«Նեմեսիս» գործողության ամենահնչեղ վրիժառությունը տեղի ունեցավ Բեռլինում 1921 թ. մարտի 15—ին,
երբ Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին։ Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը եւ անձնական տվյալները։ 79 օր տեւած նախնական հարցաքննությունից հետո՝ 1921—ի հունիսի 2—ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տեւեց երկու օր։ Թեհլերյանին բանտում առաջինն այցելել է մի վանական, որը տեսնելով նրան՝ բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին եւ լուծեցիր բոլորիս վրեժը»։
«Պատվով ու խղճով վկայում եմ՝ որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921—ի մարտի 15—ին Շառլոտենբուրգում մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու մեջ»։ «Ոչ». դատարանի որոշումն էր։ Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր։ Իսկ Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները։ Դատարանում Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման եւ տեղահանության հրամաններ էր տալիս։ Ուշագրավ է, որ դատավարությանը մասնակցում էր նաեւ երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով տարիներ անց արդեն որպես փորձառու իրավաբան ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, եւ նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան։
Թեհլերյանի արդարացման եւ հայության նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականության դատապարտման գործում մեծ դեր խաղաց Յոհաննես Լեփսիուսը։ Վերջինս դեռ 1919 թ. հրատարակել էր «Գերմանիան եւ Հայաստանը 1914—1918 թվականներին» աշխատությունը, որում բազում անհերքելի ապացույցներ են բերված երիտթուրքերի կատարած ոճիրների մասին։ Իր զեկուցագրերից մեկում Լեփսիուսը նշում էր. «Միանգամայն ակնհայտ է, որ հայերին աքսորելը կապված չէ միայն ռազմական նկատառումների հետ։ Վերջերս ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյն առանց քաշվելու հայտարարել է կայզերական դեսպանության աշխատակից դոկտոր Մորդմանին, որ Բարձր դուռը ձգտում է օգտագործել համաշխարհային պատերազմը, որպեսզի հիմնովին արմատախիլ անի իր ներքին թշնամիներին (տեղական քրիստոնյաներին), առանց հարուցելու դիվանագիտական միջամտություն արտասահմանից»։ Դատավարության ընթացքում, հանդես գալով Թեհլերյանի արդարացման օգտին, Լեփսիուսը նշեց, որ «Համընդհանուր տեղահանության որոշումը կայացրել էր երիտթուրքական կոմիտեն, այդ հրամանը տվել էր ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան (ռազմական նախարար Էնվերի հետ համատեղ)։… Թալեաթ փաշայի ստորագրած հրամանում կան այսպիսի բառեր. «Տեղահանումը բնաջնջում է»։
Սողոմոն Թեհլերյանը, դատավարության ժամանակ, ի պատասխան դատարանի նախագահի այն հարցին, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, պատասխանել էր. «Ոչ։ Մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ։ Իմ խիղճը հանգիստ է»։ Դատավարության ընթացքում բերված փաստերի ու վկայությունների արդյունքում գերմանական դատարանը հունիսի 22—ին արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին։ Ուշագրավն այն է, որ այս դատավարության ընթացքում ոչ միայն գնահատվեց եւ հետազոտվեց Սողոմոն Թեհլերյանի արարքը, այլեւ դատապարտվեց Թալեաթի եւ մյուս երիտթուրք պարագլուխների գործունեությունը։ Ըստ էության, առաջին անգամ Թուրքիայի սահմաններից դուրս դատապարտվեց Հայոց եղեռնը։ Նման քայլով գերմանական իշխանությունները ցանկանում էին խույս տալ այն պատասխանատվությունից, որ իրենք ունեցել են Հայոց ցեղասպանության ժամանակ՝ որպես Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցներ, քանի որ Լեփսիուսի հրապարակած փաստաթղթերում, որքան էլ նա ցանկանում էր նրբորեն թաքցնել, ակնհայտ էր, որ որոշ գերմանացի բարձրաստիճան զինվորականներ անմիջական մասնակցություն են ունեցել որոշ շրջանների հայության տեղահանության եւ ինքնապաշտպանական մարտերի ճնշման գործում։
Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը ցնցեց ոչ միայն աշխարհի հայությանը, այլեւ ողջ միջազգային հանրությանը։ Դատավարությանը անդրադարձան եվրոպական գրեթե բոլոր հայտնի պարբերականները, ինչը մեծապես նպաստեց Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացմանը։
Չնայած Բեռլինի դատավարության մեծ հնչեղությանը՝ «Նեմեսիս» գործողությունը չդադարեցվեց, եւ 1921 թ. հուլիսի 18—ին Միսակ Թոռլաքյանը Կ. Պոլսում սպանեց մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին, իսկ նույն տարվա դեկտեմբերի 5—ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրք պարագլուխներից Սայիդ Հալիմ փաշային։ 1922 թ. ապրիլի 17—ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազիմին, որի հրամանով Սեւ ծովում խեղդեցին ավելի քան 15000 հայ երեխաների։ Այդ նույն ժամանակ Բեռլինում հայ վրիժառուների կողմից ահաբեկվեց Բեհաեդդին Շաքիրը, որի հիմնադրած կազմակերպությունը անմիջական մասնակցություն ուներ Հայոց ցեղասպանության կազմակերպման եւ իրականացման գործում։ Իսկ 1922 թ. հուլիսի 22—ին Թիֆլիսում Պետրոս Տեր—Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային։ Սակայն «Նեմեսիս» գործողությունը ամբողջովին չիրականացվեց։ Երբ 1922 թ. ընդունվեց «Պրոմեթեւս» ծրագիրը, որով հայ, վրացի եւ ազերի վտարանդի կառավարությունները, մտան համագործակցության մեջ ընդդեմ բոլշեւիզմի, ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը։
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, վերլուծելով «Նեմեսիս» գործողության արդյունքները, վստահաբար կարող ենք ասել, որ այն հիմնականում լուծեց իր առջեւ դրած խնդիրը եւ մեծապես նպաստեց Հայոց եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին։
Գեւորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս, պատմաբան
|