Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը
Երեկ մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տեղեկացմամբ՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակության մասնակցություն։
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում են ավելի քան 630 տարբեր հանդիպումներ։ Փորձագետների հաղորդմամբ՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ, դրանցից 50—ը՝ կլիմայի, մոտ 30—ը՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ։
Նախօրեին Հայաստանի վարչապետն այցելել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ։ Այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ եւ Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագի։
Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «NVidia» ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում, եւ որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Այստեղ վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ, պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի։
Աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան—Լոս Անջելես գործարար համաժողովին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության եւ Կալիֆորնիայի նահանգի միջեւ ստորագրվել է «Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ»։
|