Երեկ վաղ առավոտից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր։ Ուրախ եւ զվարթ տրամադրություն էր տիրում ամենուր։ Իսկ տոնական հանդիսությունների մեկնարկը տվել են պաշտպանության բանակի զինծառայողները, որոնք խրոխտ քայլերով անցնելով կենտրոնական փողոցներով՝ ցուցադրել են հայ զինվորի հաղթական, մարտական ոգին։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ բարեմաղթանքի խոսքեր «փոխանակում», արժեւորում օրվա խորհուրդը։
Թեպետ Արցախի Հանրապետությունն այսօր ընդամենը 28 տարեկան է, բայց անցնելով դաժան պատերազմի միջով, հաղթահարել է բազում ծանր փորձություններ, իր նվիրյալ զավակների անձնազոհությամբ ու զորեղ կամքի շնորհիվ հաղթանակներ տոնել՝ դիմակայելով թշնամուն։ Արցախ աշխարհը հազարամյակների խորհուրդ ունի, պատմություն, որը լի է սխրանքներով ու հերոսություններով, զրկանքներով ու տառապանքներով, առավել շատ նշանակալի ձեռքբերումներով եւ լուսավոր էջերով։
Ավանդույթի համաձայն Վերածննդի հրապարակից մարդկանց երթը ձգվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Այս նույն հրապարակում է կայացել առաջին մարդաշատ հանրահավաքը։ Իսկ 28 տարի առաջ սեպտեմբերի 2—ին հարեւան նախկին մարզգործկոմի (ներկայիս հիմնանորոգված ու վերակառուցված կառավարության) շենքում հրավիրված ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի համատեղ նստաշրջանում պատմական հռչակագիր է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման մասին, որոշում կայացվել դեկտեմբերի 10—ին անկախության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, եւ պատմական այդ փաստաթղթով ամրագրվել է ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը։
Ժամը 11—ին տոնակատարության մասնակիցների՝ հուշահամալիր ձգվող քայլերթին են միացել Հայաստանի եւ Արցախի կառավարական պատվիրակության անդամները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որոնց կազմում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ ու գերատեսչությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ։ Այստեղ էին նաեւ ՊԲ գեներալներ, բարձրաստիճան սպաներ եւ արցախյան շարժման առաջնորդներ եւ ազատամարտի վետերաններ, արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր։ Հուշահամալիրում՝ հավերժական կրակի մոտ, հայկական երկու հանրապետությունների ղեկավար անձանց կողմից ծաղկեպսակներ են դրվել։ Բ. Սահակյանը եւ Արարատ Միրզոյանը, նրանց ուղեկցող անձինք ծաղիկներ են խոնարհել նաեւ երկրի ազատության համար զոհված հայորդիների, ԱԺ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին, հարգել նրանց հիշատակը։
ԼՂՀ հռչակման 28—րդ տարեդարձի առթիվ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձով դիմել է ժողովրդին, ուր մասնավորապես ասվում է. «1991 թվականի սեպտեմբերի 2—ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն։ Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ։
Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետեւողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար»։
ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով, «Արցախի անկախության հիմքերն ու երաշխիքները տարեցտարի ավելի են ամրապնդվում, իսկ արցախահայության ազատությունն ու անկախությունը, որ բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն է եղել, այսօր իրականություն է։ Մենք պարտավոր ենք մեր բոլոր ջանքերը ուղղել ձեռբերումների կրկնապատկմանը եւ դրանք հասցնել իրենց տրամաբանական հանգրվանին»։ Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ, ՀՀ խորհրդարանի ղեկավարի պատասխանը հակիրճ էր. «Որեւէ մեկը չի կարող, որովհետեւ անկախ այն բանից, թե քաղաքական ինչպիսի ուժ է ղեկավարում երկիրը, դա անհնար է»։
Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Արցախի՝ անկախության հասնելու ճանապարհն այնքան էլ դյուրին չի եղել, եւ պայքարի ելած ժողովուրդը ստիպված է եղել գնալ ինքնազոհության ու ոչ քիչ դժվարություններ հաղթահարել։ «Արցախյան շարժման քաղաքական առաջնորդները միանգամայն իմաստուն որոշում են կայացրել 1992—ի սեպտեմբերի 2—ին, ԼՂՀ—ն հռչակելով որպես ինքնուրույն, անկախ պետություն։ Եվ ընտրելով մեր ճակատագիրը տնօրինելու ուղին, այսօր միասին, ազգովի ձգտում ենք իրագործել այն նպատակներն ու մտահղացումները, որոնք սկզբունքային նշանակություն ունեն, եւ հետեւողական ենք մեր ձեռնարկումներում։ 28 տարի առաջ Արցախը ստացավ իր ծննդյան վկայականը։ Եվ անկախության հռչակումը եղավ քաղաքական մի այնպիսի բարդ իրավիճակում, որ խիստ անհրաժեշտություն էր, ժամանակի հրամայական։ Կարծում եմ՝ ռազմագործողության, սկզբունքների առումով ոչինչ չի փոխվել, եւ Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով հետեւողականորեն մոտենում ենք մայր Հայաստանին միավորվելու գաղափարի իրագործմանը»,–վստահ է խորհրդարանի նախագահը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ անկախության լիակատար ձեռքբերումը ժամանակ եւ համբերություն է պահանջում,–ասում է արտգործնախարար Մասիս Մայիլյանը։–Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ երկրի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ այդ գործընթացը հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ հաղթական հանգրվանին հասնելը։ 28 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը կառուցում է ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, սեփական հողի վրա շենացնում հայրենի եզերքը՝ անառիկ պահելով սահմանները։ Անվիճելի իրողություն է, որ անցած տարիների հաջողությունները հնարավոր դարձան հայության հավաքական ուժի ու միասնության շնորհիվ։ Ինչ համար երախտապարտ ենք մեր քույրերին ու եղբայրներին։ Գաղտնիք չէ, որ համախմբված լինելու դեպքում՝ դյուրին է հաղթահարել դժվարություններն ու փորձությունները եւ շարժվել առաջ։ Մնում է առաջնորդվել այդ սկզբունքով եւ հասնել համազգային իղձերի իրագործմանը։ Մենք դատապարտված ենք հաղթելու եւ ապրելու խաղաղությամբ»։
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության ու երկրի անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, բարերար Գուրգեն Մելիքյանը նախագահի հրամանագրով արժանացել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։ Բարձր գնահատանքից հուզված է նահապետը։ «Այս պարգեւը պատկանում է ոչ միայն ինձ, այլեւ բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Արցախի շենացմանն ու հզորացմանն աջակցելու համար,–ասում է Գ. Մելիքյանը։–Այս պարգեւն ընկալում եմ նաեւ այն մարդկանց բարեգործության արդյունք, ոը նպաստեց հանրապետությունում 32000 մանուկների լույս աշխարհ գալուն ու սատարեց երիտասարդ, բազմազավակ ընտանիքներին ամրապնդվելու եւ գոտեպնդվելու։ Հավերժ փառք հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհած մեր դուստրերին եւ հայորդիներին, ովքեր ազատ ու անկախ Արցախ էին երազում, հարսանիքներ եւ ծնունդներ, խաղաղություն։ Նրանց զավակներին ու թոռներին անհոգ մանկություն ու երջանկություն եմ ցանկանում։ Խոնարհվում եմ որդեկորույս բոլոր մայրերի առաջ»։
Արցախի ու նրա ժողովրդի բարեկամների թիվը շարունակ աճում է, համալրվում նոր անուններով։ Նրանցից է լրագրող Սվետլանա Կիչինսկայան, ով դժվարին օրերին մեզ հետ էր ու խիզախում էր, նպաստում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Ուրախ է, որ կրկին Ստեփանակերտում է։ Այս անգամ նա երկիր է ժամանել տոնական միջոցառումներին մասնակցելու եւ պետական պարգեւ ստանակու համար։ Նախագահի հրամանագրով ճանաչված լրագրողուհին պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
«Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, ազատություն եւ բարգավաճում։ Թող ձեզնից յուրաքանչյուրի տանը ժենգյալով հաց թխվի եւ ուրախության սեղաններ բացվեն։ Հաղթանակած ժողովուրդն իր երկրի, իր ճակատագրի տերն է եւ պիտի ապրի արժանապատիվ կյանքով»,–ասում է Արցախի բարեկամուհին։
Անկախության տարեդարձի առթիվ հանրապետությունում կազմակերպվել են մարզամշակութային բնույթի տարբեր միջոցառումներ, տոնախմբություններ, իսկ Վերածննդի հրապարակը տրամադրվել էր պաշտպանության բանակի զինվորներին ու սպաներին, ովքեր ցուցադրել են նորերս գործարկված մարտական զենքերն ու տեխնիկան։
Տոնական հանդիսությունները Ստեփանակերտում եզրափակվել են Վերածննդի հրապարակում կայացած համերգով եւ հրավառությամբ։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ
|