Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ—ակնարկների պրեմիերային։
«Կիլիկիա. առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է. այն ընդգրկում է թագավորության 300–ամյա պատմությունը։ Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին։
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչեւ գրաֆիկական եւ անիմացիոն լուծումներ։
Ֆիլմի պրոդյուսեր Սեւակ Սերոբյանի խոսքով՝ ընդամենը քսանհինգ րոպեում սեղմ ցույց են տվել իրենց կատարած աշխատանքը եւ այն, թե ինչ կարող են անել հետագայում։ «Եթե նախաձեռնենք ֆիլմի լիամետրաժ տարբերակը, դրանում տեղ չեն գտնի այն դրվագները, որոնք ներկայացված են կարճամետրաժ ժապավենում»,–նշել է պրոդյուսերը։ Նա շեշտել է, որ մեր պատմությունը շատ հզոր է եւ ճիշտ աշխատանքի դեպքում այն կարող է հետաքրքրել ամբողջ աշխարհին։ «Մենք առաջին անգամ այս ֆիլմով խոսում ենք թագավորության մասին, ոչ թե մեր ազգի ցավի ու լացի»,–եզրափակել է Սերոբյանը։
|