ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դրական փոփոխությունների հերթական 100 փաստերը
Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ ասուլիսն էր հրավիրել։ Ներածական խոսքում նա անդրադարձել է նախորդ ասուլիսից ի վեր տեղի ունեցած փոփոխություններին, ձեռքբերումներին։
«Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8—ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, եւ ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարեւոր է կառավարության կատարած աշխատանքները եւ նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար։ Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք եւս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարակեմ եւս 100 փաստ»,–ասել է վարչապետն ու կետերով թվարկել բոլոր 100 փաստերը։
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի դեպ, ես եղել եմ Հայաստանի առաջին ղեկավարը, ով նման հայտարարություն է արել, խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաեւ Հայաստանում քննադատվել եմ։ Ես համանման հայտարարություն ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի իշխանությունից։
Իմ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց նման հայտարարություն չի արվել, եւ փոխարենն ասվել է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր»,–ասել է վարչապետը։
Սկիզբը՝ էջ 1
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի հայտնած դիրքորոշմանը Հայաստանը համարժեք պատասխան ունի։
«Եթե այս ամենի կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի՝ Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»,–ասել է Փաշինյանը։
Փաշինյանը Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները համարում է հրատապ եւ օրախնդիր։ Նրա խոսքով՝ շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել են այն համոզման, որ պետք է գնալ վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի այնպես չստացվի, թե շատ արագ ինչ—որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն են լուծում, այլ խնդրի ձեւակերպումը փոխում։
«Մեր նպատակն է ի վերջո ունենալ անկախ դատական համակարգ, հանկարծ այնպես չստացվի, թե մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով։ Մենք դա չէ, որ ուզում ենք անել։ Եվ, կներեք, ամենաապիկար վտանգները ՀՀ—ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից»,—ասել է վարչապետը։
Նա հստակեցրել է, որ Հայաստանում առաջիկայում կստեղծվի հակակոռուպցիոն երկու մարմին։ Դրանցից մեկը կզբաղվի պաշտոնյաների, այդ թվում դատավորների գույքային կարողությունների գնահատմամբ։
Անդրադառնալով աղմուկ հանած բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի ընդունման վտանգներին՝ նա վստահեցրել է, որ ոչ մի վտանգ էլ չկա, եւ կառավարությունը հետ չի կանգնելու ու այն ուղարկելու է Ազգային ժողով։
«Բոլոր նրանց, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, ես ասում եմ, որ որեւէ հիմքեր դրա համար չկան։ Երբ մենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների մասին հարցն էինք քննարկում, ես ասում էի, որ մենք պետք է այդ գործում ունենանք Սկանդինավյան երկրների մակարդակը։ Մեկը կարո՞ղ է բացատրել, որ եթե համակարգը գործում է սկանդինավյան երկրներում, եվրոպական այլ երկրներում, այնտեղ տնտեսությունը ինչո՞ւ չի փլուզվում»,—ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս կողմից էլ հանրությունն ասում է՝ թալանվածն ինչո՞ւ բավարար տեմպերով հետ չի բերվում։ Կոռուպցիոն համակարգը հենց այնպես չի ստեղծվել, բազմաթիվ օրենքներ ու սահմանափակումներ են դրվել, որ մենք չկարողանանք հասանելիություն ունենալ եւ ամբողջական պատկեր տեսնել։ Պետք է հետաքննենք լիարժեք, բա ի՞նչ պետք է անենք։ Աղմուկ էլ թող չբարձրացնեն, այդ օրենքն ընդունվելու է»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կոռումպացված փողերը հետ են բերվելու պետական բյուջե եւ ծառայելու են Հայաստանի բանակին, անվտանգությանը, զինվորականների բնակարանային խնդիրների լուծմանը։ «Այն մարդիկ, ովքեր այդ խնդիրը պետք է վաղուց լուծած լինեին, փոխարենն իրենց եղբայրների ու փեսաների գրպաններն են լցրել ու «բանկային գաղտնիքի» հետեւում թաքնվել։ Դա, իհարկե, չի նշանակում, որ բոլորի բանկային գաղտնիքը բացվում է, մինչ այդ մի քանի զտումներ են դրված՝ դատախազություն, դատարան։ Անհիմն հո չենք կարող գնալ բանկային գաղտնիքի հետեւից։ Եթե դրա համար չլինեն հիմնավորումներ, մենք չենք կարող դա անել։ Կոռուպցիայի հետ չառնչված մարդկանց բանկային գաղտնիքը չենք կարող բացել»,–պարզաբանել է նա։
Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցում գնալու է ճշմարտության հետեւից։ ՀՀ վարչապետը Ամուլսարի խնդրի հետ կապված ձեւակերպել է իր եւ կառավարության ընդհանուր դիրքորոշումը։ «Մենք ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից, եւ ճշմարտությունը պետք է ինքը մեզ բերի այս կամ այն որոշման։ Եվ ճշմարտությունների առումով ես շատ կարեւորում եմ, որ նաեւ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ սիրված, հարգված իմ ընկերների կողմից։ Որովհետեւ, երբ որ որեւէ քաղաքացի որեւէ սարք է վերցնում եւ գնում որեւէ տեղ կանգնում եւ ասում է, որ հիմա ես ռադիացիան կչափեմ, եւ կպարզվի, որ այստեղ, չգիտեմ, ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում հիմա կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա։ Ինչո՞ւ եմ ասում դեպի հանք տանող ճանապարհները բացեք, որովհետեւ համարում եմ, որ Հայաստանում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, փաստացի կփակի ճանապարհները, եթե լինի ճանապարհները բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, երբ ասում են՝ կապ չունի, այսպես է լինելու, եւ վերջ, այլ ճանապարհ չկա։ Եթե որեւէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել, որովհետեւ կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն, բխեն օրենքից եւ Սահմանադրությունից»։
Վարչապետը խոսել է նաեւ ճանապարհաշինության ոլորտի մասին՝ նշելով, որ Հայաստանում ճանապարհների նորոգման ծրագրով արդեն ավարտվել է 62.7 կիլոմետր ճանապարհի վերակառուցում, իսկ 307 կիլոմետրի շինարարությունն ընթացքի մեջ է. «Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը։ Այս թվի մեջ չեն մտնում Երեւանում, Գյումրիում եւ մյուս համայնքներում նորոգված ճանապարհները։ Խոսքը հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհների մասին է»։
Ընդ որում, հատուկ շեշտադրվում է կատարվող աշխատանքների որակը։
«Այսօր Հայաստանում փաստացի որքան ճանապարհաշինարարական ներուժ կա՝ զբաղված է աշխատանքով։ Մենք հաճախ բանավիճում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, բայց փաստն այն է, որ Հայաստանում, որքան ճանապարհաշինարարական կարողություն կա, իրենց ապահովել ենք աշխատանքով ու գործով։ Մենք փաստեր ունենք, որ երբ մրցույթ ենք հայտարարում ճանապարհաշինարարության համար, եւ ոչ մի ընկերություն չի մասնակցում։ Ինչու, որովհետեւ այս տարի այնքան աշխատանք են ստանձնել, եւ դեռ հարց է՝ դա կկարողանա՞ն անել, թե՞ ոչ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ պլանավորել են հաջորդ տարի առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել։ Վարչապետը հույս հայտնեց, որ արտերկրում ճանապարահաշինարարություն իրականացնող մեր հայրենակիցներն այս հայտարարությանն արձագանքելով՝ կգան եւ Հայաստանում գործունեություն կծավալեն, մրցույթների կմասնակցեն։
«Մենք պատրաստվում ենք համապատասխան փոփոխություններ անել, որ որակյալ աշխատանքների երաշխավորություն չներկայացնող կազմակերպությունները մրցույթների մասնակցելու հնարավորություն չունենան»,–շեշտել է վարչապետը։
|