ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ՝ ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ։ Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ։ Երկրորդ օրվանից սկսած յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ ընդմիջումների տեւողությունը՝ կես ժամ, նիստերի սկիզբը՝ ժամը 11։ 00—ին։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի հիշատակը։
Առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ—ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Փոխնախագահի կարծիքով՝ սա անօրինակ մի նախաձեռնություն է, որի նախադեպը Հայաստանում դեռեւս չի եղել։
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է նախագծի անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա՝ մինչ այժմ Հայաստանում չի եղել համալիր ձեւակերպված գիտական եւ արտադրական մտքի ամբողջական արտահայտությամբ, ֆինանսական ապահովմամբ, ներդրողների առկայությամբ նման նախաձեռնություն։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ նախագծի ընդունմամբ կլուծվեն մի շարք բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջեւ։
Ծրագրի իրականացման արդյունքում, ըստ տիկին Նաղդալյանի, նախնական գնահատմամբ՝ կունենանք 237.5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որը բացառիկ երեւույթ է Հայաստանի համար։ Արդյունքում կստեղծվեն 1000 մշտական աշխատատեղ։ Ծրագրի փուլերին անդրադառնալով՝ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ Հայաստանում կմշակվեն եւ կթողարկվեն նոր սերնդի արտադրատեսակներ։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունել է նախագծի քննարկումը խորհրդարանում։ Պատգամավորը կարեւորել է նախաձեռնությունը հատկապես աշխատատեղերի ստեղծման առումով։ Հեղինե Բիշարյանը ներկայացրել է որոշ մտահոգություններ, կարեւորել ծրագրի վերահսկողությունը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը։ Նա նշել է, որ նախաձեռնությունն արդյունաբերական ակտիվ քաղաքականության մաս է կազմում։ Միքայել Մելքումյանի խոսքով՝ այսօր Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը ռեկորդակիր է համարվում հանքարդյունաբերության արտադրանքով, անգամ աճ է նկատվել։ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ թեեւ նախագիծը կարիք ունի հստակեցման եւ վերաձեւակերպումների, այդուհանդերձ այն շատ կարեւոր է ներդրումների առումով։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ ներդրողը միջազգային արենայում բավական լուրջ գործունեություն իրականացնող կազմակերպություն է։ Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ—ն կողմ է քվեարկելու նախագծին։
Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում։ Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ նա նշել է, որ իրավիճակն այսօր Հայաստանում աղետալի վիճակում չէ։ Նա ծրագիրը հատկապես կարեւորել է աշխատատեղերի ստեղծման, սոցիալական խնդիրների լուծման, արդյունաբերական աճի հնարավորության տեսանկյունից։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եզրափակիչ ելույթում դրական է գնահատել նախագծի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկները։ Նա պատրաստակամություն է հայտնել մինչ քվեարկություն պատգամավորների հետ համատեղ քննարկել առաջարկները։
Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է 2015 թ. մայիսի 8—ին Մոսկվայում ստորագրված «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23—ին ստորագրված պայմանագրին ՀՀ միանալու մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը։ Արձանագրությամբ Հայաստանը միանում է «Ղրղըզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23—ին ստորագրված պայմանագրին։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ կարեւորելով տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը։
Պայմանագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու պայմանագրին, քանի որ կարծել եւ կարծում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցելը բխում է նրա շահերից, կարեւոր է նաեւ շրջանակն ընդլայնելը։ Նա նաեւ նկատել է, որ թեեւ վեց ամիս է անցել ԵՏՄ—ին անդամակցությունից, սակայն դեռեւս չեն երեւում շոշափելի արդյունքներ։
«Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը պայմանագրի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Ըստ նրա՝ ԵՏՄ—ին անդամակցելը շահեկան չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղրղըզստանի համար։ Նա իրազեկել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ Հայաստանի իրական տեղը Եվրոպական միությունն է, սակայն հաշվի առնելով մեր երկրի քաղաքական շահը՝ Հայաստանը կարող է եւ պարտավոր է հարաբերություններ ունենալ եւ դրանք զարգացնել երկու կառույցների՝ ե՛ւ ԵՄ—ի, ե՛ւ ԵՏՄ—ի հետ։
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա արդարացված է համարել Հայաստանի կողմից ԵՏՄ—ին անդամակցելը, քանի որ ըստ նրա՝ դա տնտեսական առումով շատ շահեկան է եւ հեռանկարային։ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ղրղըզստանի անդամակցությունը ԵՏՄ—ին եւս Հայաստանի համար կարող է շահավետ լինել, քանի որ նոր՝ 6 միլիոնանոց շուկա է բացվելու հայ արտադրողի առջեւ։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցելը եղել է ճիշտ ժամանակին, եւ այն, հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, արդարացված է։ Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ եւ ԵՏՄ մյուս անդամների հետ՝ միեւնույն ժամանակ շարունակելով հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։
Խորհրդարանը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկել է 2015 թվականի մայիսի 8—ին Մոսկվայում ստորագրված «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29—ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29—ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Այս համատեքստում խորհրդարանը քննարկել է նաեւ 2015 թվականի մայիսի 8—ին Մոսկվայում ստորագրված «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29—ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղըզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29—ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների եւ անցումային դրույթների մասին» արձանագրությունը։
Այս արձանագրության վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
Արձանագրության քննարկումը կշարունակվի այսօր։
|