ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 9 » Հայաստանը՝ «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի պատվավոր հյուր
14:12
Հայաստանը՝ «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի պատվավոր հյուր

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ հունիսի 5—8—ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին։ Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը։
Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայացել է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով։ Որպես «Միդեմ—2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել եւ մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով եւ խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակը։
Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված էր նաեւ վիզուալ առումով։ Ողջ քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները՝ «Հայաստան—պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։
Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել էր, եւ դադարեցվել էր երթեւեկությունը։ Կաննի ամենահայտնի եւ պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմի» բացման երեկոն, որտեղ հանդես են եկել «Կատուներ» ջազ—խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը եւ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո—ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչեւ ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը եւ «DJ Beatman»—ը։
«Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաեւ դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները։
Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաեւ հայ ազգային խոհանոցն ու խմիչքները։
Հունիսի 5—ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը։ Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։
Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ—ից, Ճապոնիայից հետո։ Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է ՀՀ նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։
«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։
Ժան Նոել Թրոնքը «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է, ով ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպության 90—ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։
Սերժ Սարգսյանը հունիսի 6—ին Կաննի փառատոների պալատում մասնակցել է «Միդեմ—2015» փառատոնի բացման արարողությանը։ Հանրապետության նախագահը շրջել է փառատոնի տաղավարներում, այցելել Հայաստանի տաղավար, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի տաղավարներ։ Այնուհետեւ նախագահը մեկնել է «Հայաստանի պուրակ»։ Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի եւ հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին։ ՀՀ նախագահը եւ Կաննի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Նույն օրը Սերժ Սարգսյանը Կաննում ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Քննարկվել են հայ—ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Նա հույս է հայտնել, որ ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու եւ հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։
Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուրռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ինչպես նաեւ ֆրանսիացի նախարարին առաջարկվել է շարունակել հայ—ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, եւ որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարները ՀՀ նախագահին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ փոխգործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին։
Նույն օրը երեկոյան Կաննում Սերժ Սարգսյանը մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տրված գալա ընթրիքին եւ հանդես է եկել ելույթով։
Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը։ «Մենք հայեր ենք» 5 րոպե տեւողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ պարգեւատրման արարողություն։ Հանրապետության նախագահը երգչուհի Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյանին (Ռոզի ԱՐՄԵՆ) Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք—սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է Պատվո շքանշանով։ Պատվո շքանշանով է պարգեւատրվել նաեւ կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը՝ հայ—ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 437 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024