Եթե կառավարությունը հաշվի առնի հասարակության կարծիքը
Թուրքիայում ԱԶԿ—ի՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունը կորցնելն ապացուցեց, որ թուրք հասարակությանը նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը հոգնեցրել է։ Այժմ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո, նոր կառավարություն ձեւավորելու հարցի շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսվել իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ։ Միայն դրանից հետո շատ հարցեր կպարզվեն։
Իսկ մինչ այդ Թուրքիայի ազգային մեծ ժողովում 80 պատգամավորական մանդատ ստացած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հանդես է եկել հայամետ հայտարարություններով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԺԴԿ—ի արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը։
«Մենք կողմ ենք, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, եւ սահմանը բացվի։ Հայ—թուրքական հարաբերությունները պետք է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված չլինեն։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությունների ճանապարհով լուծեն հակամարտությունը։ Մենք նաեւ ուզում ենք, որ ճանաչվի օսմանյան շրջանում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»,– նշել է Գյուրը։
Այս նույն կուսակցությունից առաջադրված Գարո Փայլանն էլ, լինելով հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում, հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվության մասին է խոսել։
«Մի շարք խնդիրներ ունենք։ Անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սեւակի, ցեղասպանության խնդիրներ ունենք։ Մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ։ Սակայն ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք՝ հայերս, միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի։ Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլոց հետ միասնաբար։ Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ»,–«Ermenihaber»—ին ասել է նա։
Գ. Փալյանը դեմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին։ Նախեւառաջ պետք է Թուրքիայում ցեղասպանության հանցանքը գիտակցվի, հայկական ինքնությունը կարգավորվի եւ Հայաստանի նկատմամբ թշնամանքը վերանա։
Նա ընդգծել է, որ թուրք հասարակությունը փոփոխվելու գործընթացում է։ Մի խոսք կա՝ գիշերվա ամենամութ կետը առավոտվա ու արեւին ամենամոտ պահն է։ Իսկապես գիշերվա ամենամութ կետում էինք եւ լուսավոր առավոտ մտանք։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւս իրավիճակի փոփոխություն է կանխատեսում։
«Ենթադրում եմ, որ նախընտրական կրքերի հանդարտվելուց հետո Թուրքիայում թուրքական պաշտոնական իշխանությունների հայտարարությունները ավելի կառուցողական կլինեն»,–«Aysor.am»—ին ասել է նա։
Զաքարյանի խոսքով, ընտրությունները ցույց տվեցին, որ թուրք հասարակությունը իր ընտրությունը կատարել է իր նախասիրությունների հիման վրա. «Հույս ունենք, որ ապագա խորհրդարանը, կառավարությունը կարտահայտեն թուրք ժողովրդի կարծիքը։ Ես կարծում եմ, որ Թուրքիայում որոշակի միջավայրի ու դիրքորոշումների փոփոխություն կարող է լինել, քանի որ շատ—շատերը կան, որ կարծում են, որ հակահայկականությունը, Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, փակ սահմանները եւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանին որեւէ լավ բանի չեն բերի»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|