Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Եվրատեսիլ–2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին եւ Հայաստանը։
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը՝ Ամերիկայից, Վահե Թիլբյանը՝ Աֆրիկայից, Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը՝ Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը՝ Ասիայից եւ Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար՝ առերեսվիր ստվերին) երգը։ Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի։
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարեւոր առիթով եւ մաղթել հաջողություններ։ Հանրապետության նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը։ «Ինքներդ էլ համոզվեցիք՝ այս օրերին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները եւ աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում։ Վստահ եմ՝ դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետեւ, իրոք, համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը՝ նույնպես»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եվրատեսիլի» հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանրապետության նախագահին՝ ջերմ խոսքերի եւ ընդունելության համար, նշելով, որ մրցույթից առաջ այն նոր եռանդ, ոգեւորություն եւ բարձր տրամադրություն է հաղորդում իրենց։ Նրանք կարեւորել են նաեւ օրերս Ավստրիայի կողմից, որտեղ անցկացվելու է մրցույթը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, ըստ խմբի անդամների, թույլ կտա ավելի ուժեղ եւ վստահ զգալ Վիեննայում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|