ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 23 » Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի /Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ մանրամասներ/
11:40
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի /Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ մանրամասներ/

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում մի համակարգ էլ է ավելացել՝ ջրային տնտեսությունը, եւ նախարար Աշոտ Մանուկյանը Երեւանի ՋԷԿ—ի (հնի) վարչական շենքում երեկ հրավիրած մամլո ասուլիսում այս երեք ոլորտներից էլ խոսեց։ Նա մանրամասն ներկայացրեց, թե վերջին 1 տարում (2016թ. սեպտեմբերի 1—ից  2017թ. օգոստոսի 30—ի ժամանակահատված) ինչ քայլեր են ձեռնարկվել այս 3 ոլորտներում։ «ՀՀ»—ն այս երեք ոլորտներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում է պահել (հանքարդյունաբերության մասին էլ վերջերս հոդվածաշարով հանդես եկանք), ուստի չենք մանրամասնի եւ հիմնականում կխոսենք էներգետիկական ոլորտից։
Ըստ այդմ, Լոռու մարզի Դեբեդ գետի վրա կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» ՀԷԿ—ը։ Վերականգնվող էներգետիկայի մասով մի խնդիր էլ է լուծվել. գործադիրի հավանությանն արժանացած՝ արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ։ 2017 թ. ապրիլի 28—ին հայտարարվել է «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են 10 ընկերություն եւ կոնսորցիում։ Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017 թ. աշնանը։ Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. սկզբին, եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արեւային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին։ «Ըստ տրամադրված լիցենզիաների՝ փոքր (մինչեւ 1 ՄՎտ) հզորությամբ 11 արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանները գտնվում են կառուցման փուլում։ Դրանց գումարային հզորությունը կազմում է 10 ՄՎտ»,–նկատեց նախարարը։
Բացի այս՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչեւ 150 կՎտ հզորությամբ 131 ինքնավար էներգարտադրողների այս տարվա սեպտեմբերի 1—ի դրությամբ տրվել են տեխնիկական պայմաններ, որից 89—ը (գումարային 1,126 ՄՎտ հզորությամբ) արդեն միացել են ցանցին։
Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկայի հողմայինի ճյուղին. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իրանական «Մապնա» ընկերության հետ ՀՀ—ում 50 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների համար ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ։ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գտնվող՝ մինչեւ 1250 հա, առանց մրցույթի՝ վարձակալության հիմունքներով տրամադրվել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերջինիս կողմից հողմային էներգիայի կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։ Նախատեսվում է կառուցել մոտավորապես 130 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայան։ Մեկ այլ փոխըմբռնման հուշագիր ստորագրվել է իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ՀՀ—ում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ։ Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մեր երկրում 100—150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում։
Վերականգնվողի մեկ այլ ճյուղի՝ երկրաջերմային էներգետիկայի մասով էլ նկատենք, որ ՀՀ—ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում «Կարկառ» կոչվող հարթակում ավարտվել են 2 նեղ հորատանցքերի հորատման աշխատանքները։ Ներկայումս նշված կայանի կառուցման ծրագրի համար ընթանում են բանակցություններ՝ հնարավոր ներդրողների ներգրավման նպատակով։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի կողմից հորատման արդյունքների մասին հաշվետվությունները տրամադրվել են երկրաջերմային էներգիայի ոլորտում մոտավորապես 50 խոշոր միջազգային կազմակերպությունների։
Աշոտ Մանուկյանը խոսեց նաեւ Երեւանի ՋԷԿ—ից ու ՀԱԷԿ—ից։ Նա տեղեկացրեց, որ ՋԷԿ—ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ՋԷԿ—ի կառուցման հիմնարկեքի արարողությունը, եւ մեկնարկել է ՀԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագիրը։ Այդ շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում լիազորված կազմակերպությունների միջեւ սահմանված կարգով կնքվել են ծառայությունների մատուցման մասին 31 պայմանագրեր եւ ներկայացվել են ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը։
Ասուլիսում նախարարը նաեւ էլէներգիայի արտադրության, սպառման, ներմուծման ու արտահանման տվյալները ներկայացրեց։ 2017թ. հունվար—օգոստոսին արտադրվել է 5123,1 մլն կՎտ.ժ էլէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4804,8 մլն կՎտ.ժ էլեկտրական էներգիայի դիմաց, կամ աճը կազմել է 6,6 տոկոս։ Էլէներգիայի արտահանումը կազմել է 954,9 մլն կՎտ.ժ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 868,7 մլն կՎտ.ժ—ի դիմաց, աճը կազմել է 9,9 տոկոս։ 2017 թ. հունվար—օգոստոս ամիսներին սպառումը նույն ժամանակաշրջանի ներքին շուկայում կազմել է 4117,6 մլն կՎտ.ժ՝ նախորդ տարվա 3841,3 մլն կՎտ.ժ—ի դիմաց, կամ աճը կազմել է 7,2 տոկոս։ Իսկ բնական գազի ներկրումը կազմել է 1512.7 մլն խմ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1242.9 մլն խմ—ի դիմաց, աճը կազմել է 21.7 տոկոս։

ԱԷԿ—ի փակման մասին խոսք չկա ՀՀ—ԵՄ կնքվելիք համաձայնագրում

Քանի որ ԵՄ—ի հետ համաձայնագրի կնքմանն ընդառաջ Մեծամորի ատոմակայանի թեման կրկին ակտիվացել է, լրագրողները ցանկացան նախարարից պարզաբանում ստանալ՝ ԱԷԿ—ը փակվելո՞ւ է, թե՞ ոչ. եւ նման խնդիր ԵՄ—ն մեզ առաջադրե՞լ է, թե՞ ոչ։
Նախարարը նախ ասաց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա։ «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,– հավելեց Աշոտ Մանուկյանը։
«ՀՀ»—ի թղթակիցը նախ ցանկացավ հասկանալ, թե արդյո՞ք խնդրահարույց է նոր ԱԷԿ—ի կառուցումը, եւ թե գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուց հետո ինչքա՞ն այն կաշխատի՝ հաշվի առնելով, որ ժամանակին 15—20 տարի էր նշվում համապատասխան ցուցանիշը։
Նախարարն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ։ Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի՝ հավելելով, որ բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի։ «Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում։ Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք գիտականորեն հիմնավորված եւ ՄԱԳԱՏԷ—ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատականը, թե եւս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը։ Երկու տարվա ընթացքում մենք կունենանք նաեւ փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները ու կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»,–շեշտեց Մանուկյանը։
«Այսինքն՝ դուք հավաստիացնու՞մ եք, որ կառավարության դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան». «ՀՀ»—ի այս հարցին էլ ի պատասխան նախարարը հստակ շեշտադրում արեց. «Այո, անփոփոխ է»։ Այնուհետեւ, թյուրըմբռնումներից խուսափելու համար երկրորդեց, թե բազմիցս հայտարարել են եւ շարունակում են հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ։ Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս եւ այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ ու հուսալի շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի եւ փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ «Սա ակնհայտ է, սա կառավարության դիրքորոշումն է, որովհետեւ ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է»,– ընդգծեց Աշոտ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուց հետո բլոկի աշխատանքի ժամանակահատվածին, ապա դա դեռեւս հստակ ասել չեն կարող. «Ըստ ժամանակացույցի՝ հայկական ատոմակայանի գործող 2—րդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ 2020 թվականը, եւ միայն դրանից հետո պարզ կլինի, թե որքան պաշար ունի եւ քանի տարի կարող է շահագործվել հայկական ատոմակայանի երկրորդ բլոկը»։

Էլէներգիան ոչ կթանկանա եւ ոչ էլ կէժանանա

Քանի որ ԱԷԿ—ի գործող բլոկի շահագործման ժամկետը պետք է երկարացվի, հասկանալի է, դա ԱԷԿ—ի աշխատանքի կանգ է նշանակում որոշակի ժամանակահատվածում։ Այս պարագայում արդեն հասկանալի են սակագնի բարձրացման մասին հարցերը։ «Համենայնդեպս, ես սակագնի բարձրացման նախադրյալներ չեմ տեսնում»,–ասաց նախարարը։ Միաժամանակ հավելեց, սակայն, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է անկախ մարմինը՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովը։
Աշոտ Մանուկյանը նկատեց նաեւ, որ եթե կառավարությունը փորձի միջամտել էլեկտրաէներգիայի սակագների ձեւավորմանը, ապա կխաթարվեն երկրում տնտեսական քաղաքականության հիմքերը։ «Դա է պատճառը, որ մենք ստեղծել ենք անկախ մարմին։ Սակագների կարգավորումն անկախ մարմնի բացառիկ իրավասությունն է, որովհետեւ միայն անկախ արբիտրը կարող է համակշռել երեք իրարամերժ տեսակետներ՝ դրամավարկային քաղաքականության, հարկաբյուջետային քաղաքականության եւ սպառողի տեսակետները։ Այսինքն՝ այդ հարցի վերջնական եւ սպառիչ պատասխանը կարող է տալ միայն եւ միայն հանձնաժողովը։ Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ,–կրկնեց նախարարը,– ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»։
Խոսելով հակառակ՝ էլէներգիայի սակագնի նվազման հնարավորություններից՝ բանախոսը պարզաբանեց, թե մեզ մոտ ամենաթանկ էլեկտրաէներգիան տալիս է «Հրազդան» ՋԷԿ—ը, ամենաէժանը՝ Հայաստանի ատոմակայանը։ Մենք անցած տարի սկսել ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որը ենթադրում է 2018թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառ՝ 6 ամիս ժամկետով եւ 2019թ.՝ 6 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ սա նշանակում է, որ 2018 եւ 2019 թվականներին մենք սակագների վրա հսկայական ճնշում կունենանք։ Ատոմակայանը, որը սովորաբար տարվա ընթացքում կանգնում է 40—45 օր, առաջիկա երկու տարիներին կանգնելու է վեց ամիս ժամկետով։ Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որպեսզի մենք կարողանանք փոխել կարեւոր հանգույցները, արդիականացնել բլոկն ու իրականացնել հետագա շահագործումը։ Եվ առաջիկա երկու տարիներին, ունենալով այդ ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուղղակի հնարավորություն չկա խոսել սակագնի նվազման մասին։


Ինչո՞ւ է Հայաստանը հապաղում արեւայինի հարցով
 

Մասնագետներն ասում են, որ Հայաստանն արեւային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի։ Այդ դեպքում ինչո՞ւ ոլորտին ամբողջական զարկ չի տրվում։ Աշոտ Մանուկյանն ասաց, որ ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով նպատակահարմար չէ եւ ներկայացրեց պատճառները։
«Բանն այն է, որ այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արեւային էներգիա օգտագործելու արեւային ժամերին։ Այսինքն, արեւը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արեւը մայր մտավ, մենք էներգիա չունենք։ Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արեւային կայան, իսկ դա դժվար չէ եւ շատ թանկ չի արժենում։ Հիմա արեւային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արեւը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան։ Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են։ Այսինքն՝ գազային կայանները՝ տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ—ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը եւ չստանալ էլեկտրաէներգիա։ Ցերեկային ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արեւային կայանը փոխարինենք գազային կայանով։ Այս դեպքում ստացվում է, որ արեւային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ։ Սա է պատճառը, որ մենք այսօր արեւային էներգետիկային զարկ չենք տալիս»,–բացատրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը։
Այդ դեպքում ինչո՞ւ են այլ երկրները գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը՝ ոչ։ Նախարարի խոսքերով՝ դրա բացատրությունն էլ եւս շատ պարզ է. «Մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է, մեր սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կՎտ.ժ։ Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող է կլանել 70 ՄՎտ արեւային էլէներգիա՝ ոչ ավելի։ Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք («Մասրիկ—1»—ի մասին վերեւում նշվել է,—Ա.Մ.)»։
Ի դեպ, նախարարը երեկվա ասուլիսում աշխարհում էներգետիկ ոլորտի նորամուծություններից էր խոսում (50, 100 ՄՎտ—անոց մոդուլային ռեակտորներով ԱԷԿ—ներ եւն) եւ համապատկերում օրինակ բերեց, թե Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 ՄՎտ հզորությամբ արեւային կայան՝ կուտակիչ մարտկոցներով։ «Մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է,–նկատեց նա,–եւ մենք կարողանում ենք ստանալ արեւային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել։ Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է։ Ավստրալիայում այդ արեւային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին։ Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա։ Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն եւ առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի ու հասանելի կդառնա»։ Ա. Մանուկյանը միաժամանակ հավելեց, թե այդ ժամանակ էլ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արեւային էներգիան Հայաստանում, իսկ արեւային էներգիան Հայաստանում գործնականում անսահմանափակ է։ «Մենք սկզբունքորեն ունենք գրեթե անսահմանափակ արեւային էներգիայի պաշարներ»,–եզրափակեց նախարարը։
Միով բանիվ, թե ե՞րբ Հայաստանում արեւային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, ի պատասխան նախարարը համառոտեց. «Առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 ՄՎտ արեւային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում»։


Կգնենք այն գազը, որն էժան է
 

Հայաստանը ե՞րբ կունենա այլընտրանքային գազ։ Այս հարցը եւս հետաքրքրում էր լրագրողներիս։ Ի պատասխան նախարարը նկատեց, թե Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, եւ շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է։
Իրանից գազի ներկրման հարցը մշտապես քննարկվել է, քննարկվել է Իրանի նախագահի Հայաստան այցի ժամանակ, նաեւ ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ժամանակ եւ օրակարգային է մնում։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ գազ չենք գնում Իրանից. լրագրողներն անդրդվելի էին։ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելը ճիշտ չէ, իսկ Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի այդ ծրագրի գոնե մի մասից։ «Գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ, երկու, երեք տարվա համար։ Այդ պայմանագրերը պետք է լինեն երկարաժամկետ։ Մենք մեր բոլոր պայմանագրերը կնքում ենք տասնամյակների համար։ Իրանի հետ այսօրվա մեր ծրագիրը՝ էլէներգիա գազի դիմաց, ասացի արդեն, շատ շահավետ է, եւ այն պետք է շարունակվի»,–ասաց Աշոտ Մանուկյանը։ Եվ, այո, ասել, թե չենք գնում, ճիշտ չէ, որովհետեւ օգոստոսին, երբ վրացական մասում գազատարի հետ կապված գործ էր արվում, մենք մեր բնակարաններում իրանական գազն էինք վառում։
Իսկ ընդհանուր առմամբ, 2019թ. շահագործման կհանձնվի Հայաստան—Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան եւ ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։ Ու, նախարարի խոսքերով, այն ծավալը, որ մենք կներկրենք այս գործարքի շրջանակում, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը։ Իրան—Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում։ Իսկ որպեսզի ձեռնտու լինի Իրանից լրացուցիչ գազի գնումը, դրա համար, ըստ նախարարի, այդ գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազը։ «Դա նույնիսկ տեսականորեն բացառված է։ Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինը ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից»,–ասաց նախարարը։
Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա. գիտենք, որ Իրան—Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում եւ այնտեղ պետք է գազի այնպիսի ճնշում ապահովել, որ հնարավոր լինի այդ գազը հասցնել Վանաձոր ու Գյումրի։ Իսկ իրանական կողմում, ըստ Աշոտ Մանուկյանի, այդպիսի կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը։ Ասել կուզի՝ եթե նույնիսկ այսօր մենք այդ գազը վերցնենք էլ, ապա ֆիզիկապես չենք կարող հասցնել Վանաձոր ու Գյումրի։
Ի դեպ, նախարարի հավաստմամբ, իրանական եւ ռուսական գազերի միջեւ ջերմատվության տարբերություն կա։ Ռուսական գազի ջերմատվությունը ակնհայտորեն շատ ավելի բարձր է իրանական գազից։ «Հաշվի առնելով նաեւ այս գործոնները՝ մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը ցածր լինի ռուսական գազի գնից»,–նկատեց Աշոտ Մանուկյանը։


Մի փոքր էլ՝ բնական ու ջրային պաշարներից
 

Խոսելով բնական պաշարների ոլորտում արվածից՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը նկատեց, որ 2017թ. հունվար–սեպտեմբերին օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունները 143.6 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում են արել։ Այդ ամիսներին արդյունահանված հանքաքարի ծավալը կազմել է 21.6 հազար տոննա, որը թեեւ համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրված ապրանքային արտադրանքն աճել է շուրջ 29. 68 տոկոսով։ Աճել են նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռոյալթիի վճարները՝ շուրջ 85 տոկոսով։ 2017թ. հունվար—օգոստոսին հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, ինչի արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 548 հազ. խմ պաշարներով, իսկ 2016 թ. նոյեմբերին հաստատվել են մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում մետաղային օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռն ավելացել է 2.2 մլն տ հանքաքարով։
Ինչ վերաբերում է ջրային պաշարների ոլորտին, ապա նախարարն ասաց, որ դրանք ամբարելու լավագույն միջոցը ջրամբարաշինությունն է, բայց այս հարցում գուցե «փիլիսոփայության» փոփոխություն պետք է լինի, այն է՝ մեծ եւ մի քանի ջրամբարների փոխարեն կառուցել փոքրերն ու ավելի շատը։ Այդպիսով, ռելիեֆով պայմանավորված՝ հնարավոր կլինի ավելի շատ ջուր ամբարել։ Ինչեւէ, մեկնարկել են 29 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագրերը։ Ավարտվել են Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքային, ելքային հարակից լանջերի մաքրման աշխատանքները։ Մշակվել է Արմավիրի մարզում 10.2 մլն խմ ծավալով, 4384 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը։
ԵԶԲ աջակցությամբ իրականացվող (50 մլն դոլար) ոռոգման համակարգերի արդիականացման վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկել է Արարատյան դաշտում եւ նախալեռնային գոտում մեխանիկական ոռոգման 8 ինքնահոս համակարգերի մայր եւ միջտնտեսային ջրանցքների վերականգնման աշխատանքների նախագծման մրցութային գործընթացը։ Միաժամանակ իրականացվում են նաեւ Գառնի մայր ջրանցքի եւ Գառնիի, Հացավանի համայնքների ներտնտեսային ցանցի շինարարական աշխատանքները։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 424 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024