Թբիլիսիում հունիսի 14—ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. կարկուտով եւ քամով ուղեկցվող տեղատարափ անձրեւի հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։
Աղետից հետո Վրաստանը ցավակցության եւ աջակցության հաղորդագրություններ է ստանում տարբեր երկրներից։
Աղետի հետեւանքով մեկ տասնյակից ավելի մարդ է զոհվել, այդ թվում նաեւ հայեր։ Երեկ ՀՀ ԱԳՆ—ն հայտնեց 4 հայազգի զոհի մասին. Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայեր Ժաննա, Սվետլանա, Լիանա եւ Նանա Եղիազարովաները։ Զոհված հայերի մարմինները տեղափոխելու են Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի հոգեհանգստի արարողությունը։ Եղիազարովա քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում։ Ցեխաջուրը լցվել է նրանց տունը, եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ։
Սակայն զոհերի ընդհանուր թիվը դեռեւս վերջնական չէ։ Վրացական ԶԼՄ—ները ժամ առ ժամ հայտնում են նոր զոհերի մասին։ Ավելի քան 260 մարդ անօթեւան է մնացել, կան անհետ կորածներ։ Թբիլիսիի 2 շրջանների մոտ 22 հազար սպառող աղետի հետեւանքով մնացել էր առանց էլեկտրաէներգիայի. բարեբախտաբար դա հնարավոր է եղել վերականգնել։
Մեծ կորուստներ է կրել քաղաքի կենդանաբանական այգին։ Այգին ուներ ավելի քան 600 «բնակիչ», որոնցից կեսից ավելին սատկել են։ Ազատության մեջ հայտնված եւ ջրին զոհ չգնացած շուրջ 30 գիշատիչ կենդանիների մի մասը քնեցվել կամ վնասազերծվել է համապատասխան ծառայությունների կողմից։ Որոշ կենդանիների անվտանգության նկատառումներով ոչնչացրել են։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի խոսքով, աղետի հետեւանքները վերացնելու համար 40 մլն լարին էլ բավարար չէ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15—ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հայտարարել է Թբիլիսիի ջրհեղեղի պատճառների գիտական քննարկումների ու պրոֆեսիոնալ ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ երկրում այդ նպատակով կան լավ մասնագետներ։
«Եթե սկսենք մեղավորներ որոնել, այլ ոչ թե իրավիճակը պրոֆեսիոնալ ուսումնասիրել, ապա կկորչենք դետալներում։ Մենք պետք է ունենանք մասնագետների որակավորված զեկույցն այն մասին, թե ինչն է հարուցել այդ խնդիրը։ Դրա հետ կապված՝ ես ակնկալում եմ ոչ թե քաղաքական, այլ գիտական քննարկումներ ու հուսով եմ՝ նման քննարկում տեղի կունենա»,–հայտարարել է նա եւ նշել, որ անթույլատրելի է, որ Վերե գետի կիրճում ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով այդքան մարդ մահանա։
Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պաշտպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին չի բացառել աղետի կրկնությունը։ Թբիլիսիի Բագեբի տարածքը պատուհասած սողանքը փակել է Վերե գետը, ինչը քաղաքում ստեղծել է ջրհեղեղի կրկնության վտանգ։ Քննարկվում է խնդրի լուծման երկու տարբերակ՝ գետի հունի մաքրումը հատուկ տեխնիկայի օգնությամբ կամ հունը լցված զանգվածի պայթեցում։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել է, որ երկիրը Թբիլիսիում տարերային աղետից հետո բազմաթիվ առաջարկություններ է ստանում հումանիտար, ֆինանսական, փորձագիտական օգնության վերաբերյալ, եւ նշել է, որ Վրաստանն ամեն տեսակ օգնության կարիք ունի։
Ինչպես հայտարարել է ՀՀ կառավարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունն ակտիվ համագործակցության մեջ է վրացական կողմի հետ, եւ անհրաժեշտության դեպքում կունենան առավելագույն մասնակցություն Թբիլիսիում տեղի ունեցած արհավիրքի հետեւանքները վերացնելու գործում։
Թբիլիսիի կենդանաբանական այգու «Facebook»—յան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում գտնվող Գրանդ փղիկը ջրհեղեղից չի տուժել։
Արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երեւանի կենդանաբանական այգու 4 մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Քաղաքապետը նաեւ նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթեւան մնացած կենդանիներին Երեւանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|