ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 25 » «...Մենք պատասխանատու ենք ապագայի համար» /Ասում է հայ ժողովրդի ուկրաինացի որդի Օլեքսանդր Բոժկոն/
09:21
«...Մենք պատասխանատու ենք ապագայի համար» /Ասում է հայ ժողովրդի ուկրաինացի որդի Օլեքսանդր Բոժկոն/

Այս ամսվա սկզբներին մի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, հայագետ Օլեքսանդր Բոժկոյի կյանքում։ Նրան հրավիրել էին Երեւան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում անցկացվող Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ համաժողովին մասնակցելու եւ այդ պատվավոր կազմակերպության «Կարպիս Փափազյան» հեղինակավոր մրցանակը հանդիսավոր պայմաններում շնորհելու առթիվ, մրցանակ, որով պարգեւատրվում են օտարազգի գործիչները՝ հայանպաստ ծառայության դիմաց։
Ուկրաինայի առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում (1996—2001թթ.), Ուկրաինայի գրողների միության քարտուղար, գրող, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն շնորհակալական խոսքից հետո հայտարարեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խնդիրը մտցված է Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքային գործընթաց, եւ որ ինքը ջանք չի խնայում, որպեսզի Ուկրաինան վերջապես անցյալ դարասկզբին կատարված այդ ոճիրը ճանաչի ու դատապարտի։
... Մենք նստած ենք Երեւանի Կոմիտասի արձանից ոչ հեռու, մարդաշատ սրճարաններից մեկում, եւ սուրճի գավաթի շուրջ զրույցի ընթացքում Օլեքսանդր Բոժկոն ասում է, որ ինքը հոգու եւ մտքի բոլոր թելերով կապված է Հայաստանի հետ եւ որ չէր կարող այս օրերին չգալ Երեւան ու հայ ժողովրդի հետ նրա ցավը չկիսել։ Եվ որ պարտք էր համարում Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի արարողություններին անպատճառ ներկա լինել։
«20—րդ դարի առաջին ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի չսպիացող վերքն է, այլեւ, ըստ իս, ամբողջ համաշխարհային հասարակայնության վերքը։ Աշխարհը մեղավոր է հայերի առաջ, որովհետեւ հեռավոր 1915 թվականին չի սանձահարել թուրք հանցագործներին, դեռ ավելին՝ 100 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ համաշխարհային մակարդակով դատապարտել այդ մեծ ոճրագործությունը որպես հանցագործություն մարդկության դեմ»,–ասաց Օլեքսանդր Բոժկոն։
Ինչ վերաբերում է իր հայանպաստ գործունեությանը, ապա ՀՀ—ում Ուկրաինայի նախկին դեսպանը (նա կրկին  Հայաստանում դեսպան է եղել 2005—2010 թվականներին) ասաց, որ իր հետ բերել է «Կիեւ» ամսագրի համարները, որոնցում տպագրված է 15—17—րդ դարերում գրված Կամենեցի հին հայկական տարեգրությունը, գրաբարից իր թարգմանությամբ, առաջաբանով եւ մեկնաբանություններով։ Եվ հիմա պատրաստվում է այդ գրքի երեք՝ գրաբար, ուկրաիներեն եւ ռուսերեն առանձին հրատարակությունը։ «Ես այդ գործն անում եմ այլ երկրներում Կամենեցի նշանավոր տարեգրությունը հանրաճանաչ դարձնելու նպատակով, որովհետեւ, իմ կարծիքով, դա մեզ հասած կարեւոր գրական եւ պատմական հուշարձաններից է եւ առաջին անգամ է թարգմանվում»,–ասաց հայագետը։
Տարեգրությունը գրվել է միջնադարում, ուկրաինական Կամենեց—Պոդոլսկ քաղաքում, հայկական մեծ, հարուստ, մարդաշատ եւ բարգավաճ գաղութում, որն իր կարեւորությամբ զիջում էր գուցե թե միայն Լվովի հայկական համայնքին։ Տարեգրությունը գրվել է մի քանի դարերի ընթացքում եւ մեզ է հասել հայ հայտնի բանագետ Ղեւոնդ Ալիշանի (1820—1901թթ.) շնորհիվ։ Նա այդ տարեգրությունը տպագրել է պատմական փաստաթղթերի «Կամենից» ժողովածուում 1896 թվականին, Վենետիկում։
Տարեգրության ուկրաիներեն թարգմանությունը տեւել է ամիսներ, Օլեքսանդր Բոժկո թարգմանչի՝ Մատենադարանում ժամեր անցկացնելով՝ տարեգրությանն առնչվող բազում մանրամասներ պարզելու նպատակով։ 
Դառնալով Հայոց ցեղասպանության թեմային, ուկրաինացի հայագետը հայտնեց, որ պատմական արխիվներն ուսումնասիրելիս ի հայտ է բերել մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են անցյալ դարի 20—ական թվականներին ուկրաինական իշխանությունների կողմից Արեւմտյան Հայաստանից փախած հայերին լայն օգնություն՝ օթեւան եւ աշխատանք տրամադրելու փաստի մասին, նաեւ այն համոզմունքը հայտնելով, որ ուկրաինացի ժողովուրդը քաջատեղյակ է 20—րդ դարի այդ սոսկալի ողբերգությանը եւ, անշուշտ, դատապարտում է այն, թեեւ, ցավոք, Ուկրաինան դեռեւս պաշտոնապես չի ճանաչել ու դատապարտել այդ եղելությունը։ «Բայց ես կարծում եմ, որ դա լոկ ժամանակի հարց է, եւ վաղ թե ուշ այն տեղի կունենա»,–ասաց նա։
Օլեքսանդր Բոժկոն սերտ համագործակցության մեջ է Ուկրաինայի հայկական համայնքի հետ։ Կիեւի բաժանմունքի մի խումբ ակտիվիստների՝ Կիեւի հայկական համայնքի ինտերնետային կայքի հիմնադիր Սամվել Ազիզյանի, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանի, Կիեւում լույս տեսնող «Արագած» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Ժենյա Ծերունյանի, Տարաս Շեւչենկոյի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Սալոմե Ենգիբարյանի եւ այլոց հետ համատեղ կանոնավորապես անցկացնում է հայագիտական հանձնաժողովի նիստեր, հայ—ուկրաինական հարաբերություններին նվիրված գիտաժողովներ, միջոցառումներ, որոնց աշխատանքում ներգրավում է ուկրաինացի գիտնականների, մշակույթի ներկայացուցիչների, գրողների եւ հասարակական գործիչների։
Այդ միջոցառումներից շատ կարեւոր մեկը վերջերս ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսն էր՝ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Գերագույն ռադայի պառլամենտական գրադարանում, որին ներկա են եղել արվեստի, գրականության եւ գիտության ճանաչված դեմքեր, նաեւ զրուցակիցս՝ Օլեքսանդր Բոժկոն։ Գերագույն ռադայի գրադարանում ցուցահանդեսն անցկացնելը ոչ առանց հատուկ նպատակի էր։ Այն մեկ անգամ եւս պետք է ուկրաինական պառլամենտի ուշադրությունը հրավիրեր Հայոց ցեղասպանությունը Ուկրաինայի կողմից պաշտոնապես ճանաչելու խնդրի վրա, բացի դրանից, այն պետք է նշանավորեր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ, Խարկով, Օդեսա եւ այլ խոշոր քաղաքներում Հայոց ցեղասպանության 100—ամյակի կապակցությամբ մի շարք կլոր սեղանների անցկացման մեկնարկը, որոնց խնդրո առարկան Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է լիներ եւ այդ երկրի լայն հասարակությանը պատմական այդ իրադարձությանը տեղյակ պահելը։
Օլեքսանդր Բոժկոն նաեւ տեղեկացնում է, որ Ուկրաինայում հայտնի պատմաբան, ուկրաինական Սովասպանդը հետազոտող Ստանիսլավ Կուլչիցկու հետ ունեցած մի հանդիպման ժամանակ ինքը միտք է տվել նշանավոր գիտնականին Հայոց ցեղասպանության մասին Ուկրաինայի կենտրոնական թերթերից մեկի համար հեղինակավոր մի հոդված պատրաստել, եւ պարոն Կուլչիցկին պատրաստակամություն է հայտնել։ Այդ գիտնականի՝ ուկրաինական Սովասպանդին նվիրված աշխատությունը՝ «Ինչու էր նա մեզ ոչնչացնում» վերնագրով, հայերենով լույս է տեսել Երեւանում։
Օլեքսանդր Բոժկոյի հայանպաստ աշխատանքի գործուն մասնակիցն է նաեւ իր տիկինը՝ հայուհի, զանգեզուրցի Ռաիսա Ղարագյոզյանը, բնագրից ուկրաինական գրականության առաջին թարգմանչուհին։ Մի երկու տարի առաջ ամուսինների համատեղ աշխատանքով Երեւանում լույս տեսավ ուկրաինացի դասական մեծ գրող Միխայլո Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» վիպակը։ Գրքի առաջաբանի հեղինակը գրականագետ Օլեքսանդր Բոժկոն է, որն այնտեղ երկու մեծերի՝ ուկրաինացի Կոցյուբինսկու եւ հայորդի Սերգեյ Փարաջանովի յուրօրինակ «հանդիպման» առեղծվածն է մանրակրկիտ վերլուծում։ Փարաջանովը իր նշանավոր համանուն՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը բեմադրել է Կոցյուբինսկու այդ ցնցող վիպակի հիման վրա։
«Չնայած տխուր տարելիցի առիթով եմ եկել Հայաստան, բայց հայաստանյան յուրաքանչյուր այց ինձ նոր լիցք է տալիս։ Հայաստանի իմ կարոտը խոր արմատներ ունի, որոնք 1960—70—ական թվականներում են, երբ ես՝ զուգահեռաբար Կիեւի եւ Երեւանի պետական երկու համալսարանների ուսանող եւ ասպիրանտ էի ու գրաբար էի սովորում Վազգեն Գեւորգյանի մոտ, իսկ հայոց լեզու՝ Լուսինե Մաքսուդյանի ղեկավարությամբ։ Կիեւում ես միշտ զգում եմ Հայաստանի, հայոց լեզվի ու հայ մշակույթի, իմ վաղեմի բարեկամների, մեր ավագ ընկերների կարոտը, որովհետեւ մենք երեւի անցյալի հետ կապող այն կամուրջն ենք, որով պիտի առաջ ընթանա նոր սերունդը։ Մենք՝ «ծերերս» պարտավոր ենք լինել նոր սերնդի կողքին, որովհետեւ մենք պատասխանատու ենք ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի ու ապագայի համար։ Իսկ այդ ներկան ու գալիքը մենք պիտի կերտենք բարի կամեցողությամբ։ Ահա, դրա համար ես այսօր այստեղ եմ։ Ու նաեւ եկել եմ լրացնելու իմ հայկական թթվածնի պակասը, որ զգում եմ Երեւանից հեռու գտնվելիս...»,–ասում է Օլեքսանդր Բոժկոն։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024