ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 14:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 31 » ՀՀ պետական բյուջե–2018 /ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են նախագծի նախնական քննարկումները/
13:24
ՀՀ պետական բյուջե–2018 /ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են նախագծի նախնական քննարկումները/

Երեկ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական գաղափարախոսությունը. «Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մաղթում եմ եւ հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ։ Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումներ գտնելուն ուղղված քննարկումների։ Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար։
Հաշվի առնելով մեր կառավարության 2017–2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ են նախագծել։
Միջնաժամկետ հորիզոնում չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում։
Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, եւ Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը։ Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաեւ նկատի ունենալով, որ թե՛ դուք եւ թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի եւ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ՝ կցանկանայի շեշտադրել բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ։
1. Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը։ Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար։ 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը։ Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը։ Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով եւ թե՛ սոցիալական բնույթի։ Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր եւ ծավալուն աշխատանք կպահանջի։
2. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը։ Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձեւավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք։
3. Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե՛ ստվերային տնտեսության կրճատման եւ թե՛ գործարար միջավայի բարելավման տեսանկյունից։ Այստեղ կարեւորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձեւավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է կառավարության ծրագրում։
Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարեւոր փաստաթղթերից մեկը, եւ ես վստահ եմ եւ հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ եւ ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի եւ քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը։
Եվս մեկ անգամ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք եւ լավ տրամադրություն։
Շնորհակալություն»։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը միտված քայլերը։ Նա ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական տարբեր փուլերում պետք է լինի խելամիտ, այն պետք է աջակցի տնտեսության աճի տեմպերին։ Պարոն Արամյանը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը, համաշխարհային շուկայում նավթի եւ պղնձի գների աճի միտումները, համաշխարհային տնտեսական զարգացումների ուղղակի ազդեցությունը մեր երկրի վրա։ Ակնկալվում է չօգտագործված ներուժի իրացման հաշվին ունենալ ավելի մեծ տնտեսական աճ։ Վարդան Արամյանի խոսքով՝ գործադիրի քաղաքականության հիմնասյունը նաեւ արտահանմանը միտված տնտեսական աճ ունենալն է լինելու։
Նախարարն անդրադարձել է հարկերի հավաքագրման ընթացիկ վիճակին՝ նշելով, որ 2018 թվականին նախորդ տարվա համեմատ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի 0.4 տոկոսով։
Այսպիսով, 2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով։ 2018 թ. կանխատեսվում է 2017 թ. համեմատ ՀՆԱ—ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը։
2018թ. կանխատեսվում է արտահանման 8.0% իրական աճ եւ ներմուծման՝ շուրջ 7.8% իրական աճ։
2018 թ. համախառն պահանջարկի շարժիչ է հանդիսանալու ներքին պահանջարկը՝ սպառման եւ ներդրումների մանաբաժինը ՀՆԱ—ում բարելավվելու է։
2018 թ. գործընկեր երկրների տնտեսական աճին եւ ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանման ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ՝ կանխատեսվում է արտահանման շուրջ 11.5% աճ (դոլարային արտահայտությամբ)։
2017 թ. մինչեւ տարեվերջ կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը՝ եկամուտների չեզոք, իսկ ծախսերի զսպող ազդակի դրսեւորմամբ, որը կշարունակվի նաեւ 2018 թվականին։
Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2018 թ. համար ծրագրվել են 1,247.9 մլրդ դրամի չափով՝ 2017թ. համար հաստատված՝ 1,135.0 մլրդ դրամի եւ 2016 թ. փաստացի համադրելի մուտքերի 1,076.9 մլրդ դրամի դիմաց։
Հարկային եկամուտների պետական տուրքերի 2018 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ—ի 21.3%—ը՝ 2017 թ. համար ծրագրային եւ 2016 թ. փաստացի համապատասխանաբար 21.0%—ի եւ 21.2%—ի դիմաց։
2018 թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է շուրջ 1,464.2 մլրդ դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,307.3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,464.2 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 156.9 մլրդ դրամ։
«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը եւ ՀՀ ԿԲ 2018թ. վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների նախագիծը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024