Ինչպե՞ս պետք է լուծվի պետական կառավարման որակի խնդիրը
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, Հայաստանի կառավարության առաջին ամենակարեւոր խնդիրը համարել է պետական կառավարման որակի բարձրացումը։
«Խնդիրը միշտ էլ եղել է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով պետական կառավարման որակին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը։ Պատգամավորի խոսքերով, պետական կառավարման որակն արդյունավետությամբ մասնավորին զիջում է։ Դա ինչ—որ իմաստով նորմալ է համարում ու միեւնույն ժամանակ նշում, որ պետական համակարգում անհրաժեշտ որակն ունենալու համար բարձր որակավորմամբ արհեստավարժ կադրեր են պետք ու կոռուպցիայի իսպառ բացառում։ Բայց դա երկար գործընթաց է համարում. «Ոմանք տարիներ առաջ կոռուպցիոն գործընթացով հայտնվել են պետական կառավարման համակարգում ու պաշտպանված են ինչ—որ օրենքներով։ Նրանք տասնյակ տարիներ կարող են աշխատել ու այդպես մնալ։ Բայց ինչ—որ տեղից սկսեցինք, որ իրական մրցույթների հիման վրա պետական կառավարման համակարգում հայտնվեն մարդիկ, որոնք ոչ թե ինչ—որ մեկի բարեկամն ու ծանոթն են, այլ ազնիվ, արդար մրցույթով են ընդունվել, համապատասխան գիտելիքներ ունեն»։ Իսկ այդ ամենին զուգահեռ՝ Պապոյանը նկատում է, որ պետք է փորձեն պետական կառավարման համակարգում աշխատավարձ բարձրացնել՝ ոլորտի մրցունակությունն ու գրավչությունը խթանելու համար։ Բանն այն է, որ լավագույն կադրերը, ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի, գնում են մասնավոր հատված՝ որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է։
Իսկ լավ ու վատ աշխատողների տարբերակմամբ հնարավոր գործազրկության առնչությամբ մեր զրուցակիցը նշեց. «Պետական կառավարման համակարգը չպետք է դիտարկենք որպես գործազրկության կրճատման վայր։ Եթե այդ տրամաբանությամբ լինի՝ եկեք մյուս գործազուրկներին պետական համակարգում ընդունենք աշխատանքի ու աշխատավարձ վճարենք»։ Ըստ նրա, պետք է մշակվեն KPI ցուցանիշներ։ Յուրաքանչյուր աշխատակից իր առջեւ պետք է ունենա ոչ միայն պարտավորություն, այլեւ արդյունավետության ցուցանիշներ՝ ինչ պետք է անի, որքան ժամանակում եւ ինչ արդյունք պետք է ստանա։ Եվ այդ ցուցանիշների հիման վրա պետք է գնահատվի։ Օրենսդիրի ներկայացուցիչն ասում է, որ եթե ցուցանիշները ապահովվում են բարձր մակարդակով՝ աշխատավարձն ավելի բարձր պետք է լինի, եթե չի կատարվում՝ համապատասխան պատժամիջոցներ, տուգանքներ, նկատողություններ պետք է գործեն, հարցը պետք է հասնի անգամ աշխատանքից հեռացմանը. «Այդ ժամանակ, ես կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի օպտիմալ ու արդյունավետ կաշխատի։ Հիմա դեռեւս իներցիայով է գնում։ Ավելին ասեմ՝ փոփոխություններին, որոնք փորձում ենք ներդնել, տասնյակ տարիներով եկած իներցիոն ուժերը փորձում են հակազդել»։
Խոսելով կողմնակի եկամտի մոտիվացիոն ուժի եւ դրա վերացման հետեւանքով համակարգում աշխատանքների դանդաղեցման մասին՝ նա ոստիկանության օրինակը բերեց։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նախկինում անընդհատ պտտվում էին փողոցներում՝ հույս ունենալով, որ օրինազանց վարորդներից մեկն իրենց կաշառք կառաջարկի. «Այդ մոտիվացիան կար, ու դրա հաշվին անազնիվ նպատակ հետապնդելով՝ խնդիրը լուծում էին։ Հիմա այդտեղ կոռուպցիա չկա։ Միեւնույն ժամանակ այդ մոտիվացիան վերացնելիս, հստակ արձանագրված KPI ցուցանիշների բացակայության պայմաններում, բնականաբար, դանդաղումներ կլինեն»։ Բայց մյուս կողմից էլ պատգամավորը կարծում է, որ աշխատանքի արդյունքը որոշակիորեն պետք է կախված լինի աշխատավարձից։ Միայն թե այդ դեպքում եւս որոշակի վտանգ է տեսնում այն առումով, որ հնարավոր է՝ մարդկանց տուգանեն, որպեսզի, օրինակ, տոկոսներ ստանան. «Հետեւաբար, հիմքում որոշակի արժեքային ցուցանիշներ պետք է դրվեն, օրինակ, այս փողոցի վրա նախորդ ամսվա ընթացքում եղել է, պայմանական, 6 վթար։ Հիմա մեքենաները ավելացել են, բայց անգամ այդ պայմաններում չպետք է լինեն 5—ը կամ 4—ը։ Ոստիկանը դա ապահովելու դեպքում պարգեւատրում է ստանում։ Այդ պայմաններում մենք ե՛ւ մոտիվացիա ենք տալիս, ե՛ւ գումար, եւ, բնականաբար, այդ ոստիկանը անընդհատ աշխատանքն է կատարելու, ուշադիր է լինելու»։ Նրա խոսքերով, արժեքային ցուցանիշներ պետք է բոլոր ոլորտներում դրվեն, որպեսզի տվյալ աշխատողն իմանա, որ Նիկոլ Փաշինյանի օրինակ բերած թղթապանակը չպետք է տեղում մնա։
Պետական կառավարման որակի բարձրացմամբ, Գ. Պապոյանը նշում է, որ առաջինը արագության խնդիրը կլուծվի. «Երբ խոսում ենք պետական կառավարման արդյունավետության մասին, ասում ենք, որ ամենակարեւոր խնդիրն արագությունն է»։ Պատգամավորի խոսքերով, որքան պետական կառավարման համակարգն արագ է աշխատում, այնքան տնտեսական աճի տեմպն արագ է լինում։
Իսկ այս պահի համար արձանագրում է. «Այն, որ խնդիրներ կան, բոլորն են ընդունում, եւ, իհարկե, մենք չենք թաքցնում դրանք»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am
|