ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 18.12.2024, 05:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 26 » Մարզպետի ինստիտուտի կայացման ճանապարհին /Պետք է ընդլայնվի տեղական հանրաքվեների անցկացման շրջանակը/
10:09
Մարզպետի ինստիտուտի կայացման ճանապարհին /Պետք է ընդլայնվի տեղական հանրաքվեների անցկացման շրջանակը/

Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո բացակայում են մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը։ Այդ բացը լրացնելու համար ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է խորհրդարան։ Նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ նախագահի 1997 թվականի հրամանագրով։
Օրենքի նախագծի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանի հետ։ «Մարզպետի ինստիտուտի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան։ Եթե հաշվի առնենք, որ տարածքում գործող հանրապետական կառույցները, ինչպես օրինակ՝ ազգային անվտանգության տարածքային մարմինները չեն ենթարկվում մարզպետին, ապա անհասկանալի է դառնում «համակարգել» ասված եզրույթը։ Մարզպետը, որը հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ է, որեւէ լիազորություն չունի ժողովրդի կողմից ընտրված եւ առաջնային մանդատ ունեցող համայնքապետի նկատմամբ։ Ժողովրդավարության տրամաբանությամբ ընտրովի մարմինը կարող է ղեկավարել նշանակված մարմնին, այլ ոչ հակառակը»,— ասաց նա։
Նախկինում մարզպետների ինստիտուտի կարիքը զգացվում էր, որովհետեւ քաղաքական շահերից ելնելով նրանք ազդեցություն էին գործում ընտրական գործընթացների վրա։ Այսօր, երբ հայտարարում ենք ժողովրդավար երկիր լինելու մասին, արդեն այդ գործառույթը տեղ չպիտի ունենա։ Պատգամավորը նպատակահարմար է գտնում մարզպետի պաշտոնը նույնպես ընտրովի դարձնել, որպեսզի իրավական առումով հարաբերությունները ճիշտ կառուցվեն։
Խնդիրն առկա է եղել նաեւ նախկինում. համայնքապետերն ընտրվել են, իսկ մարզպետները՝ նշանակվել, սակայն մարզպետները հիմնականում քաղաքական իշխանության ազդեցությամբ են կառավարել, կամ այլ կերպ ասած՝ կիրառվել է ուժի իրավունքը, այլ ոչ թե իրավունքի ուժը։ «Նոր պայմաններում չեն կարող ուժի իրավունքը կիրառել։ Հասկանալի է, որ պետք է առաջնորդվել օրենքի վրա հիմնված աշխատելաոճով»,— ասաց Բագրատյանը։
Նախագծով մարզպետի թեկնածուին ներկայացվող պահանջները շատ չեն. այն է՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ մշտապես բնակվելու, ինչպես նաեւ հայերենի իմացությունը, որի հանգամանքը կարող է փաստել «ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը»։
Բավարա՞ր է արդյոք այսքանը մարզպետի պաշտոնում նշանակվելու համար։ Պատգամավորի համոզմամբ, մարզպետների, պատգամավորների եւ մյուս պատասխանատու պաշտոնների համար պետք է հստակեցվի պաշտոնի անձնագիրը, իսկ ցենզերի մասով ընդհանուր փոփոխության ենթարկվեն ներկայացվող պահանջները, հատկապես կարեւորելով կրթական ցենզը եւ աշխատանքային փորձի առկայությունը։ «Ինչպե՞ս կարող է նորավարտը, առանց աշխատանքային փորձ ունենալու, կատարել պատասխանատու աշխատանք։ Փորձի պակասը շատ անգամ պատուհաս է դառնում պետության համար։ Առաջիկայում պետք է անդրադառնալ այս հարցին, քանի որ հակառակ պարագայում շատ ենք թուլացնում այս ինստիտուտները»,— ընդգծեց զրուցակիցս։


Միավորումը պետք է լինի կամավոր
 

Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եւ հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանի կողմից շրջանառության մեջ է դրվել տեղական հանրաքվեի մասին եւ ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով համայնքների միավորման եւ բաժանման դեպքում համայնքի բնակչությունը կարող է նախաձեռնել տեղական հանրաքվե եւ արտահայտել հավաքական դիրքորոշում։ Մյուս նախագծով նախատեսվում է պարտադիր խորհրդարանական լսումներ անցկացնել յուրաքանչյուր համայնքային միավորման դեպքում։
Համայնքների միավորման դեպքում տեղական հանրաքվեի անցկացումը, բնականաբար, օրինաչափ եւ տրամաբանական է, քանի որ առաջնային կարեւորություն ունի համայնքների համաձայնությունը։ Բագրատյանը մատնանշեց նախկին սխալը, երբ համայնքները միավորվում էին կամայականորեն, դրանից հետո խնդիրներն ավելանում էին։ Իսկ կա՞ արդյոք անհրաժեշտություն ընդլայնելու եւ նշելու հարցերի այն շրջանակը, որոնց վերաբերյալ կարող են անցկացվել տեղական հանրաքվեներ։ Օրինակ՝ բնապահպանական հարցերի դեպքում ազդակիր համայնքները զրկված են իրենց վերաբերող որոշումների ընդունման վրա ազդեցություն ունենալուց, մինչդեռ ժողովրդավարության սկզբունքներից է բխում այն, որ համայնքն իրավունք ունենա տնօրինելու իր ճակատագիրը։ Այս առումով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում նշվում են այն սահմանափակումները, որոնց դեպքերում տեղական հանրաքվե չի կարելի անցկացնել, այնինչ ԱԺ պատգամավորի կարծիքով, կարելի է քննարկել եւ լրացնել օրենքը՝ նշելով, թե որ դեպքերում կարելի է անցկացնել տեղական հանրաքվե։ «Չեմ հիշում մի դեպք, երբ տեղական հանրաքվե անցկացրած լինենք։ Փաստացի օրենքի այդ կետը մնացել է թղթի վրա եւ չի կենսագործվել, հետեւաբար մենք պետք է այդ ինստիտուտը դարձնենք աշխատող»,— նշեց նա։
Տեղական հանրաքվեի ինստիտուտի կայացման համար միայն քաղաքական կամքի առկայությունը չի կարող բավարար լինել, քանի որ դրա բացակայությունը կվտանգի ինստիտուտի կայացումն ու զարգացումը։ Հայեցողական մոտեցում չցուցաբերելու համար պատգամավորն անհրաժեշտ է համարում այնպես մշակել օրենքը, որ անկախ տվյալ պահին իշխող քաղաքական ուժից՝ տեղական հանրաքվեի ինստիտուտը գործող դառնա։
Տարբեր հարցերի վերաբերյալ անցկացվում են ստորագրահավաքներ։ Տեղական հանրաքվեի անցկացման հիմքում նույնպես կարող է դրվել ստորագրահավաքը։ Զրուցակցիս կարծիքով, դրա համար պետք է ամրագրել ցածր թվեր, օրինակ՝ պայմանականորեն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոսի չափով։ Արդարացված չէ, երբ դժվարացվում է տեղական հանրաքվեի անցկացումը, ընդհակառակը՝ այն պետք է հնարավորինս պարզեցված լինի, ինչը կօգնի հանրային կարիքների սպասարկմանը։ «Եթե ընդհանուր շահերը չհամապատասխանեն, ապա հանրաքվեն բնականաբար կմերժվի։ Սակայն պետք է հնարավորություն տանք մարդկանց հարցը բարձրացնելու, ներկայացնելու, ապացուցելու համայնքին դրա կարեւորությունը»,— հավելեց նա։
Փորձը ցույց է տալիս, որ, բացի հարցը բարձրաձայնելուց, խորհրդարանական լսումներին որեւէ գործնական քայլեր չեն հետեւում։ Պատգամավորի խոսքով, խորհրդարանական լսումները չպետք է մնան անհետեւանք, այսինքն՝ ոչ միայն պետք է հարցը բարձրաձայնել, այլեւ կազմել հաշվետվություն եւ եզրակացություն, որը ենթակա կլինի կատարման կամ առնվազն ուղեցույց կհանդիսանա այն կողմի համար, որին վերաբերում է այդ հարցը։ «Խորհրդարանական լսումները կարգավիճակ պետք է ունենան»,— ընդգծեց Բագրատյանը։

 

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024