Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը երեկ ներկայացրեցին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների եւ կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները։
2015—2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵՄ—ի եւ ԵԽ—ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը, ինչպես նաեւ փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարին։
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաեւ հաջորդ տարի՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան—ԵՄ ստորագրվելիք նոր համաձայնագիրը կնպաստի ծրագրերի շարունակական լինելուն։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը իր հերթին նշեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման ծրագրերին, ինչպես նաեւ նոր բանտերի կառուցմանը։ «Բացի այդ, ԵՄ—ն լուրջ պայքար է իրականացրել եւ իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։
ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ շեշտեց, որ հայստանյան գերատեսչությունները մեծապես գնահատում են ԵՄ ծրագրերը։ Դրանց արդյունքները տեսանելի են, շոշափելի եւ նպաստում են միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ Նա հույս հայտնեց, որ արդյունավետ գործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։
ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը տեղեկացրեց, որ ԵՄ—ն եւ ԵԽ—ն ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացրած ծրագրերի շրջանակում այս տարի մի քանի քրեակատարողական հիմնարկների բժշկական սարքեր են տրամադրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել բանտարկյալներին որակյալ բուժօգնություն ցուցաբերել հենց ազատազրկման վայրում։ Բացի այդ, վերապատրաստվել են հարյուրավոր աշխատակիցներ։
|