Հայաստանի ազգային ագրարային եւ ԱՄՆ—ի Տեխասի A&M համալսարանների համատեղ ջանքերով ստեղծված ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հանդիսավորապես մեծ կյանք ճանապարհեց բակալավրերի 14—րդ եւ մագիստրոսների 4—րդ սերնդին։ ԱՈՒԿ—ը այսօր ոչ միայն հանրապետության, այլեւ տարածաշրջանի կայացած ու բարի համբավ վայելող ուսումնական հաստատություններից է (այստեղ սովորելու են գալիս նաեւ Վրաստանի Հանրապետությունից), որի 380 բակալավր եւ 47 մագիստրոս շրջանավարտները մրցունակ են, պահանջարկված՝ ե՛ւ երկրի, ե՛ւ դրսի աշխատաշուկաներում։ Երեկ այդ փաղանգին միացան եւս 20 բակալավր ու 18 մագիստրոս։
ՀԱԱՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանը, դիմելով շքահանդեսի մասնակիցներին, շեշտեց, որ ԱՈւԿ—ի դրական փորձը այսօր ներդրվում ու կիրառվում է այլ երկրներում։
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը։ Խորհրդանշական է, որ գյուղփոխնախարարը ԱՈւԿ—ի շրջանավարտներից է, ինչպես սիրում են ասել. «ԱՈւԿ ընտանիքից»։ Ընտանիք, իր ձեւավորված ու կայուն ավանդույթներով, ամրակայված փորձով, հմտություններով, ՀՀ տնտեսությանը անմնացորդ ծառայելու ու նպաստ բերելու վճռականությամբ համակված։ Նա հատուկ շեշտեց ԱՈւԿ—ի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող դոկտոր Դանիել Դանին։
Անշուշտ, Դանիել Դանի երախտիքի հետ պետք է փաստել նաեւ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Թարվերդյանի անձնական ներդրումը այս հրաշալի մտահղացումը 15 տարի առաջ կյանքի կոչելու, իրականության վերածելու հարցում։
Ջերմ ու քաջալերող էր ԱՄՆ—ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերի խոսքը, որ սկսեց հայերեն «ողջույնով» եւ խոստացավ, թե հաջորդ տարի հայերենի իմացությունն ավելի լավ կլինի։ Նրա երեք խորհուրդը հաստատապես կմտապահեն երիտասարդներն եւ հավատարիմ կմնան պատգամին. «Հիշեք, որ պատասխանատու եք ու պետք է ներդրում ունենաք ՀՀ տնտեսության զարգացման գործում»։
Ինչպես նախորդ բոլոր տարիներին, շրջանավարտների կյանքում այս կարեւոր հանգրվանի առիթով Երեւան էր ժամանել Տեխասի A&M պրոֆեսոր Ջոն Նիքըլզը։ Նրա հորդորները եւս կարեւոր են շրջանավարտների համար ու պատգամը. «ԱՈւԿ—ում սովորածը օգտագործեք ձեր եւ ձեր միջավայրի առաջընթացի համար»։
Շրջանավարտներին շնորհավորեցին նաեւ ագրարային համալսարանի ԱՈւԿ—ի տնօրեն Վ. Ուռուտյանը եւ մագիստրատուրայի բաժնի վարիչ Գ. Գասպարյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտները։ hhpress.am
Անի ԽՈւԴԱՎԵՐԴՅԱՆ
|