Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով երեկ ժամանել է Պրահա։
Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին եւ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը։ Վարչապետը եւ պատվիրակության անդամները ծանոթացել են նաեւ Լիդիցեի պատկերասրահում ներկայացված՝ երեխաների կերպարվեստի 43—րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։
Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից եւ դառնում համամարդկային մի ուղերձ եւ պատգամ։
Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես եւ Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն, առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում եւ հոգիներում։ Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից։
Այս տարի հայ ժողովուրդը եւ աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20—րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը։ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ եւ, ցավոք, ոչ անհետեւանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության։
Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի քրիստոնյա մանուկներ, տասնյակ հազարավորները բռնի թրքացվեցին եւ օտարվեցին իրենց ընտանիքներից ու ազգությունից։
Այսօր Լիդիցեի հուշահամալիրում ներկայացված «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկներըե ցուցադրությունը, որը ներկայացրել է համալիրի հայաստանյան գործընկեր Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը, լուսանկարների միջոցով մարդկային ողբերգության պատմությունների մի շարք է, որը ցնցող ազդեցություն է թողնում բոլորի վրա։ Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն դրանք չենք կարող կոչել բացառիկ ու աննախադեպ, քանի որ երեխաներին բաժին հասած այս ճակատագրերը համամարդկային ողբերգության դրսեւորումներ են։ Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի բացումը համընկնում է Երեխաների միջազգային օրվա հետ, որ մարդկությունը նշում է այսօր։
Հարգելի բարեկամներ
Այսօր, վաղը եւ ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում եւ այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը՝ վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու եւ մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»։
Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Ամփոփելով Լիդիցե կատարած այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Կցանկանայի իմ անկեղծ զգացմունքներն արտահայտել այսօրվա կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ Լիդիցեի հուշահամալիր այցելությունը համընկել է Երեխաների միջազգային օրվա հետ։
Այսօր ես ծաղկեպսակ զետեղեցի զոհված երեխաների հուշակոթողին, մեր չեխ բարեկամների հետ բացեցի Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի պատրաստած «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսը, այցելեցի Լիդիցեի՝ արվեստների 43—րդ մանկական միջազգային ցուցահանդես, որտեղ այլ երկրների երեխաների գործերի հետ մեկտեղ ներկայացված են հայաստանցի մանուկների հրաշալի աշխատանքները։ Անչափ տպավորված եմ դրանցով։ Այս այցելությունն իմ մեջ ամրապնդեց պարտավորվածության այն զգացումը, որ մենք՝ մեծերս, մեր երեխաների եւ թոռների համար պետք է ստեղծենք խաղաղ եւ բարեկեցիկ ապագա»։ hhpress.am
|