համար դարձնել սոցիալական խնդիրներ լուծող մեկ պատուհան՝ որպեսզի այդ կենտրոնից կարողանան բոլոր իրենց խնդիրները լուծել»։
Վ. Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ նախագահի կողմից նոր զինվորական հոսպիտալի կառուցման ուղղությամբ աշխատանքներ սկսելու խնդիր է դրվել. «Դա մեզ համար առաջնահերթություն է, որովհետեւ մեր ԶՈւ կենտրոնական հոսպիտալն այսօր չի համապատասխանում երկրում ձեւավորված միջին ստանդարտին, եւ վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը կմասնակցեն՝ աջակցելով զինծառայողների, հաշմանդամների, նախկին զինծառայողների, այդ թվում եւ ազատամարտիկների համար ոչ բյուջետային միջոցներով ժամանակակից բուժկենտրոն կառուցելուն»։
«Երեք տարի առաջ վերացվեց գործազրկության նպաստը, դրանից հետո կա՞ն վիճակագրական տվյալներ, թե քանի գործազուրկ է աշխատանքով ապահովվել»,–հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը։
Ի պատասխան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2014—ին ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» օրենքով կառավարությունը որդեգրել է զբաղվածության ծրագրերի իրականացում՝ շեշտադրելով նաեւ անմրցունակ անձանց հնարավորությունների զարգացումը, նրանց կայուն զբաղված դարձնելու քաղաքականությունը։
«Պիտի նշեմ, որ երբ այն ժամանակ որոշում էր կայացվում, մենք ունեինք վերլուծություններ եւ ներկայացրել էինք։ Ըստ այդմ, գործազրկության նպաստ ստացող անձանց միայն 6 տոկոսն է, որ հետագայում աշխատանք փնտրելով կայուն զբաղված էր դառնում, այս առումով ծրագիրը դիտարկվում էր որպես ոչ արդյունավետ»,–ասաց նախարարը։
Ուստի որոշում կայացվեց նպաստների համար տրամադրվող գումարներն ուղղել զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը։
«Զբաղվածության գործակալության միջոցով անցած տարի աշխատանքի է տեղավորվել 17 հազար անձ։ Նրանք ընդգրկված են եղել ոչ միայն զբաղվածության ծրագրերում, այլեւ ծառայությունների մատուցման ոլորտում»,–ասաց նախարարը։
Պատգամավորն արձագանքեց, որ վերջին տարիներին գործազուրկների թիվն ավելացել է։ Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ զբաղվածության ծրագրերով չէ, որ գործազրկության խնդրին համալիր լուծում պետք է տրվի։
«Գործազրկության կրճատման խնդիրն առաջին հերթին տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումն են»,–նշեց նախարարը։


Համայնքային խնդիրները՝  ուշադրության  կենտրոնում
 

Մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին տարբեր համայնքներին վերաբերող խնդիրների մասին։
«Վայոց ձորի Խաչիկ եւ Ելփին համայնքների ոռոգման ջրի խնդիրն առաջիկայում լուծում կստանա»,–ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին, թե երբ են պատրաստվում այդ երկու սահմանամերձ համայնքներն ապահովել ոռոգման ջրով։
«Խաչիկի հետ կապված խնդիրը կառավարությունը փորձում է լուծել փոքր ջրամբարների կառուցման ծրագրի շրջանակում։ Ֆինանսական լուծումը գտնված է, այդ ծրագրում ներառված է Խաչիկի եւ Ելփինի խնդիրը։ 100 մլն դոլարի սահմաններում 10 ջրամբար է կառուցվելու, եւ այս ծրագրում առաջինը հենց Խաչիկի ջրամբարն է կառուցվելու, նախագծման աշխատանքները կատարվում են ներկայումս»,— ասաց Դավիթ Լոքյանը։
Նախարարը նշեց, որ սահմանամերձ Խաչիկը կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ ինքն անձամբ երկու անգամ այս տարի այցելել է Խաչիկ եւ ծանոթացել համայնքի խնդիրներին։
ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ անդրադարձավ Գետիկի ջրամբարի վերակառուցման խնդրին։ Նա նշեց, որ սեպտեմբերին հանդիպել է Սպիտակի 9 համայնքների ներկայացուցիչների հետ, եւ համայնքի ղեկավարներն իրեն են դիմել Գետիկի ջրամբարի վերանորոգման խնդրով։
Ի պատասխան՝ նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ տասը ջրամբար կառուցելու ծրագրում Գետիկի ջրամբարն ընդգրկված չէ, այն երկրորդ փուլում է ընդգրկված։ «Ջրամբարների կառուցման երկրորդ փուլը կմեկնարկի 2021 թվականին։ Մեզ ֆինանսական ռեսուրսներն են խանգարում՝ խնդրին շատ արագ լուծում տալու համար։ Բայց որ ջրամբարը պետք է վերականգնվի, անհերքելի է։ Հասկանում եմ խնդրի հրատապությունը եւ հարցը կփոխանցեմ վարչապետին, որպեսզի այն նորից քննարկվի»,–ասաց Լոքյանը։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Հակոբ Նազարյանին էլ հետաքրքրում էր, թե արդյոք Սիսիանի խոշորացումը կլուծի՞ համայնքներում առկա խնդիրները։ Նախարար Լոքյանը նշեց, որ խոշորացման արդյունքում ազատվում են միջոցներ եւ կարող են ուղղվել կապիտալ ծախսերին։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը բարձրացրեց «Դիլիջան ազգային պարկում» վերջին տարիներին 6 հազարից ավելի հատված ծառերի հարցը։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի կարելի սա ձախողում համարել։
«Մասնավոր պահնորդական ընկերության ծառայություններից օգտվելը փորձնական տարբերակ է։ Այս պահին ունենք միջանկյալ արդյունքներ եւ միայն հաջորդ տարվա սկզբին կարող ենք ասել՝ հաջողված տարբերակ է, թե ոչ»,– ասաց նախարարը՝ նշելով, որ զուգահեռաբար աշխատանք է տանելու քաղաքացիների հետ, որպեսզի նրանք փորձեն եկամուտ ստանալ առանց ծառերը հատելու՝ օգտվելով ծառի առկայության բարիքներից։
Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ պաշտոնյա ներգրավվա՞ծ է։ Արծվիկ Մինասյանը նշեց. «Քրեական գործ կա հարուցված, կատարվում են քննչական անհրաժեշտ գործողություններ, կան կասկածյալներ, անձինք, որոնց մեղադրանքներ կան առաջադրված։ Մենք սպասում ենք նախաքննության ավարտին»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանի հարցը վերաբերում էր Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգմանը։
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց. «Մենք որոշել ենք, որ վերանորոգելու փոխարեն նոր դպրոց պետք է կառուցել, մինչեւ այս ամսվա վերջ կավարտենք նախագծային աշխատանքները։ Արթուր Ալեքսանյանին վայել միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոց ենք ուզում կառուցել։ Հաջորդ տարվանից կսկսենք աշխատանքները»։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024