Այսպես ասած, կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել արտոնագրային գործունեության համար սահմանված օրենսդրությունը։
Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկների փաթեթը, որը պարզեցնում է արտոնագրային գործունեության օրենսդրությունը։
Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նիստում եւ նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրեց կարգավորիչ գիլյոտինի առաջարկը՝ արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը։
Իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների, օրինակ, կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության լրիվ այլ տեսակների, օրինակ, հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար։
Առաջարկվում է առաջին խմբի համար սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, հսկողություն իրականացնելու լիազորություն տալը ՏԻՄ—երին, վերոնշյալ ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը եւ շրջանառության 9 մլն դրամի շեմը։
Ըստ Ա. Եղիազարյանի, գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար։ Առաջարկվում է արտոնագրային վճարներ վճարողի ցանկությամբ արտոնագիրը տրամադրել նաեւ 1—5 տարի ժամկետով եւ համապատասխանաբար զեղչային համակարգ կիրառել։ Այս փոփոխության շնորհիվ անձը կազատվի լրավճար կատարելու պարտականությունից, եթե արտոնագիրը ստանալուց հետո օրենսդրական փոփոխությունների արդյունքում արտոնագրային հարկի չափն ավելանա։
Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նաեւ հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար հնարավորություն ստեղծել էլեկտրոնային եղանակով դիմել եւ հարկային մարմնից ստանալ համապատասխան արտոնագիրը։
«Վերոնշյալ բիզնես գործընթացների ծախսերը ներկայումս կազմում են մոտ 2.9 մլրդ դրամ։ Առաջարկներն ընդունելուց հետո այդ ծախսերը կնվազեն մոտ 2.3 մլրդ դրամով կամ 77.8%—ով՝ կազմելով մոտ 665.1 մլն դրամ»,—ամփոփեց բանախոսը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|