ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 10 » Համագործակցության իրական ներուժը ավելի մեծ է /Սերժ Սարգսյանին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան/
09:23
Համագործակցության իրական ներուժը ավելի մեծ է /Սերժ Սարգսյանին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան/

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետեւ հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Կարեւորելով Իտալիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը՝ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության եւ հայ—իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ—իտալական բարեկամական հարաբերություններին։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ—իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարեւոր ձեռքբերումներով։ Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ—իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։
Նախագահները կարեւորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ—իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում՝ առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորվել է նաեւ, որ երկու երկրների միջեւ առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։
ՀՀ նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարեւորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարեւորությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթեւանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչեւ անցած տարի։ Նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար՝ ընդգծելով մասնավորապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը։
Նախագահները քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում՝ հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։
Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը, եւ ավելացրել, որ այդ անդամակցությունը նաեւ նոր հեռանկարներ է բացում Հայաստան — Իտալիա հարաբերությունների զարգացման համար։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարեւորությանը, հայ—իտալական առեւտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին։ Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր—սեղաններ, ինչպես նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ։ Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգեւորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, եւ դեռեւս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար։
Հանդիպմանը մեծապես կարեւորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում։ Այս համատեքստում կարեւոր նախապայման է համարվել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ՝ Երեւանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը։
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առեւտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժը՝ կարելի է քայլեր ձեռնարկել հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում։
Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաեւ Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երեւանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային եւ քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջեւ ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի անունից տրվել է պաշտոնական ճաշ։


Հանդիպում Իտալիայի պաշտպանության նախարարի հետ
 

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահը եւ Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարեւորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ—իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձեւաչափով եւ ընդգրկում է նաեւ խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռեւս 2004թ., ՆԱՏՕ—ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի եւ Իրաքի առաքելությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաեւ տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ—ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ—իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։
Հայ—իտալական ռազմական գործակցության օրակարգում կարեւորելով նաեւ կրթության բնագավառը՝ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում։ Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ։
Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ—ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ եւ իտալացի զինվորների հետ։
Ջերմորեն ողջունելով սպաներին ու զինվորներին, նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Պարոնայք զինվորներ, սպաներ, ուրախ եմ, որ իմ պաշտոնական այցը Իտալիա մեկնարկում է ձեզ հետ այս յուրահատուկ հանդիպմամբ, ինչը նշանակում է, որ հայ—իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը։ Թերեւս ձեզնից շատերը հիշում են, որ 11 տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում։ Առաջինը Կոսովոն էր, եւ, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում եւ հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում։ Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարեւորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաեւ հիմա մեզ համար բարեկամ երկիր է։ Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեեւ երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի եւ եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաեւ պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը։ Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, եւ այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք։
Ես նաեւ հպարտ եմ, որ իտալացի զինվորականները, իսկ աշխարհին հայտնի է, որ իտալացիները լավ զինվորներ են, լավ սպաներ են, գոհ են ձեր ծառայությունից։ Ես շատ ուրախացա, երբ քիչ առաջ պաշտպանության նախարարն ասաց, որ դուք լավ եք ծառայում։ Շնորհակալ եմ։
Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ եւս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարեւոր առաքելություն է։
Մեկ անգամ եւս շեշտում եմ՝ հայրենիքում մենք ձեզնով հպարտանում ենք։ Մաղթում եմ, որպեսզի լինեք քաջ, հնարամիտ եւ խիզախ։ Բարի ծառայություն»։


Արդյունավետ խորհրդարանական կապեր
 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի եւ Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանի համար բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարեւորագույն կենտրոններից է։
ՀՀ նախագահը կարեւորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները, քանի որ, ըստ նրա, դժվար է գերագնահատել այն դերը, որ օրենսդիրներն ունեն միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելու գործում։ Նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձեւավորել, հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաեւ հայ—իտալական միջխորհրդարանական համագործակցությունը՝ հատկապես որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները։ Հայ—իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում, ըստ զրուցակիցների, միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի առկայությունը։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իտալիայի նախագահ պարոն Մատարելլայի հետ փոխըմբռնման մթնոլորտում կայացած արդյունավետ հանդիպման մասին, որի ընթացքում երկուստեք կարեւորվել են կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնումը, ինչպես նաեւ շեշտադրվել է միջխորհրդարանական կապերի խորացման կարեւորությունը։
ՀՀ նախագահի՝ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի ու Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից, որոնք հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա։ Այդ համատեքստում նախագահը կարեւորել է Իտալիայի դերը ՀՀ—ԵՄ համընդգրկուն համագործակցության զարգացման գործում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հետ իրականացվող համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին։


ՄԱԿ—ի աջակցությունը մեր երկրին զգալի է
 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ։
Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը եւ կարեւորել է տարածաշրջանային, ինչպես նաեւ իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը։
Սերժ Սարգսյանի խոսքով, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը եւ ՊԳԿ—ին անդամակցելը հնարավորություն է ընձեռել իրականացնելու ՀՀ տնտեսության ագրարային հատվածի զարգացմանը նպաստող մի շարք առաջնահերթ ծրագրեր՝ ապահովելով դրանց ֆինանսավորումը։
Հանրապետության նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է սատարել ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կազմակերպությունում իրականացվող բարեփոխումներին։ Նախագահի խոսքով, Հայաստանը հետեւողականորեն աշխատում է ՊԳԿ—ի հետ՝ իր ներդրումը բերելով աշխարհում պարենային անվտանգության ապահովման գործին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության ու պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հեռանկարներին։ Այս համատեքստում զրուցակիցներն ուրախությամբ են փաստել, որ արդեն իսկ ստորագրվել է ԵՏՄ ՊԳԿ փոխգործակցության միջոցառումների ծրագիրը եւ վստահություն են հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ՀՀ ՊԳԿ համագործակցության համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել հունիսին կայանալիք ՊԳԿ 39—րդ համաժողովի աշխատանքներին, ինչպես նաեւ գլխավոր տնօրենի մանդատի համար անցկացվելիք ընտրություններին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024