Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի դերակատարությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում եւ շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատեւ ծառայության համար։ Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն նաեւ նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում։
Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն զինված ուժերի կարեւորագույն ստորաբաժանումներից մեկի ծառայության կազմակերպման գործում։ «Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի եւ ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկվելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսեւորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լուծման հարցում»,–նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
|