Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ—ում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երեւանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4—րդը։
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի կայքէջից տեղեկանում ենք, որ «միջոցառմանը ներկայացվել է նաեւ ՀՑԹԻ–ի կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի՝ թուրքական պետության կողմից այդ նպատակադրված եւ ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման եւ ուսումնասիրման համար։ ԱՄՆ–ի դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված եւ նպատակային իրագործված լինելու հանգամանքը։
Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խոր վերլուծություն՝ այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով։ Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաեւ ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհայի պատերազմի մեջ։
ՀՑԹԻ–ի գիտաժողովների սրահում ելույթ ունեցան նաեւ Հենրի Մորգենթաուի մյուս ազգականները՝ թոռները, ծոռները, ովքեր իրենց երախտագիտությունը եւ հուզմունքը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին միջոցառման կազմակերպման եւ դեսպան Մորգենթաուի մեծարման համար»։
Մորգենթաուի թոռն իր ելույթում հիշեց Ֆրանսիայի նախագահի ու Հռոմի պապի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ։
«Այս խոսքերը վաղուց ասել է Հենրի Մորգենթաուն։ Մենք խոսում ենք սուպեր հերոսների մասին, բայց մոռանում ենք մեր կողքին գտնվող շարքային հերոսների մասին։ Իրականությունը բաց աչքերով տեսնելն ու իրականության մասին բարձրաձայնելն արդեն հերոսություն է»,—ասաց նա։
ՀՑԹԻ–ի տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսին եւ Մորգենթաուի ազգականներին հանձնել է «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ։ Տեղի է ունեցել նաեւ Հենրի Մորգենթաուին նվիրված հիշատակի բացիկների մարում։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ ԱՄՆ–ի դեսպանը, Մորգենթաու ընտանիքը ծաղիկներ են դրել նաեւ Հենրի Մորգենթաուի հուշատախտակի մոտ։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում բացվել է նաեւ Հենրի Մորգենթաուի անունը կրող աշխատասենյակ։
|