ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ աշխատանքային այցովով Արմավիրի մարզում էր։ Նախարարն այցելեց Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցի՝ ծանոթանալու վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այս բացառիկ հուշարձանը կառուցվել է 7—րդ դարի առաջին կեսին եւ հռիփսիմեատիպ եկեղեցի է, իսկ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն այն անվանել է Թարգմանչաց վանք։
Եկեղեցին գրեթե հիմնահատակ ավերվել է, պահպանվել են միայն արեւելյան աբսիդը, հյուսիս—արեւմտյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձեւ խորշով, հարավ—արեւելյան սենյակի աննշան մասը։ Այն ունի պարագծային աստիճանավոր պատվանդան, մուտքերը եղել են արեւմուտքից եւ հարավից, ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված։ Հուշարձանն ունեցել է այնչափ կատարյալ կառուցվածք, որ փլուզվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը։ Հիմնադրման կամ կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։
Նախարարը նշեց, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ գրատպության 500—ամյակի կապակցությամբ։ Տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են, փռվել, իրականացվել են մեծ զանգվածների տեղափոխման աշխատանքներ, հողից բացվել են գետնախարիսխները, որոնց պիտանի քարերը եւ միակոր ու հարթ երեսապատի քարերը վերաշարվել են։
Այս տարի նախատեսված է քանդել եւ վերաշարել մեծ զանգվածների վնասված եւ սրբատաշ երեսապատերը, փոշեզրկել եւ համարակալել հուշարձանապատկան բեկորները, կատարել միջուկի ամրակայում, կցոնել եւ սոսնձել հարթ, միակոր, կոնական եւ երկկոր բեկորները։ Նախատեսվում են անկյունային գետնախարիսխների եւ հարթ երեսապատի քարերի նոր տաշ ու շարի աշխատանքներ։
«Կարծում եմ՝ ընթացիկ խնդիրները լուծելուց հետո մենք 2016թ. բյուջեով գոնե առնվազն կկրկնապատկենք այս աշխատանքների ֆինանսավորումը, որը ներկայումս կազմում է 20 մլն ՀՀ դրամ։ Սա մեր եզակի եւ հնագույն եկեղեցիներից մեկն է։ Հաշվի առնելով այն, որ Այգեշատը բավականին խոշոր համայնք է, եւ որ եկեղեցին բացի հոգեւոր կառույց լինելուց կարող է նպաստել համայնքի տնտեսության զարգացմանը որպես զբոսաշրջային կենտրոն, կառույցի վերականգնումը ներառվեց պետական ծրագրերում։ Հիմնականում իրականացվում են գիտական վերականգնման աշխատանքներ, առանց կտրուկ միջամտության։ Պետք է հիշել, որ ցանկացած նման նախագծի իրականացումից առաջ բազում գիտական քննարկումներ են լինում, ընթացքում այնուհանդերձ ճշգրտումներ լինում են, քանի որ նոր մոտեցումներ են առաջանում»,– ասաց նախարարը։
Թարգմանչաց եկեղեցու վերականգնման աշխատանքների պատասխանատու շինարար Ալբերտ Անանյանը նշեց, որ բոլոր հին քարերը չափագրվում են, ինչպես նաեւ կիրառվում են բնօրինակին նման նոր տարբեր երանգների քարեր։ Եկեղեցու ծածկը կլինի ամբողջությամբ նոր, թաղերի քարերը, սակայն, մեծ զանգվածները, որոնք եկեղեցու պայթեցումից ի վեր մնացել են միասնական, այդպես էլ դրվելու են եկեղեցու վրա։ Արդյունքում, բացի ծածկից եւ հատակի սալերից, վերականգնման ընթացքում մոտ 65—70 տոկոսով օգտագործվելու են հին քարերը։
«Այս հուշարձանի վերականգնման մեջ սա ամենաարժեքավոր նախագիծն է, որ մշակվել է դեռ խորհրդային տարիներին եւ այն ժամանակ արժանացել տարվա լավագույն նախագծի պատվին։ Այս հուշարձանի վրա աշխատում էին դեռ ԽՍՀՄ—ի օրոք, մենք՝ վերականգնող ճարտարապետներս, երջանիկ ենք լինում մեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ հուշարձանապատկան բեկորների համար։ Աշխատանքն ընթանում է այնպես, որ ամեն բեկոր գտնի իր տեղը ոչ թե մեր ցանկությամբ, այլ իր ուրույն տեղը, ինչը պահանջում է մեծ գիտական պատրաստվածություն»,–հավելեց վերականգնող ճարտարապետ Գայանե Մաժլուխանյանը։
Նախարարն այցելեց նաեւ Մեծամորի արգելոց—թանգարան, որտեղ նրան ներկայացվեցին հնավայրում կատարվող պեղումների ընթացքն ու առկա խնդիրները։ Այս հնագույն ամրոց—բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է, որը գտնվում է Երեւանից 35 կմ հարավ—արեւմուտք, Տարոնիկ համայնքից ոչ հեռու՝ Մեծամոր գետի ափին։ 1965թ. մինչ օրս այստեղ պարբերաբար պեղումներ են իրականացվում, եւ այս տարի լրանում են պեղումների ձեռնարկման 50 եւ թանգարանի հիմնադրման 45—ամյակները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց պեղումներ իրականացնող խմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի եւ երկաթի դարաշրջաններին, նյութերը վկայում են, որ բրոնզի դարում՝ մ. թ. ա 4—2—րդ հազարամյակներում, Մեծամորը մշակութային ծաղկող կենտրոն է եղել։ Լավ պահպանվել է պղնձի ձուլարանի ամբողջ համակարգը՝ հալոցը եւ հնոցները՝ կառուցված ժայռերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր քաղաք—բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված ամրոց, զիկուրատ—աշտարակ։
«Վաղ երկաթի դարաշրջանում՝ մ.թ.ա. 11—ից 9—րդ դարերում, Մեծամորն արդեն քաղաք էր, որի միջնաբերդը, զիկուրատ—աշտարակը, բնակելի թաղամասերը եւ հսկա դամբարանադաշտը զբաղեցնում էին արդեն շուրջ 100 հա տարածք։ Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, արտադրական միավորները եւ տաճարական համալիրը՝ յոթ սրբատեղիներով։ Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս—արեւելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են հսկայածավալ դամբարաններ՝ օղակված կարմիր տուֆե քարաբեկորներով։ Այստեղ թաղվել են առաջնորդները, նրանց պատվին զոհաբերված ստրուկներն ու կենդանիները։ Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, զարդաքանդակված փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները»,–ասաց մասնագետը։
Հայտնաբերված իրերի շարքում ամենից նշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի սարդոնիքսից պատրաստված գորտ—կշռաքարն է, որը թվագրվում է մ. թ. ա. 16—րդ դարով, եւ բաբելոնյան մյուս արքա Կուրիգալզու 2—րդին պատկանող եգիպտական արձանագրություններով ագաթե կնիքը՝ մ.թ.ա. 15—րդ դարի։ Գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առեւտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով եւ կապել միմյանց Առաջավոր Ասիան եւ Հյուսիսային Կովկասը։ Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Էթիունյան ցեղամիության «արքունի» քաղաքներից է, կարեւոր վարչաքաղաքական եւ մշակութային կենտրոն։ Մ.թ.ա. 8—րդ դարում Մեծամորը մտել է Վանի թագավորության կազմ, կյանքն այստեղ շարունակվում էր նաեւ միջնադարում՝մինչեւ 17—րդ դարը։ Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ եւ ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց—թանգարանը բացվել է 1970թ, ներկայումս գործում է «Պատմամշակութային արգելոց—թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի կազմում։ Այստեղ պահվում են հուշարձանից պեղված 27 հազար 697 առարկաներ։ Թանգարանի երկու հարկերում ցուցադրվում են շուրջ 10 հազար եզակի ցուցանմուշներ, իսկ նկուղային սրահում ներկայացված են ուշբրոնզեդարյան—երկաթեդարյան դամբարաններից հայտնաբերված ոսկե, արծաթե, անագե, սարդոնիքե եւ արդիոնե արտեֆակտներ։
2013—2014թթ. հուշարձանի տարածքում արդյունավետ աշխատում է հայ—լեհական միջազգային հնագիտական արշավախումբը։ Աշխատանքները հիմնականում կենտրոնացված են բնակավայրի քաղաքային թաղամասի հատվածում եւ վերաբերում են մ.թ.ա. 11—ից 9—րդ դարերին։ Ա. Փիլիպոսյանը ՀՀ մշակույթի նախարարին տեղեկացրեց, որ ներկայումս թանգարանն ունի շենքային պայմանների բարելավման եւ տեղանքի ենթակառուցվածքների բարեկարգման կարիք, որպեսզի այն դադարի անտեսված մնալ զբոսաշրջային երթուղիներից։ Հ. Պողոսյանի խոսքով՝ ներկա պահին մշակման փուլում գտնվող հնագիտության ազգային ծրագրում կարեւոր առաջնահերթություն ունեցող խնդիրներից կդառնան «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց—թանգարանի աշխատանքների շարունակությունը, շենքի հիմնանորոգումը եւ շրջակա տարածքում անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը. «Պարզ աչքով թվում է, որ թանգարանի գոյության հիսուն տարիների ընթացքում շատ քիչ աշխատանքներ են տարվել, սակայն երբ ներկայացնում են դրանք, պարզվում է, որ աշխատանքը հսկայական է, սակայն այն դեռ ունի մշտական ուսումնասիրության խնդիր։ Այստեղ մեկ հնավայրի կտրվածքով կարելի է ուսումնասիրել քաղաքակրթության տարբեր շերտերը, եւ այդ իմաստով շատ ենք կարեւորում այդ հնավայրը»։
Մեծամորի պեղումների աշխատանքների մեկնարկի 50—ամյակի եւ թանգարանի հիմնադրման 45—ամյակի կապակցությամբ սեպտեմբերին «Մեծամոր» արգելոց—թանգարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով, որում ներկա կլինեն այստեղ երբեւիցե աշխատած բազմաթիվ գիտնականներ։
Արշալույս համայնքում Հ. Պողոսյանն այցելեց հայտնի խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանի արվեստանոց եւ ծանոթացավ ուսուցողական ծրագրերին։ Արվեստանոցում տեղի ունեցավ նաեւ հանդիպում—քննարկում մարզի արվեստագետների եւ մտավորականների հետ, ինչպես նաեւ պարգեւատրման արարողություն։ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման, ինչպես նաեւ երկարամյա արդյունավետ գործունեության համար խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի արժանացան նաեւ մարզում գործունեություն ծավալող մի շարք այլ արվեստագետներ։
Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում ՀՀ մշակույթի նախարարը ներկա գտնվեց Էջմիածին քաղաքի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի, Արմավիրի քաղաքապետարանի, Գայ համայնքի, Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան, Փարաքար համայնքի Հ. Էդգարյանի անվան եւ Արշալույս համայնքի արվեստի դպրոցների, ինչպես նաեւ Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջին կից պրակտիկայի բաժնի սաների դեկորատիվ—կիրառական եւ նկարչական շուրջ հարյուր աշխատանքների ցուցահանդեսին։ Այնուհետեւ Արմավիրի մարզի գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվեց պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականություն։ Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաեւ երկարամյա արդյունավետ գործունեության համար մշակութային օջախների մի շարք մանկավարժներ պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով։
Ներկայումս մարզում գործում է գեղարվեստական կրթություն իրականացնող 21 հաստատություն՝ 12 երաժշտական, 7 արվեստի եւ մեկական գեղարվեստի ու արվեստի պետական քոլեջ, որին կից գործում է երաժշտական եւ արվեստի պրակտիկայի բաժին։ Ուսումնական հաստատություններում սովորում է 2 հազար 757 աշակերտ, դասավանդում՝ 321 մանկավարժ։ Մարզում գործում են երեք հենակետային գեղարվեստի դպրոց, 30 մանկական երգչախումբ։ Երաժշտական, արվեստի դպրոցներում եւ այլ հաստատություններում գործում են 40 լարային, փողային, քանոնահարների եւ այլ համույթներ։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված մարզում արվեստի պետական քոլեջի, երաժշտական, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ անցկացվել է 12 միջոցառում։
Արմավիր քաղաքի մշակույթի տանը Հ. Պողոսյանը ներկա գտնվեց «Երգող Արմավիր» մանկապատանեկան երգի մարզային 3—րդ մրցույթ—փառատոնի մրցանակաբաշխությանը եւ գալա համերգին։ Փառատոնը հիմնադրվել է 2013թ. Արմավիրի մարզպետարանի եւ «Արմավիրի մշակույթ, սպորտ եւ երիտասարդություն» հիմնադրամի նախաձեռնությամբ։ 3—րդ մրցույթ—փառատոնին մասնակցում են մարզի հանրակրթական դպրոցների 6–18 տարեկան աշակերտները՝ 3 տարիքային խմբում։ Ներկայացված է հինգ անվանակարգ՝ «Հայրենասիրական», «Ժողովրդական», «Դասական», «Հոգեւոր» եւ «Էստրադային»։ Մրցույթն անց է կացվում երկու՝ դպրոցական եւ մարզային փուլերով։ Այս տարի մրցույթին մասնակցում է շուրջ հազար աշակերտ։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|