Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային։
Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ։
Նախագահի խոսքով, ԵԽ չափանիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, Հայաստանի համար լավ ուղենիշներ են, եւ մեր երկիրը հասել է որոշ արդյունքների՝ որպես ԵԽ անդամ եւ որպես այդ անդամակցությամբ պարտավորություններ ունեցող պետություն, որը փորձում է կատարել ստանձնած պարտավորությունները։
ՀՀ նախագահը եւ Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը համակարծիք են եղել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ ներկայացրել մի շարք ուղղություններով երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ անդրադառնալով նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ—ն սատարում է Հայաստանին՝ երկրում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը գոհունակությամբ է խոսել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունում 2013 թվականին Հայաստանի նախագահության մասին, ընդգծելով, որ վեցամսյա ժամկետում բարձր մակարդակով եւ պատվով իրականացված Հայաստանի առաքելությունը, սահմանված գերակայությունները ԵԽ—ում արժանացել են նաեւ կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին։ Նրա խոսքով, հաջողությամբ իրականացված այդ նախագահությունը կմնա ԵԽ—ի պատմության մեջ։
Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ նկատի առնելով ԵԽ—ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը եւ մինչ այժմ ՀՀ—ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված դրական արդյունքները, ԵԽ—ի գործողությունների նոր ծրագիրը եւս նույնպիսի հաջողությամբ կիրականացվի։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|