Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Գրանդ փարքում հրավիրված հանրահավաքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Սեպտեմբերի 22—ին Լոս Անջելեսում նա հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Արեւմտյան ափի Սոցիալ—դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամների հետ՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։ Այնուհետեւ հանդիպել է Ամերիկայի Արեւմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։
Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա են եղել նաեւ ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո եւ Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգեւոր հայրեր։ Երեկվա հանդիպումը ՀՅԴ կուսակցության՝ ԱՄՆ արեւմտյան ափի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ էր՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, դոկտոր Վիգեն Յակուբյանի եւ ՀՅԴ արեւմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։
Քննարկվել են Հայաստան—սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է համազգային տարբեր հարցերի։
Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը եւ Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում մասնակցել է գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա—ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է «Մկքենզի» ընկերության կողմից։
Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ—մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները եւ զարգացումները, ինչպես նաեւ անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։
|