ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 15 » Հայաստանը՝ ինովացիոն համակարգերի զարգացման նոր օրակարգում /ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ/
15:59
Հայաստանը՝ ինովացիոն համակարգերի զարգացման նոր օրակարգում /ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ/

Նախօրեին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել «Թվային տնտեսություն» խորագրով Արեւելյան գործընկերության առաջին նախարարական համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ ԵՄ անդամ 28 երկրների տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ—ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը։
Համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթով։ Նախարարն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանում թվային տնտեսության եւ ինովացիոն համակարգի զարգացումը՝ որպես ՀՀ տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման հիմնական գործոն։ Նախարար Ճշմարիտյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ՝ թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ։
Նախարարը հավելել է, որ համաժողովը առանձնահատուկ հարթակ է թվային տնտեսությունների զարգացման ոլորտում առկա մարտահրավերների, հետագա զարգացման հնարավորությունների քննարկման եւ փորձի փոխանակման համար։
Նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիրը, որի դրույթներն ուղղված են համախմբելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների համատեղ ջանքերը՝ թվային տնտեսության ոլորտում փոխգործակցության ապահովման նպատակով։ Հռչակագրով, մասնավորապես, նախատեսվում է համագործակցություն հետեւյալ հիմնական ուղղություններով՝ էլ. կառավարման ենթակառուցվածք, էլ. ծառայություններ (էլ. առողջապահություն, էլ. կրթություն, էլ. գնումներ, էլ. մաքսային համակարգ, էլ. հարկային համակարգ եւ այլն), կիբեռանվտանգություն, տվյալների գաղտնիության ապահովում եւ պաշտպանություն, անվտանգ էլ. նույնականացում, էլ. առեւտուր, թվային կարողությունների զարգացում եւ այլն։
Համաժողովի ընթացքում ԵՀ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության տնօրեն Գերհարդ Շուման—Հիցլերը եւ «GEANT» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բրույեռը պայմանագիր են ստորագրել «E@P.Connect» ծրագրի վերաբերյալ։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել արդյունավետ վիրտուալ համագործակցություն արեւմտյան գործընկերների շուրջ 2 միլիոն հետազոտողների եւ ուսանողների միջեւ՝ տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության գիտական խնդիրների լուծման համար, վերացնել տարածաշրջանային վիրտուալ համագործակցության համար առկա տեխնիկական խոչընդոտները, աջակցել ժամանակակից գործիքների տրամադրմանը՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրներում բարձրորակ աշխատուժի պահպանման նպատակով, խթանել Արեւելյան գործընկերության անդամ երկրներում ՏՏ կրթական եւ հետազոտական համակարգերի արդիականացմանն ուղղված ներդրումները։
Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) անդամ, ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ։
Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են նաեւ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության եւ տրանսպորտի գլխավոր տնօրինության տնօրեն Ժոաո Ագիար Մաչադոն, իսկ հայկական կողմից՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ ԵՄ—ում ՀՀ առեւտրական կցորդ Վարոս Սիմոնյանը։
Նախարար Ճշմարիտյանը կարեւորել է ընթացիկ տարվա փետրվարին ԵՀ շարժունակության եւ տրանսպորտի գլխավոր տնօրինության փաստահավաք առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվել եւ ճշգրտվել են բանակցությունների մեկնարկին առնչվող որոշ մասնագիտական եւ տեխնիկական հարցեր։ Այնուհետեւ զրույցի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է հստակեցնել բանակցությունների մեկնարկին առնչվող կոնկրետ ժամկետները։ Հանձնակատար Վիոլետա Բուլչը տեղեկացրել է, որ որ Հայաստանը Չինաստանի, Պարսից ծոցի որոշ երկրների հետ ընդգրկված է առաջնային երկրների շարքում եւ Հայաստանի մանդատի հարցը ներառված է ավիացիայի վերաբերյալ ԵՄ նոր փաթեթում, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. նոյեմբերին։
Քննարկման ընթացքում երկուստեք հատուկ կարեւորվել է այն հանգամանքը, որ նախարար Ճշմարիտյանի եւ հանձնակատար Բուլչի միջեւ 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվել են, հատկապես փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցը եւ բանակցային գործընթացին առնչվող որոշակի տեխնիկական հարցերի ճշգրտումը։ ԵՄ—ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել մասնագիտական տեխնիկական խմբեր։
Նախարար Ճշմարիտյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի փորձը կարելի է դիտարկել որպես հաջող օրինակ, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, շարունակում է ակտիվորեն համագործակցել Եվրամիության, ԱՄՆ—ի եւ արեւմտյան այլ երկրների հետ։ Որպես ասվածի վկայություն՝ մատնանշվել է ԱՄՆ—ի եւ ՀՀ միջեւ արդեն իսկ ստորագրված առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, ՀՀ—ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ապագա ձեւաչափի եւ իրավական շրջանակների հստակեցմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ԵՄ—ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի գործընթացը։
Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան։ Հանձնակատարը ոգեւորությամբ ընդունել է հրավերը եւ, որպես հնարավոր իրատեսական ժամկետ, նախանշել 2016 թվականի հունիսը։
Նույն օրը Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, թվային միասնական շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփի հետ։
Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են ԵՀ հաղորդակցությունների ցանցերի, բովանդակության եւ տեխնոլոգիաների հարցերի գլխավոր տնօրինության տնօրեն Դեյվիդ Ռինգրոսը, տնօրինության միջազգային հարցերի պատասխանատու Վասիլիս Կոպանասը, իսկ հայկական կողմից՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ—ում ՀՀ առեւտրական կցորդ Վարոս Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։ 
Ողջունելով ԵՀ փոխնախագահին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն է հայտարարվել դեռեւս 15 տարի առաջ, ինչը հնարավորություն է ընձեռել երկրում իրականացնել բազմաթիվ հեռանկարային ծրագրեր։ Նախարարը նաեւ տեղեկացրել է նոր մշակվող տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որի առանցքային նպատակներից է ինովացիոն տնտեսության ձեւավորումը։
Անդրուս Անսիփն իր հերթին նշել է, որ այս տարվա մայիսի 6—ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընդունվել է թվային միասնական շուկաների վերաբերյալ ռազմավարությունը, որը ենթադրում է ԵՄ երկրներում պարզ եւ արդյունավետ անդրսահմանային պայմանագրային կարգավորումներ, այդ թվում՝ ակտիվ համագործակցություն սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում, ապրանքների առաքման ճկուն համակարգի ձեւավորում՝ ուղղված գների թափանցիկության մակարդակի բարձրացմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար եվրոպական տարբեր երկրներում ավելացված արժեքի հարկով հարկման տարբեր ռեժիմներով պայմանավորված վարչական բեռի նվազեցում եւ միասնական ստանդարտների կիրառում ծառայությունների մատուցման ոլորտում եւ այլն։
Հանձնակատար Անսիփն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ շեշտելով, որ թվային միասնական շուկան կարող է ստեղծել համագործակցության նոր հեռանկարներ եւ հնարավորություններ երկկողմ հարաբերությունների համար։
Երկուստեք ընդգծելով նախաձեռնության կարեւորությունը, կողմերը պայմանավորվել են առավել ընդլայնել եւ խորացնել ԵՄ—ՀՀ հարաբերությունները թվային միասնական շուկայի նախաձեռնության շրջանակներում։ 
Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը հրավիրել է հանձնակատար Անսիփին մասնակցելու ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Արմթեք» բարձր տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին՝ ՏՏ ոլորտի ձեռքբերումներին անմիջականորեն ծանոթանալու նպատակով։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 413 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024